Այսօր առավոտյան Ազգային Ժողովում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողները ՀԱՊԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ երեւանյան նիստի ընթացքում ընդունվել է բանաձեւ, որում նշված են ՀԱՊԿ անդամ երկրների առջեւ ծառացած մարտահրավերները. բանաձեւում բացակայում է ԼՂՀ-ի մասին հիշատակումը, որ Ադրբեջանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար եւ հայաստանյան պատվիրակությունը նիստի ընթացքում չի բարձրացրել այդ հարցը:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ տեղեկատվությունը ճիշտ չէ: «Հարկավոր է խնդիրը ներկայացնել ՀԱՊԿ խնդիրների համատեքստում Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Հարավային Կովկասի կոլեկտիվ անվտանգության խնդիրներն ուղղակիորեն առնչվում են Հայաստանի անվտանգության հետ: Այլ մոտեցում չի կարող լինել»,- ասաց Խոսրով Հարությունյանը`հավելելով, որ Ադրբեջանի սպառնալիքները բացառապես պայմանավորված են Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված սպառնալիքներով, եւ մենք ոչ մի կերպ չենք կարող անտեսել այդ սպառնալիքները, ոչ միայն Ադրբեջանի կողմից նկատվող:
«Ոչ միայն արտառեգիոնալ խաղացողներն են սպառազինում Ադրբեջանը, այլեւ ՀԱՊԿ անդամ պետությունները, ուստի մենք այսօր զրուցել ենք նաև հենց այդ թեմաներով: Խոսել ենք Թուրքիայի կողմից Հայաստանի բլոկադայի մասին՝ որպես ռեալ սպառնալիք ՀԱՊԿ անվտանգության համակարգին: Նպատակը եղել է շատ պարզ`մեր գործընկերներին փորձել ներկայացնել այն ռեալ սպառնալիքները, որոնք կապված են գուցե Հայաստանի անվտանգության հետ, բայց իրականում ռեալ սպառնալիք են կոլեկտիվ անվտանգության համակարգին ներկայացվող համակարգին»,- ասաց Հարությունյանը` հակասելով իր ռուս գործընկերոջ արած այն հայտարարությանը, որ այդ խնդիրները դեռ նախատեսվում է քննարկել :
Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ առավոտյան նիստում այդ հարցերի մասին խոսել են եւ կա պայմանավորվածություն, որ այս քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը`ՀԱՊԿ քարտուղարության եւ մեր պատվիրակների մասնակցությամբ, կմշակի վերջնական այն փաստաթուղթը, որի մեջ ընդգրկված կլինեն բոլորիս համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը: «Ամենաէականն այն է, որ քննարկման ընթացքում այս խնդիրները դարձել են հիմնական առանցքային թեմա: Խոսքը գնացել է նաեւ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու մասին, որ Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է»,- վստահեցրեց բանախոսը`հավելելով, որ կլինի ՀԱՊԿ հայտարարությունն այն մասին, որ որևէ փորձ՝ կոնֆլիկտների կարգավորումը իրականացնել ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի տակ, պետք է դիտարկել որպես հավաքական անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:
Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ նիստի աշխատանքային լեզուն եղել է ռուսերենը, ինչն էլ հարուցել է հայ պատգամավորների վրդովմունքը: Խաչատուր Քոքոբելյանն անգամ կոչ է արել`հարգել ՀՀ Սահմանադրությունը, ինքն էլ իր ելույթն ունեցել է հայերենով:
Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքային լեզուն ռուսերենն է, ու միայն այդ պատճառով են աշխատանքներն իրականացվել ռուսերենով, իսկ Քոքոբելյանի ելույթն ինքն անձամբ է թարգմանել ու դրանում խնդիր չի տեսնում: Մամուլի ասուլիսը նույնպես ռուսերենով էր`առանց թարգմանության: Այս առիթով լրագրողների հարցերին էլ նա պատասխանեց, որ խնդիրը զուտ տեխնիկական է, բայց ինքը դրանում որեւէ արտառոց բան չի տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ