«Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»,- այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում 2014 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման դժգոհությամբ սկսեց իր խոսքը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը` միտում տեսնելով նրանում, որ իր ելույթը կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի նախարարների ելույթից հետո են պատգամավորները լսում:
Նիստը վարող պատգամավոր Արտակ Դավթյանը պազաբանեց, որ ըստ հերթականության են լսում նախարարներին: «Դուք ամենավերջինը չեք, ձեզանից հետո երկու նախարար էլ կա, պարոն Վարդանյան»: Սակայն Յուրի Վարդանյանը չբավարարվեց այս պատասխանով: Նա շարունակեց. «Սրանից հետո ինձ կգցեք առաջ, որովհետև բոլոր գերատեսչությունները սպորտի հետ կապված են»:
Յուրի Վարդանյանն իր ելույթի ժամանակ փորձում էր ուղղություն ցույց տալ պատգամավորներին, ովքեր հարցեր էին հնչեցնում: Արտակ Դավթյանը դարձյալ միջամտեց՝ նախարարին հորդորելով պահպանել կարգը եւ նկատողություն արեց. «Ես և պարոն Մինասյանն ենք նիստը վարում, թույլ տվեք մեր լիազորությունները մենք իրականացնենք, դուք մի խանգարեք»:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Յուրի Վարդանյանը դժգոհեց, որ եթե ուզում են ոլորտի ֆինանսավորման, փողի մասին խոսել, ինքը պատրաստ է բաց խոսել: Ու խոսեց բաց. «Երբ ես նոր ստանձնեցի իմ պաշտոնը, մի շաբաթ հետո կլրանա վեց ամիսը, հանրապետության ղեկավարի հետ ունեցած իմ զրույցում ես ասել եմ, որ իմ համար գերխնդիրն այն է, որ մենք մեր երկրում ունենանք նյութատեխնիկական բազաներ և ունենանք դրանց պատշաճ իրավիճակ: Բայց այսօր անմխիթար վիճակում են գտնվում մեր մարզաբազաները, սա է իրավիճակը»:
Վերջում Յուրի Վարդանյանը Ազգային ժողովից խնդրեց, որ մեկն իրեն ուղեկցի, որպեսզի լրագրողները հարցեր չտան: «Էս լրագրողները հարցեր են տալիս: Ելնելով իմ շուրջբոլորը ընթացող խոսակցություններից՝ ես ասեմ, որ ոչ մի խնդիր չունի ոչ տղաս, ոչ էլ ես: Ու էդ հարցերով խնդրում եմ ինձ էլ չդիմեք»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Այնուամենայիվ լրագորղները փորձեցին նախարարին հարցեր ուղղել, Յուրի Վարդանյանն ասաց. «Ընդեղ նիստի ժամանակ բերանս կապեցին ու ուղարկեցին ըստեղ»: Դիտարկմանը, որ իր տղան զբաղվել է թմրամիջոցների ապօրինի ներկրմամբ, ասաց. «Էդ ձեր կարծինք է, որ զբաղվում է»: Նա նաև ասաց, որ եթե իր տղային անօրինական կալանավորած լինեին, «հիմա ընդեղ չէր լինի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ