«Հայաստանում մինչև հիմա 10-ից միայն 1 հուշարձան է ուսումնասիրված»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ մեր հասարակությունը «զլանում է սրբազան հայրենիքի կածանները տրորել». «Մեքենայի ճանապարհ չկա, պետք է ոտքով կիլոմետրեր հաղթահարել, իսկ մենք չենք քայլում, ինչի պատճառով էլ շարունակում ենք անհաղորդ մնալ մեր մշակութային կարևորագույն ժառանգությանը»,-ասում է հուշարձանագետը:
Ներկայացնելով «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» հետ Տավուշի և Լոռու մարզերում կատարված ուսումնասիրությունների արդյունքները` Ս. Կարապետյանն ասաց, որ Ջիլիզա գյուղի տարածքում չբացահայտված բազում հնավայրեր, հուշարձաններ, խաչքարեր կան: Այդտեղ եղած 10 հնավայրերից մինչև հիմա միայն մեկը` Չախալաբերդն է բացահայտված: Իսկ Ոսկեպար գյուղի տարածքում չբացահայտված հնավայրերի թիվը հասնում է մոտ 20-ի, որոնցից միայն մեկն է բացահայտված` Ոսկեպարի եկեղեցին: Ս. Կարապետյանի խոսքերով` այստեղ կան երկու վանական համալիրներ` առաքելական և քաղկեդոնական, բերդեր, 300-ից ավելի հուշարձաններ և այլն:
Կարևորելով դպրոցահասակ երեխաների մասնակցությունը մշակութային ժառանգության ճանաչման գործընթացներում` հուշարձանագետ Ս. Կարապետյանն ասաց. «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում մեր` «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամին (ՀՃՈՒՀ) հնարավորություն ընձեռվեց ՀՀ մի քանի բնակավայրերի հանրակրթական չորս դպրոցներում ձևավորված ակումբների աշակերտության մասնակցությամբ իրականացնելու հայրենագիտական բովանդակությամբ բազմաթիվ հանդիպումներ, ինչպես նաև համատեղ արշավներ դեպի իրենց իսկ բնակավայրերի մերձավորությամբ գտնվող պատմական հուշարձաններ, որի ընթացքում դպրոցականները ծանոթացան տվյալ հուշարձանի պատմությանը և ձեռք բերեցին միջնադարյան վիմագրեր վերծանելու որոշակի գիտելիքներ: Աշակերտները նաև իրենց մասնակցությունը բերեցին մի շարք հուշարձանների չափագրման, ինչպես նաև հնավայրերի տարածքների մաքրման աշխատանքներին»:
Բանախոսը նկատեց նաև, որ ՀՀ տարածքում գործում են շուրջ 1500 հանրակրթական դպրոցներ, իսկ «SOS մշակույթ»-ն իր կրթական ծրագրերին կարողացել է մասնակից դարձնել միայն 4 դպրոցներում (Ալավերդի և Ախթալա քաղաքներ, Բերդավան և Վարագավան գյուղեր) ստեղծված ակումբների աշակերտությանը: «Մինչդեռ համանման ծրագրեր անհրաժեշտ է իրականացնել բոլոր կրթօջախներում: Սա արդեն պետական հոգածության խնդիր է»,-ընդգծեց հուշարձանագետը:
Ս. Կարապետյանի համոզմամբ` Հայաստանից արտագաղթի պատճառները միայն տնտեսական չեն. «Այստեղ նաև հայրենաճանաչության խնդիր կա: Եթե հայրենաճանաչ լինեն, կլինեն նաև հայրենասեր: Անվիճելի ճշմարտություն է, որ մարդը ճանաչողությամբ է կապվում, սիրում, նվիրվում: Ահա թե ինչու է այդքան կարևոր, որ վաղվա մեր հասարակության անդամն այսօր` հենց դպրոցական տարիքում, արշավների մասնակցելով` տեսնի հայրենի բնությունը, շփվի, զգա այն, այցելի պատմական հուշարձաններ, մասնակցի թե՛ դրանց որմերում աճած խոտն ու թուփը քաղել-մաքրելուն, թե՛ գոնե հնավայրերի տարածքից կենցաղային աղբի հավաքման-մաքրման գործին, որի պակասը, ի դեպ, չի զգացվում մեր հայրենիքի ողջ տարածքում: Այս ամենին զուգակցելով հայրենագիտական և բնապահպանական թեմաներով դասախոսությունների շարքը` կարծում ենք, որ այսօր կարելի է կերտել վաղվա ցանկալի հայրենատեր հասարակությունը, քանի որ աղբ չի թափի նա, ով աղբ է հավաքել, հուշարձան չի փչացնի նա (օրինակ` անունը որմերին գրոտելով), ով մի ժամանակ դժվարությամբ մաքրել է ուրիշների գրածները և այլն»,-համոզված է Սամվել Կարապետյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ