Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միության վերաբերյալ փաստաթուղթը»

Հոկտեմբեր 30,2013 15:19

Այս հարցն ուղղեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ վստահեցնելով, որ ԵՄ-ի հետ ասոցացումը չէր ենթադրում ազատ առեւտրի գոտի ունենալու անհնարինություն ՄՄ-ի հետ:

– Պարոն դեսպան, որոշ հայ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, թե իբր Լեհաստանն ու Շվեդիան լավագույն ուղեկիցները կամ մոդերատորները չեն ԵՄ քաղաքականության հարցում նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ, իրենց՝ իբր հակառուսական դիրքորոշման պատճառով: Ի՞նչ կասեք այս մեղադրանքների առիթով: Օրինակ՝ վերջերս ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարեց, թե ՌԴ-ն պետք է Հայաստանում ձեւավորի «ռուսամետ էլիտա», նա կարծում է, որ Արեւմուտքը մեծ աշխատանք է տանում հակառուսական տրամադրությունների ձեւավորման հարցում, եւ ՌԴ-ն պետք է դրան հակադրի ինչ-որ բան: Ճիշտ չէ՞ր լինի, եթե ԵՄ այլ երկրներ ղեկավարեին Արեւելյան գործընկերության գործընթացը:

– Արեւելյան գործընկերության ծրագիրը, որը պայմանականորեն կարելի է անվանել ԵՀՔ գումարած (ENP+) Եվրոպական հարեւանության ծրագիր, հանդիսանում է ԵՄ անդամ 28 երկրների ընդհանուր, համատեղ քաղաքականությունը: Հենց Լեհաստանն ու Շվեդիան Արեւելյան գործընկերության իրենց նախաձեռնությամբ ավելացրեցին այդ արժեքը՝ դրան գումարելով, ինչը որակապես տարբերում է ԵՀՔ-ն ԱԳԾ-ից, եւ որը Նոր Արեւելյան Եվրոպայի երկրների առջեւ հնարավորություններ ու հեռանկարներ է բացում, ինչը ԵՄ-ի հետ համագործակցող այլ երկրներ նախկինում չեն ունեցել: Հավանաբար, պատահական չէր, որ ԱԳԾ-ն ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Շվեդիան, ապա Լեհաստանը անդամակցեցին ԵՄ-ին՝ հարստացնելով եվրոպական ժողովրդավարական հանրույթը Արեւելյան Եվրոպայի իրենց գիտելիքներով, իրենց պատմական պատասխանատվության եւ համերաշխության տեսլականով:

Ինչ վերաբերում է հակառուսականության երեւակայական պնդումներին, եթե այդպիսիք կան… Իմ կարծիքով՝ դրանք ի հայտ են գալիս փաստերի չիմացության արդյունքում, ինչը ինքնին, իհարկե, գովելի չէ, բայց հնարավոր է ուղղել: Իսկ փաստերը իմ երկրի վերաբերյալ հետեւյալն են՝ Լեհաստանը չորրորդ խոշորագույն երկիրն է՝ ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության չափերով, որպես ԵՄ երկիր՝ Գերմանիայից, Իտալիայից եւ Նիդերլանդներից հետո: Լեհաստանը Շենգենյան գոտու միակ երկիրն է, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են այցելել առանց վիզաների: Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ միասին Լեհաստանը ԵՄ-ում ունի ամենաճյուղավորված ինստիտուտների ենթակառուցվածքները ՌԴ-ի հետ: Նույնիսկ այսպիսի աննշան, բայց բավական պերճախոս փաստ է այն, որ Լեհաստանը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որտեղ ՌԴ-ի ԱԳ նախարարը մասնակցել է դեսպանների խորհրդակցությանը՝ որպես պատվավոր հրավիրյալ:

Ի՞նչ հակառուսականության մասին է խոսքը… Ես չեմ ցանկանում մտածել, որ նրանք, ովքեր պնդում են լեհական երեւակայական հակառուսականության մասին, դա անում են նենգ դիտավորությամբ, թեեւ, իհարկե, նման շահարկումները ակնհայտորեն չեն բխում ո՛չ Լեհաստանի, ո՛չ Հայաստանի շահերից, էլ չեմ խոսում՝ լեհ-ռուսական կառուցողական հարաբերությունների զարգացման շահերի մասին:

Իհարկե, չեմ ուզում մտածել, որ Լեհաստանին հակառուսական գործունեության մեջ մեղադրում են այն բանի համար, որ մենք հետեւողականորեն եւ անշահախնդրորեն աջակցել ենք այլ երկրների անկախությանն ու ազատ ընտրության իրավունքին, Նոր Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների ձգտումներին՝ ապրել ժողովրդավարության եւ բարեկեցության պայմաններում, զարգանալ աշխարհընկալման եւ տարածաշրջանի ապագայի նկատմամբ սեփական պատկերացումներով: Ինչպես կոմունիզմի շրջանում Լեհաստանի դեմոկրատական ուժերը չէին ընդունում Բրեժնեւի դոկտրինը, այնպես էլ այսօրվա Լեհաստանը չի ճանաչում եւ չի ընդունում կանոնական-հավերժական տարածքների քաղաքականությունը:

– Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ Հարավային Կովկասի համար Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ բավական կոշտ պայքար է գնում, համամիտ չե՞ք:

– Ես չէի օգտագործի «պայքար» բառը, միգուցե տարբեր արժեհամակարգերի, տարբեր ինտեգրացիոն համակարգերի մրցակցություն: Գոյություն ունեն արժեհամակարգի որոշակի ցուցիչներ: Որոշները կարծում են, որ ավելի լավ է զարգանալ ավտորիտար ռեժիմներում՝ կենտրոնացված տնտեսության, առնվազն ուժեղ կենտրոնացած իշխանության եւ խարիզմատիկ առաջնորդի առկայությամբ: Միաժամանակ նշում են Սինգապուրի արդիականացման եւ զարգացման հաջող օրինակը: Կա այլ համակարգ, որի համաձայն՝ մեջբերեմ ՌԴ նախագահին՝ «ազատությունն ավելի լավ է, քան անազատությունը», «ընտրությունն ավելի լավ է, քան ընտրության բացակայությունը»: Այն ամենը, ինչ եվրոպական մայրցամաքում՝ սկսած Հին Հունաստանից մինչեւ ժամանակակից ԵՄ, ի հայտ է եկել, մեկ օրում չի ստեղծվել, փորձարկվել է դարերով՝ իր իսկ սխալներով, եւ լավ, թե վատ գործում է ներկայիս հասարակական, պետական մոդելներում: Այս ամենը մենք անվանում ենք եվրոպական արժեհամակարգ: Այս համակարգը գործում է՝ չնայած երբեմն դժվարություններ լինում են: Այն, ինչ մենք անվանում ենք եվրոպական արժեքներ, դրանք միայն ժողովրդավարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայությունը եւ դրա իրականացման ինստիտուտները չեն, այլ նախ եւ առաջ անձի, անհատի իրավունքի հիմնարար նշանակությունն է: Դրա համար էլ, իհարկե, համաձայն չեմ, երբ սա մերժում են, դա ուղղակի չիմացության կամ դիտավորության հետեւանք է:

Այո, ես կարող եմ ձեզ հետ համաձայնվել, որ գուցե ոչ թե պայքար, այլ մրցակցություն այս երկու արժեհամակարգերի միջեւ կա, այո, այդպես է: Ցանկացած ժողովուրդ կարող է ընտրություն կատարել, թե ինչպես է ուզում ապրել: Մենք առաջարկում ենք այն, ինչը արդյունավետ աշխատել է: Դուք վերջերս մեկնել էիք Լեհաստան եւ տեսել եք, թե ինչպիսին էր այսօրվա Լեհաստանը: Եթե դուք քսան տարի առաջ լինեիք Լեհաստանում, ապա կզգայիք տարբերությունը. այն ակնհայտ է: Չնայած բոլոր դժվարություններին, որոնք կան, եւ բոլորն ունենում են, առաջընթացը ակնհայտ է, եւ նկատի չունեմ միայն բարեկեցությունը, այլեւ ինստիտուցիոնալ, ենթակառուցվածքների զարգացման առումով, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների ազատության առումով։ Այդ իսկ պատճառով, երբ լեհերն ու չեխերը ասում են, որ կարելի է հասնել այս ամենին, դրանք ընդամենը խոսքեր չեն, այլ համոզմունք է՝ սեփական օրինակով, որ այդ ամենին իսկապես կարելի է հասնել: Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ հենց իմ երկիրը Շվեդիայի հետ առաջ քաշեց Արեւելյան գործընկերության ծրագիրը: Մինչ այդ նման բան չէր եղել, եւ համարձակվում եմ եզրակացնել, որ, եթե չլիներ լեհ-շվեդական նախաձեռնությունը, բացի Հարեւանության ծրագրից՝ այլ նախաձեռնություն չէր ծնվի:

– Պարոն Ռաչինսկի, իշխանությունները հայտարարում են, թե Ասոցացման համաձայնագիրը մնում է ՀՀ-ԵՄ բանակցությունների սեղանին: Այս մասին օրեր առաջ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նաեւ նշեց, որ պաշտոնական Երեւանը աշխատում է փաստաթուղթը «իրավական առումով նորոգելու ուղղությամբ»: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ աշխատանք է տարվում, եւ խոսքը ի՞նչ փաստաթղթի մասին է:

– Իմ երկրի դիրքորոշումը Հայաստանի եւ ԵՄ-ի հարցում հստակ է, բաց ու մշտական. Լեհաստանը աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի ամենամոտ եւ ամենասերտ հարաբերություններին, որոնք կունենան այնպիսի ձեւ եւ իրավական հիմք, ինչը Հայաստանը ցանկանում է եւ կարող է ունենալ: Իհարկե, մեր տեսանկյունից Հայաստանի համար, որը ունի բաց եւ ազատական տնտեսություն, որը հասել է շատ բանի եւ հաջողությամբ ավարտել է բանակցությունները ԵՄ-ի հետ՝ Ասոցացման, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման հեռանկարների եւ ազատ առեւտրի խորացման շուրջ, օպտիմալ որոշում կլիներ զարգացնել տնտեսությունն ու արդիականացնել երկիրը ԵՄ-ի հետ ասոցացման շրջանակներում:

Լեհաստանը գործի դրեց իր հեղինակությունն ու քիչ ջանք չի թափել, որպեսզի համոզի ԵՄ-ի իր գործընկերներին այս մոտեցումները ընդունելի դարձնելու հարցում: Բայց քանի որ Հայաստանը որոշեց ընտրել ինտեգրացիայի այլ մոդել, մենք միանգամայն հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ազատ ընտրությանը եւ ԵՄ այլ երկրների եւ Եվրահանձնաժողովի հետ կփնտրենք միջոցներ եւ որոշումներ, որոնք կարձանագրեն այն ամենը, ինչին հասել ենք, եւ Հայաստանի ու ԵՄ-ի սերտ համագործակցության նոր իրավական հիմքեր կգտնենք:

Ինչպե՞ս կկոչվի նոր համաձայնագիրը՝ այդ հարցը բաց է մնում, այն կարող է կոչվել Ասոցացման համաձայնագիր: Կարեւորը ոչ թե համաձայնագրի անվանումն է, այլ բովանդակությունը, որպեսզի այն համապատասխանի Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների ձգտումներին, որոնք ցանկանում են ԵՄ-ի հետ ասոցացման մեջ տեսնել: Այսինքն՝ ոչ թե ինչ-որ մի դատարկ փաստաթուղթ, այլ գործիք, ճանապարհային քարտեզ՝ եթե ցանկանում եք, երկրում արդիականացման եւ վերափոխման համար: Ահա ինչն է հիմնականը: Հայտնի տեխնիկական եւ իրավական պատճառներով ներկա իրավիճակում չի կարող ընդունվել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հուլիսին համաձայնեցված Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱԳ-ը: Ես արդեն երկու տարի է, ինչ նշում եմ երկու տարբեր կարգավորիչ համակարգերի՝ Ասոցացման համաձայնագրի եւ ԽՀԱԱԳ-ի ու Մաքսային միության անհամատեղելիությունը այն վիճակում, որոնք այսօր գոյություն ունեն: Եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ է այս ակնհայտ փաստի արձանագրումը երբեմն մարդկանց նյարդայնացնում: Բայց այն, ինչ այսօր անհնար է, գուցե վաղը միանգամայն հնարավոր լինի…

Ինչ վերաբերում է, թե ինչպես կանվանվի փաստաթուղթը՝ թարմացված, թե արդիականացված, ի վերջո՝ կարեւոր է այն, որ հասկացություն կարող են ունենալ տարբեր բովանդակություններ: ԵՄ Ասոցացման համաձայնագրեր ստորագրվել են տարբեր երկրների, մասնավորապես՝ Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ, բայց դրանք միանգամայն այլ ասոցացման գործընթացներ էին, նրանք չունեն ոչ նման տնտեսական բաղկացուցիչ, ոչ էլ վիզաների դյուրացման հարց են ներառում: Այն, ինչ կար եւ կարծում եմ՝ մնում է Հայաստանի հետ բանակցությունների սեղանին, այլ բան էր, քանի որ ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագիրն ու ԽՀԱԱԳ-ն արդեն համաձայնեցված էին, եւ բանակցություններն ավարտված էին: Այսինքն՝ դա արդեն ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման ճանապարհային քարտեզ էր, որը չի եղել, օրինակ, Մարոկկոյի դեպքում, որի հետ ԵՄ-ն նոր միայն սկսում է բանակցել ազատ առեւտրի գոտու շուրջ: Մինչդեռ Հայաստանի եւ մյուս երկրների հետ արդեն միանգամից էր դա առաջարկվում:

Հայաստանը եւ Արեւելյան գործընկերության մյուս երկրները ԵՄ-ի եվրոպական հարեւաններն են, որոնք աշխարհագրորեն եւ մշակութային առումով ավելի մոտ են ԵՄ երկրներին, դրա համար էլ նրանց առաջարկվել է ինտեգրացիայի նման բարձր աստիճան: Եթե համաձայնագրի տնտեսական մասը կտրում-հանում ես, մնում է քաղաքական ծանրակշիռ մասը՝ առանց այդ ճանապարհի: Հայկական կողմը մշտապես հայտարարում էր, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը Հայաստանի համար երկրի արդիականացման ուղին է: Եվ հիմա ինձ համար նույնպես, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես պետք է շարունակվի գործընթացը: Իսկ այն, որ Ասոցացման համաձայնագիրը մնում է օրակարգում, կիսում եմ այդ կարծիքը, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԵՄ-ն որեւէ տեղ չեն գնալու, մնալու են որպես հարեւաններ, եւ համագործակցության շուրջ պետք է ստեղծվի համատեղ գործողությունների պլատֆորմ: Որքան խորը պետք է արդիականացվի այդ համաձայնագիրը՝ կախված է լինելու հայկական կողմից, քանի որ մենք չգիտենք, թե ինչ պարտավորություններ է Հայաստանը ստանձնելու՝ հայտարարելով, որ պատրաստ է անդամակցել Մաքսային միությանը:

Ի դեպ, ԵՄ-ի հետ ասոցացումը բնավ էր չէր ենթադրում ազատ առեւտրի գոտի ունենալու անհնարինություն՝ Մաքսային միության հետ: Իսկ հակառակը, ինչպես Մինսկում ուղղակիորեն նշեց նախագահ Պուտինը, անհնար էր: ԵՄ-ն չի ասում, որ անհնար է ասոցացվել ԵՄ-ի հետ եւ միաժամանակ ազատ առեւտրային հարաբերություններ ունենալ ԱՊՀ երկրների հետ: Մենք ասում ենք, որ հնարավոր չէ համատեղել երկու կարգավորող ռեժիմները՝ այստեղ կան այսպիսի մաքսեր եւ հարկեր, այնտեղ՝ այլ, այստեղ այս ճանապարհատրանսպորտային կանոններով, այնտեղ՝ այլ, այսինքն՝ դա տեխնիկապես հնարավոր չէ համատեղել:

 

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում կոչերին՝ հրապարակել Ասոցացման համաձայնագրի տեքստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավական շահարկումներ հնչեցին: Օրինակ՝ ասվում էր, թե ՌԴ-ն դեմ չէ ԵՄ-ՀՀ համագործակցությանը, այլ դեմ էր, որպեսզի Հայաստանն իր ինքնիշխանության մի մասը զիջեր ԵՄ-ին՝ այդ համաձայնագիրը ստորագրելով: Պարոն դեսպան, այդպիսի վտանգ կա՞ր, եթե ՀՀ-ն ընդուներ Ասոցացման համաձայնագիրը:

– Գիտեք, դրանք իսկապես շահարկումներ են, որոնց նպատակը հետին թվով կասկածներ սերմանելն է մի բանում, ինչի համար հիմքեր բացարձակապես չկան: Նախ՝ խնդրի տեխնիկական հարցից սկսենք՝ համաձայնագրի հրապարակումը: Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կհրապարակվեր նախաստորագրումից հետո: Ինչո՞ւ ոչ ավելի վաղ… Որովհետեւ նախաստորագրումից մինչեւ ստորագրում անցնելու էր գրեթե մեկ տարի, եւ այդ ընթացքում հասարակությունը կհասցներ ծանոթանալ եւ տեսակետ հայտնել: Ի դեպ, նախաստորագրվող փաստաթուղթը դեռ հիմնական տեքստը չէր, այլ այն դեռ փոփոխությունների էր ենթարկվում, մշակվում էր, եւ այդ տրամաբանությունից ելնելով՝ ամեն օր նոր փոփոխությունները պետք է հրապարակվեին մինչեւ նախաստորագրումը, ինչը անիմաստ կլիներ:

Ինչ վերաբերում է համաձայնագրի բովանդակությանը, ապա դա Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի վերաբերյալ ինչ-որ աշխարհաքաղաքական համաձայնագիր չէ, այլ ընդամենը կարգավորող տնտեսական համաձայնագիր է, թե ինչպես պետք է ազատ առեւտուր անել, եւ ինչ հեռանկարներ են սպասվում Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Իսկ շահարկվող վերոնշյալ հարցերը, դժբախտաբար, թե բարեբախտաբար, առհասարակ չեն շոշափվում: Համաձայնագրում չեն եղել կետեր նաեւ դեպի տիեզերք համատեղ թռիչքներ իրականացնելու, ինչպես նաեւ Անտարկտիկայի գրավման մասին: Մյուս կողմից՝ իսկ դուք տեղյա՞կ եք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միության վերաբերյալ փաստաթուղթը… Այն հրապարակվե՞լ է…

– Ռուս որոշ փորձագետներ կարծիք են հնչեցնում, թե Հայաստանը Մաքսային միությանը պետք չէ, սակայն նրանք համոզմունք են հայտնում, որ Հայաստանը հայտարարեց ՄՄ-ին միանալու մասին ՌԴ-ի ճնշման ներքո: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ գնաց ՀՀ-ն այդ քայլին, այնուամենայնիվ՝ եղե՞լ են հայկական կողմի նկատմամբ ճնշումներ:

– Երկու կարծիք կա. պարոն Ֆյուլեն Եվրախորհրդարանում իր ելույթում միանշանակ հանդես եկավ ընդդեմ նրա, որ երրորդ երկրները ճնշումներ գործադրեն Արեւելյան գործընկերության անդամ երկրների նկատմամբ՝ ստիպելով նրանց այս կամ այն որոշումն ընդունել: Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ որեւէ ճնշում չի եղել: Մենք այդպես էլ ընկալում ենք: Ելնելով այս հայտարարությունից՝ ես ընդունում եմ, որ Հայաստանը կայացրել է այդ որոշումը՝ կշռադատելով, ոչ հանպատրաստից, այն օրակարգային հարց է եղել եւ բանակցությունների առարկա՝ երկար ժամանակ, որ ամեն ինչ հաշվարկված էր, եւ որ այդ որոշումը Հայաստանին իրական շահ կապահովի, նախեւառաջ՝ տնտեսական առավելություններ: Խոսում եմ տնտեսական ասպեկտների մասին, քանի որ անվտանգության հարցերը Հայաստանը կարգավորում է ՀԱՊԿ եւ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում: Ինձ հայտնի չեն այլ հաշվարկներ, բայց ես տեղյակ եմ մեր փորձագետների ուսումնասիրություններին, որոնց համաձայն՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ընդունումը ՀՀ-ի հետ կհանգեցներ Հայաստանի արտադրանքի ընդհանուր աճի, ՀՆԱ-ի շուրջ երկու-երեք տոկոսով տարեկան աճի, այսինքն՝ շուրջ տարեկան 150 միլիոն եվրո: Բայց ամենակարեւորը, ինչը իմ հայ գործընկերներն էին վստահեցնում, դա ԵՄ Ասոցացման համաձայնագրով երկրի արդիականացման արագացված ճանապարհի ապահովումն էր, ինչը թվային ցուցանիշներով չի կարելի չափել, սակայն պատմական հեռանկարի առումով՝ ակնհայտ էր:

ԵՄ-ն յուրահատուկ կազմակերպություն է: Այն ոչ միայն աշխարհի ամենահզոր տնտեսական միավորումն է, այլեւ ավելի վաղ պատմության ընթացքում մեզ չհանդիպող ամենատարբեր ոլորտներում պետությունների փոխգործակցության մի մեխանիզմ: Չնայած առկա խնդիրներին՝ այն աշխատող մեխանիզմ է: Մաքսային միությանն այսօրվա դրությամբ մաս են կազմում երեք երկրներ՝ Բելառուսը, Ղազախստանն ու Ռուսաստանը: Իհարկե, դժվար է այս երկրների ժողովրդավարության մակարդակը գնահատել, քանի որ ես այդ երկրներում չեմ աշխատում, բայց համարձակվում եմ ենթադրել, որ այդ մակարդակը ավելի բարձր չէ, քան ԵՄ երկրներում: Կարծում եմ նաեւ, որ ներքին խնդիրները, հասարակության զարգացման առումով, ավելի լավ կարգավորվում են ԵՄ երկրներում, քան ՄՄ անդամ երկրներում:

Այս կամ այն ուղղությունը ընտրելիս մենք ընտրություն ենք կատարում ոչ միայն այսօրվա տնտեսական շահի, այլ զարգացման հեռանկարների միջեւ: Գիտեք, ԵՄ-ի հետ մերձենալու որոշում կայացնելը ռիսկային է, դա չեմ թաքցնում, որովհետեւ դա ենթադրում է հսկայական ջանքերի գործադրում երկրի ներսում, վճռականություն, տեսլական: Գուցե ավելի անվտանգ է մնալ այնտեղ, որտեղ կաս։ Բայց նոր բարձունքներ նվաճում է նա, ով առաջ է գնում: Այնպես որ՝ դա հեշտ ընտրություն չէ: Հոգեբանական տեսանկյունից ես գիտակցում եմ հասարակության կողմից ֆրուստրացիան, քանի որ որոշակի հույսեր, սպասումներ կային այստեղ, սակայն պատմական ընթացքը չի հաշվվում ամիսներով, դա ավելի երկար ընթացք է, եւ իսկապես ամեն ինչ մնում է սեղանին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    կոռուպցիայի մեջ թաղված չեխերի անունը գոնե չտաիր, պարոն դեսպան:
    իկս հակաՌւուսաստանյան բարբաջանքը ու արևելքի հանդեպ քծնանքը դարերով լեհ բյուրոկրատի արյան մեջ է նստած:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031