Շուրջ կես ժամ տեւած քննարկումներից հետո՝ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսն այսօր 64 կողմ եւ 1 դեմ ձայներով ընդունեց Երեւանի ավագանու անդամների ընտրության վերաբերյալ բանաձեւն ու հանձնարարականը: Երկու փաստաթղթերի վերաբերյալ էլ չէր արվել փոփոխության որեւէ առաջարկ: Քննարկման ընթացքում էլ ելույթ ունեցան միայն 4 հոգի :
Սակայն նախ ձայն տրվեց զեկուցողին, որն ավագանու ընտրություններում ԵԽ Կոնգրեսի պատվիրակությունը ղեկավարած Սթյուարթ Դիքսոնն էր (լուսանկարում): Նա կրկնեց զեկույցում առկա իրենց գնահատականները, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեխնիկապես լավ էին կազմակերպված եւ այլն: Սակայն նաեւ հավելեց, թե իրենց առաջարկը, որ միայն 15 ընտրողի թույլատրվի միաժամանակ մտնել ընտրատեղամաս՝ առաջացրեց հերթեր:
Ըստ Սթյուարթ Դիքսոնի՝ իրենց ամենակարեւոր հանձնարարականն այժմ վերաբերում է ընտրացուցակներին՝ մասնավորապես, դրանցում հաշվառված բոլոր անձանց ներգրավվածությանը: Նա որպես «ֆանտոմային ձայներ» բնորոշեց այն, որ մարդիկ գտնվում են հաշվառման մեջ, բայց չեն բնակվում տվյալ հասցեում. «Մինչդեռ տեղական հարցերը պետք է լուծվեն մարդկանց կողմից, որոնք բնակվում են տվյալ տարածքում»:
ԵԽ կոնգրեսի պատվիրակության ղեկավարը նաեւ անհրաժեշտ համարեց, որ իշխանությունները քննեն ընտրակաշառքի եւ ճնշումների մասին պնդումները՝ նշելով, թե դիտորդները եւս տեսել են ընտրատեղամասերի մոտ կանգնած մարդկանց: Ի դեպ, նաեւ նշեց, թե համոզվածություն չկար, թե ովքեր էին այն մարդիկ, որոնք ներկայանում էին իբրեւ տեղական դիտորդներ:
Կարդացեք նաև
ԵԽ Կոնգրեսի դիտորդական առաքելությանը միացել էին Եվրոպական միության տարածաշրջանների կոմիտեի 3 անդամներ: Նրանցից մեկը՝ Դորին Հադդարտը ելույթով հանդես եկավ ու պատմեց, որ Երեւանում իրեն մոտենում էին մարդիկ եւ ասում՝ իմ աղջիկը քանի տարի է Ֆրանսիայում է, բայց դեռ ընտրացուցակում է, իմ կինը մահացել է, բայց ընտրացուցակում է:
ԵՄ դիտորդն առանձնացրեց, որ չեն լուծվում ընտրատեղամասերը հաշմանդամների քվեարկությանը հարմարեցնելու հարցերը: Եվ տարօրինակ համարեց պատասխանը իր հարցին, թե ինչու քվեարկություն չի կազմակերպվել շրջիկ քվեատուփով, ինչպես ինքը ներկայացրեց՝ «հաշմանդամների տանը»: Նրան պատասխանել են, թե սա «կոռուպցիայի տեղիք կտա»:
Դորին Հադդարտն ամենաշատը քննադատեց ձայների հաշվարկը՝ նշելով, թե այն ամենավատ բանն էր, որ տեսել է անցած 13 տարիներին. «Անկազմակերպ էր՝ էքսցենտրիկ, ոչ իրազեկ մարդիկ էին»:
Ընդհանուր քննարկմանը մասնակցած ելույթ ունեցողներից առաջինը ռուս պատվիրակ Վսեվոլոդ Բելիկովն էր, որը կարեւորեց այն փաստը, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների համեմատ՝ այս անգամ ավելացել էր ընտրություններին մասնակցության թիվը: Ռուս պատվիրակը նաեւ առկա պատկերն արտացոլող անվանեց ՀՀԿ արձանագրած արդյունքները՝ դրանք գնահատելով տրամաբանական:
Դիտորդական առաքելությանը մաս կազմած Սլովենիայից պատվիրակ Մաթեյ Գոմբոսին խոսեց ընտրական համակարգի նկատմամբ վստահության մասին՝ նշելով, թե այս առնչությամբ Հայաստանի իշխանությունները աշխատանքի ասպարեզ ունեն:
Ելույթ ունեցավ նաեւ ԵԽ կոնգրեսում մեր պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը, որն, ինչպես ավելի ուշ գնահատեց Սթյուարթ Դիքսոնը՝ «էլեգանտ ձեւով» համաձայնեց արված հանձնարարականներին:
Հիշեցնենք, որ հանձնարարականները մասնավորապես վերաբերում են ընտրատեղամասերում ֆոտո եւ տեսանկարահման, նաեւ ձայների հաշվարկի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործման հնարավորության սահմանափակմանը:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ստրասբուրգ
«Անկազմակերպ էր՝ էքսցենտրիկ, ոչ իրազեկ մարդիկ»:
Եվրոպայից էլ է լավ տեսանելի հայերի գլխաոր խնդիրները: