«Ես որտեղի՞ց իմանամ էտի: Ինքն ինձ մոտ աշխատում ա, շատ լավ էլ երիտասարդ տղա ա, շատ լավ էլ աշխատում ա»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խոսքը համայնքապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժինը ղեկավարող Վարդան Զաքարյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի 22-ամյա որդու մասին է, որ արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին: Մեր տարակուսանքին՝ այդքան երիտասարդ, անփորձ ու ընդամենը մեկ ամիս աշխատելով ինչպե՞ս կարող է լավ աշխատել, Արմեն Ուլիխանյանը շտապեց համոզել, որ այդպես էլ կա. «Նորմալ աշխատում ա, ի՞նչ կապ ունի՝ ում որդին ա: Ինձ պետք ա մարդն աշխատի: Շատ ակտիվ, շատ լավ, բանիմաց տղա ա»:
Պարզվեց, որ Վարդան Զաքարյանն Ուլիխանյանի «աչքի առաջ ա մեծացել», քանի որ Զաքարյանների ընտանիքն այդ համայնքում է ապրել: Ընտանիքի մոր՝ Գայանե Սողոմոնյանի հետ էլ Ուլիխանյանը ծանոթ է դեռ նրա՝ դպրոցի տնօրեն եղած ժամանակներից, Իշխան Զաքարյանի հետ՝ ԱԺ պատգամավոր եղած ժամանակներից, ու իմանալով, որ Վարդանն աշխատասեր տղա է՝ վերցրել է աշխատանքի. «Բացարձակ էստեղ ծնողները կապ չունեն»:
Մեր տեղեկությունները, որ առաջիկայում հենց Վարդան Զաքարյանն էլ զբաղեցնելու է Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի պաշտոնը, Ուլիխանյանը չմեկնաբանեց: Ասաց, որ ինքն իր տեղում հիմա աշխատում է, ի՞նչ ասի: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա է լինելու Իշխան Զաքարյանի փոխհատուցումը ՎՊ նախագահի պաշտոնից նրա պաշտոնանկության: Ասում են նաեւ, որ պաշտոնանկությունից հետո Իշխան Զաքարյանը կստանձնի որդու՝ Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի խորհրդականի դերը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
Հ.Գ.- Ի դեպ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի 87 հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ «Վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»: Այնպես որ՝ Իշխան Զաքարյանը եւ նրա որդին դեռ երեք տարի պետք է սպասեն: