Շուկայի վերահսկողության տեսչությունը կասեցնում է առանց բաշխիչ աշտարակների ԱԳԼՃԿ-ների աշխատանքը
Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը որոշում էր ընդունել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ԱԳԼՃԿ-ներում բաշխիչ աշտարակներ տեղադրել, սակայն ընկերությունների մեծ մասը չէր շտապում հետեւել կառավարության որոշմանը: Սրա պատճառը սկզբում համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր, ճգնաժամից հետո էլ պատժիչ մեխանիզմներ չէին կիրառվում՝ քաղաքական նպատակներով. մի շարք ԱԳԼՃԿ-ներ պատկանում են ՀՀԿ եւ ԲՀԿ կուսակցությունների անդամներին ու պատգամավորներին: Որոշումն, իհարկե, հօգուտ սպառողների է, քանի որ բաշխիչ աշտարակով լիցքավորելու դեպքում մեքենաների գազի բալոններում ավելի գազ լիցքավորելն ու պայթյունները գոնե կբացառվեն: Բայց բավականին երկար ժամանակ կառավարության որոշումն ի կատար չէր ածվում, եւ ԱԳԼՃԿ-ները շարունակում էին գործել առանց աշտարակների:
«Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է այս թեմային եւ նշել, թե որ ընկերություններն էին գործում առաց բաշխիչ աշտարակների, վերջերս էլ շուկայի վերահսկողության տեսչությունը հավաստիացրել էր, որ մոնիտորինգ են կատարում, որից հետո անցնելու են առանց բաշխիչ աշտարակների աշխատող գազալցակայանների կասեցմանը:
Եկող ամսվա 5-ին Հայաստանում չի լինի այնպիսի գազալցակայան, որն առանց բաշխիչ աշտարակի գործի. համենայնդեպս՝ այսպես վստահեցրեց «Առավոտի» հետ զրույցում էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Պարոն Խալիկյանը նաեւ հավաստիացրեց, որ հանրապետությունում գործող ԱԳԼՃԿ-ների մեծ մասն արդեն տեղադրել է անվտանգություն ապահովող եւ ավելի գազ լիցքավորելը բացառող աշտարակները:
Կարդացեք նաև
Հիմա տեսչությունն, այսպես ասած՝ հերթով «անցնում է» բոլոր գազալցակայաններով, եւ եթե որեւէ մեկում չի լինում բաշխիչ աշտարակ, ապա տեսուչները ակտ են կազմում, որից հետո նախարարի հրամանով ուղղակի կասեցնում են գազալցակայանի աշխատանքները՝ մինչեւ աշտարակներ տեղադրելը: Բայց քանի որ բազմաթիվ ԱԳԼՃԿ-ներ երկար ժամանակ գործել են խախտումով, այսինքն՝ առանց աշտարակի, ուստի տեսուչների այցելությունն ու կասեցման մասին ակտ գրելը ընկերություններում «ծանր են» տանում: Պատահում է, որ, ասենք, գազալցակայանի ղեկավարությունը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց պարոն Խալիկյանը, որոշակի դիմադրություն է ցույց տալիս, ու կարծում են, թե այդ ստուգումներն ուղղորդված են, եւ կոնկրետ տվյալ գազալցակայանի դեմ է դուրս եկել տեսչությունը: «Նշեմ, որ նման բան չկա, որեւէ խտրական մոտեցում ԱԳԼՃԿ-ների հանդեպ չկա: Մենք մոտ 2 տարի է՝ բոլորին հորդորում էինք տեղադրել աշտարակները, քանի որ դա առաջին հերթին սպառողների շահերից է բխում, նրանց անվտանգության հարցն է: Հիմա օր օրի ավելանում է բաշխիչ աշտարակներով գործող գազալցակայանների քանակը»,- ասաց շուկայի վերահսկողության ղեկավարը:
Պարոն Խալիկյանի ներկայացմամբ՝ մայրաքաղաքում ընդամենը 6 գազալցակայան կա, որոնք չեն տեղադրել աշտարակները, բայց դրանց մի մասի կասեցման աշխատանքներն ակտի փուլում են:
Տեսչության պետի ներկայացրած տվյալներով՝ ներկայումս Արարատի մարզում գործող «Վահրամ եւ ընկերներ» ընկերության գազալցակայանի աշխատանքները տեսչությունն արգելել է՝ մինչեւ աշտարակ տեղադրելը: Մոտ 1 ամիս առաջ նույն մարզում գործող «Հովհան լիան գրուպ» ընկերությունը, որին «Առավոտն» անդրադարձել էր, չէր տեղադրել. պարոն Խալիկյանը վստահեցրեց, որ այս ընկերությունն արդեն բաշխիչ աշտարակով է լիցքավորում գազը: Արարատի մարզում գործող «Ֆիրդուս Սարոյան», «Լիգա», «ԳԱՕՄ գրուպ» եւ «Խճաքար Մուսա» ընկերությունների գազալցակայանների գործունեությունը, ըստ պարոն Խալիկյանի, նախագծի փուլում է, սպասում են էկոնոմիկայի նախարարի՝ գազալցակայանների կասեցման մասին հրամանին:
Տավուշի մարզում տեսչությունն արգելել է «Զեւս» ընկերության գազալցակայանի աշխատանքները, ինչպես վստահեցրեց պարոն Խալիկյանը՝ արգելված է նաեւ «Նյու քեմփինգ» եւ «Աստրոն» գազալցակայանի գործունեությունը: Այս ընկերությունները պետք է յուրաքանչյուր աշտարակի համար 6-7 հազար դոլարի ծախս անեն, որպեսզի բաշխիչ աշտարակները տեղադրեն:
Գեղարքունիքի մարզի «ԱՅ-ԷՄ-ՍԻ-ԷՍ» ընկերությունը եւս չի տեղադրել բաշխիչ աշտարակներ, բայց Լեւոն Խալիկյանը վստահեցրեց, որ օրերս կկասեցվեն այս գազալցակայանի աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ըստ տեսչության պետի՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում 2-3 գազալցակայաններ կան, որոնք բաշխիչ աշտարակներ չեն տեղադրել, սակայն այս ԱԳԼՃԿ-ները երկար չեն մնա առանց աշտարակների. տեսչությունը նման ԱԳԼՃԿ-ների կամ աշխատանքն է կասեցրել, կամ էլ օրերս կկասեցնի:
«Առավոտի» հետ զրույցում մի վարորդ, որն իր մեքենան օրերս լիցքավորել է Արագածոտնի մարզում բաշխիչ աշտարակով գազալցակայաններից մեկում, վստահեցրեց, որ, ինչպես նախկինում, հիմա էլ ավելի գազ լիցքավորելու համար 500 դրամ ավելի է վճարել: Վարորդը վստահեցրեց, որ այդ ԱԳԼՃԿ-ի բաշխիչ աշտարակն այնքան էլ «ավտոմատ» չի գործում. «Էդ սարքը «ռուչնոյ» էր աշխատում, լիցքավորողը մի քիչ լցրեց, հետո ռուբիլնիկով կանգնեցրեց՝ մինչեւ լցված գազը մի քիչ նստի, հետո նորից միացրեց: Այսինքն՝ ես էլի 500 դրամ ավելի տվեցի, որ մի քիչ ավելի լցվի»:
Գազալցակայանների այս «հնարամտության» մասին շուկայի վերահսկողության պետն ասաց. «Վարորդները պետք է հետեւեն աշտարակի ցուցիչին: Առաջ միայն գազի ճնշումով էին հետեւում, իսկ հիմա նաեւ՝ կիլոգրամի: Բաշխիչ աշտարակներով բացառվում է ավելի ճնշում տալը կամ ավելի լիցքավորելը, վարորդները պարզապես պետք է այլեւս այդ «լեւի» 500 դրամները չվճարեն, իսկ եթե անգամ նրանցից պահանջում էլ են, պետք է դիմեն օրինապահ մարմիններին»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ