Եվ այսպես, 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, այսինքն՝ բոլոր նրանք, ում 40-ամյակը կլրանա միայն 2014թ.-ին եւ դրանից հետո, ովքեր աշխատում են, եւ աշխատում են ոչ ստվերային ոլորտում, այսինքն՝ գրանցված են որեւէ տեղ՝ որպես աշխատող, պետք է ամեն ամիս իրենց աշխատավարձի առնվազն 5%-ը խնայեն: Ու քանի որ դա պարտադիր խնայողություն է, նրանք այդ 5%-ի երեսը անգամ չեն տեսնի, այդ գումարը ուղղակի կպահվի:
Եթե աշխատավարձը ցածր է 500 հազար դրամից, ապա պետությունն էլ իր կողմից մի կողմ կդնի մնացած 5%-ը՝ ձեր կենսաթոշակի համար: Ստացվում է, որ եթե, ասենք, դուք ամսական ստանում եք 150 հազար դրամ, ապա ամեն ամիս ձեր կենսաթոշակի համար պահվելու է ձեր աշխատավարձից 7500 դրամ, բացի այդ՝ 7500 դրամ էլ պետությունն է դնելու ձեր կուտակային հաշվին:
Եթե դուք ստանում եք 500 հազար դրամից ավելի աշխատավարձ, ասենք՝ 700 հազար դրամ, ապա պետությունը իր կողմից դնում է 25 հազար դրամը, իսկ մնացածը, որպեսզի հասնի 10%-ին, այսինքն՝ 45 հազար դրամը, ավելացնում եք դուք:
Եթե դուք անհատ ձեռնարկատեր եք կամ էլ նոտար, ձեր կուտակումները կատարվում են տարեկան եկամուտների չափով եւ ոչ թե ամսական: Տարեկան մինչեւ 6 մլն դրամ եկամուտ ունեցող անհատ ձեռնարկատերի կամ նոտարի համար պետությունը տարեկան հատկացնում է 5%, եւս 5% դուք եք դնում ձեր եկամուտներից: Ասենք, եթե տարեկան դուք ունեք 5 մլն դրամի եկամուտ, ապա 250 հազար տարեկան դուք եք մի կողմ դնում, եւս 250 հազար՝ պետությունը, եւ տարեկան 500 հազար դրամ կուտակվում է ձեր կենսաթոշակի հաշվին: Այն դեպքում, եթե ձեր եկամուտն ավելի է, քան տարեկան 6 մլն դրամը, պետությունը դնում է տարեկան 300 հազար դրամ, մնացած գումարը՝ մինչեւ հասնի ձեր եկամտի 10%-ին, դուք եք ավելացնում:
Կարդացեք նաև
Պայմանագրային աշխատանք կատարողները իրենց պայմանագրային եկամուտների 5%-ն են դնում մի կողմ, պետությունը ոչինչ չի ավելացնում:
Ենթադրենք, կուտակեցիք, ի՞նչ է կատարվում դրանից հետո: Դրանից հետո քո եւ մյուս բոլոր կուտակողների գումարներով ձեւավորվում է կենսաթոշակային հիմնադրամ՝ ֆոնդ, որում դու՝ քո կուտակվող միջոցների հաշվին ունենում ես փայ: Ապա ֆոնդի կառավարիչները, որոնք ԿԲ-ի կողմից լիցենզավորված եւ վերահսկվող իրավաբանական անձինք են՝ ֆինանսական կազմակերպություններ, սկսում են կառավարել, շրջանառության մեջ դնել այդ փողերը:
Կենսաթոշակային ֆոնդերի երեք տեսակ գոյություն ունի, որոնցից մեկը կարող ես ընտրել քո ցանկությամբ՝ կայուն եկամտային, պահպանողական եւ հավասարակշռված: Այս երեք ֆոնդերից յուրաքանչյուրն ունի իր առավելությունը եւ թերությունը՝ կայուն եկամտայինը քիչ ռիսկային է, բայց դրա հաշվին քիչ եկամուտներ է բերում: Պահպանողականը միջին ռիսկայնություն ունի եւ ապահովում է բարձր եկամուտ: Ամենամեծ եկամուտը կարող եք ստանալ՝ դնելով ձեր փողերը հավասարակշռված ֆոնդում, բայց սրա ռիսկայնությունն ամենամեծն է: Այդուհանդերձ, ռիսկերը չեն վերաբերում ձեր կուտակած փողերին, այլ միայն՝ հնարավոր եկամուտներին:
Ի դեպ, ֆոնդի կառավարչին կարող ես ընտրել ինքդ՝ եթե ունես բավարար չափով տեղեկատվություն եւ հետաքրքրված ես: Սակայն, եթե հեռու ես ֆինանսներից, տնտեսությունից եւ չես հետաքրքրվում այդ ամենով՝ քո փոխարեն ավտոմատ կորոշվի քո ֆոնդային կառավարիչը: Դու միայն ընտրիր, թե ինչ տեսակի ֆոնդում ես ուզում թողնել քո գումարները՝ հավասարակշռվա՞ծ, պահպանողակա՞ն, թե՞ կայուն եկամտային: Եթե դա էլ չես ընտրում՝ քո գումարները պարզապես կդրվեն ոսկե միջինում՝ պահպանողական ֆոնդերից մեկում:
Կուտակած գումարները պետության երաշխավորությամբ վերադարձվելու են կուտակողին՝ ճշգրտված տարեկան գնաճով՝ կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո:
Ստացվում է, որ կուտակելով այսօրվանից, կենսաթոշակային տարիքի հասնելով՝ դու ստանալու ես քո կուտակած փողերը՝ գումարած այս կամ այն չափի եկամուտներ:
Ւսկ ինչպե՞ս ես ստանալու այդ գումարները՝ քո կենսաթոշակը:
63 տարեկանդ լրանալուց հետո դու կսկսես ստանալ կենսաթոշակդ:
Մինչեւ 63 տարեկանն էլ հնարավորություն ունես, եթե՝ անբուժելի հիվանդ ես (թու-թու-թու), ընդմիշտ մեկնում ես Հայաստանից՝ հրաժարվելով քաղաքացիությունից (նույնպես՝ թու-թու-թու) եւ եթե ճանաչվում ես անաշխատունակ, 3-րդ աստիճանի հաշմանդամ (կրկին՝ թու-թու-թու):
Եթե այս երեք փորձանքներից կարողացել ես խուսափել, ապա կենսաթոշակդ կստանաս միանվագ տեսքով, իհարկե, եթե կուտակածդ կենսաթոշակը՝ բաժանած կյանքի միջին տեւողության ամիսների հետ, քիչ է, քան պետության կողմից սահմանված հիմնական կենսաթոշակի 75%-ը: Այսինքն՝ եթե կյանքի միջին տեւողությունը սպասվում է, ասենք, 77 տարի, դու 63 տարեկան ես, ապա հաշվում են, որ քեզ մնացել է ապրելու 15 տարի, այն է՝ 180 ամիս: Քո կուտակած միջոցները՝ եկամուտների հետ միասին, իհարկե, բաժանում են 180-ի: Եթե դա ավելի քիչ է, քան պետության սահմանած հիմնական թոշակի 75%-ը, ապա քո ողջ կենսաթոշակը քեզ տալիս են միանվագ: Ասենք, եթե այդ ժամանակ պետության տված հիմնական թոշակը լինի 60 հազար դրամ, ապա, եթե քո կենսաթոշակը պիտի կազմեր ամսական 45 հազար դրամ, քեզ միանվագ կտան 180 անգամ այդ 45 հազարը: Կուզես՝ կազինոյում ծախսիր, կուզես՝ ջիպ գնիր թոռանդ համար: Եվ դատարկ նստիր:
Բայց դատարկ չնստելու համար դու կարող ես չվերցնել միանվագ ձեւով, այլ ընտրել ծրագրային կամ անուիտետային վճարման եղանակը: Ծրագրայինի դեպքում թոշակդ, որ, ասենք թե, կազմում է վերոնշյալ ամսական 45 հազար դրամը, դու կստանաս 180 ամիսների ընթացքում (եթե, ենթադրենք, սպասվող կյանքի միջին տեւողությունը 77 տարի է): Եթե դրանից ավելի ապրես, 180 ամիսներից հետո թոշակ չես ստանա:
Անուիտետն իրենից ներկայացնում է ապահովագրություն: Այսինքն՝ քո ողջ գումարը փոխանցում ես քո ընտրած ապահովագրական ընկերությանը, որը քեզ ցմահ վճարում է որոշակի գումար: Եթե մահանում ես սպասվածից շուտ, ասենք, մինչեւ 77 տարեկանը՝ մնացած գումարները մնում են ապահովագրական ընկերությանը, եթե ավելի երկար ես ապրում՝ ապահովագրական ընկերությունն է տուժում՝ մինչեւ կյանքիդ վերջը քեզ վճարելով ֆիքսված գումարը:
Սակայն եթե քո կուտակած միջոցներն ավելին են, քան պետության սահմանած հիմնական թոշակի 75%-ը, բայց պակաս դրա 5-ապատիկից, ապա դու ստիպված ես կենսաթոշակդ ստանալ միայն անուիտետի ձեւով: Մոռացիր ծրագրային վճարի կամ առավել եւս՝ միանվագ վճարի մասին:
Լավ շահող ես դուրս գալիս, եթե կուտակում ես այնքան գումար, որ պետության սահմանած հիմնական թոշակի հնգապատիկից ավելին է: Այդ դեպքում դու ունես ընտրություն՝ ամբողջությամբ գումարդ դնել անուիտետի մեջ, կամ 5-ապատիկի չափը՝ անուիտետի մեջ, իսկ ինչ-որ տակը մնա՝ միանվագ վերցնել:
Եթե դու մահանում ես մինչեւ 63 տարեկանը, այսինքն՝ քանի դեռ կուտակման փուլում է կենսաթոշակդ, ապա քո կուտակած միջոցները փոխանցվում են քո ժառանգի կենսաթոշակային ֆոնդին՝ ժառանգության օրենքով:
Իսկ եթե 63-ից հետո մահանաս՝ ողջ գումարդ, ինչքան որ մնացել է, կրկին փոխանցվում է ժառանգներիդ՝ միանվագ տեսքով:
Մի խոսքով՝ կուտակածդ փողերը չեն կորչում: Եթե իհարկե՝ ամեն ինչ գնա Կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնողների ներկայացրածով: Մասնավորապես, այս բոլոր տեղեկությունները, որ փոխանցում ենք ձեզ՝ Կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում կանգնած մարդկանց՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանի եւ Կենսաթոշակային բարեփոխման ծրագրի կենսաթոշակային հարցերով խորհրդատու Սուսաննա Կարապետյանի տրամադրած տեղեկություններն ու վերլուծություններն են:
Ինչ վերաբերում է այս բարեփոխումների ռիսկերին, այսինքն՝ ի՞նչ կարող է պատահել, որ այս ամենը չիրականանա, ապա Վարդան Արամյանը, ներկայացնելով բազմաստիճան երաշխիքային համակարգը, որ տրամադրում է պետությունը, բերելով այլ երկրների հաջողված օրինակները, նաեւ բացատրեց հետեւյալ մատչելի օրինակով՝ եթե դուք ունեք նպատակ՝ Ծաղկաձորից կես ժամում հասնել Երեւան, ապա այդ նպատակին հասնելու համար դուք անում եք ամեն ինչ՝ վերցնում ամենաթարմ եւ ամենաապահով մեքենա (չգովազդելու համար՝ չենք նշում պարոն Արամյանի ասած մակնիշը), որն ունի անվտանգության կատարյալ համակարգեր, վերցնում լավագույն վարորդին, որը նաեւ սթափ է եւ հավասարակշիռ, ճանապարհին չեք շեղվում ոչ մի այլ ուղղությամբ, եւ ասենք, չեք էլ հանդիպում մի խելագարի մեքենայի… Եթե այդքանից հետո էլ ինչ-որ բան պատահի՝ ուրեմն…
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Յօդւածը կարդալուց յետոյ, Ինձ մօտ հարց առաջացաւ՝
Անուիտէտի դէպքում գրւած է․ «Եթե մահանում ես սպասվածից շուտ, ասենք, մինչեւ 77 տարեկանը՝ մնացած գումարները մնում են ապահովագրական ընկերությանը»։
Իսկ քիչ ուշ գրւած է․ «Իսկ եթե 63-ից հետո մահանաս՝ ողջ գումարդ, ինչքան որ մնացել է, կրկին փոխանցվում է ժառանգներիդ՝ միանվագ տեսքով:»
Նշւած երկու գրութիւնը թւում է թէ իրար հակասում են։ Ասենք՝ եթէ պետութեան սահմանած հիմնական թոշակից աւելի են կուտակած միջոցներն, որի արդիւնքում պարտադիր թոշակն անուիտէտի կերպով է տրւում, ապա մինչ թոշակն սպառելը մահանալու դէպքում, մնացեալ թոշակն անցնու՞մ է ժառանդորդներին թէ՞ մնում ապահովագրութեան հաշւին։
Շնորհակալ կլինէի եթէ պարզաբանէիք։