Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Լոռիում սպանությունների դեպքերն ավելացել են

Հոկտեմբեր 30,2013 15:00

Հոգեբանի դիտարկմամբ, անհանդուրժողականությունը հանգեցնում է նաեւ ֆիզիկական ագրեսիայի, այդ թվում` սպանության

ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 15,0%-ով կամ 1761 դեպքով:

Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 11 713 դեպք, ապա այս տարի արդեն  այդ թիվը հասել է 13 474-ի:

Լոռիում եւս գրանցված հանցագործությունների աճ է նկատվում:

Համաձայն ոստիկանության տվյալների`  նախորդ տարվա 919-ի փոխարեն  2013 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզում 973 հանցագործություն է գրանցվել: Լոռիում գրանցված սպանությունների դեպքերը եւս  կրկնակի ավելացել են՝ 2-ից դառնալով  4:

Հանցագործությունների, մասնավորապես սպանությունների  ավելացման դեպքերը «Վանաձորի հոգեբանական վերականգնողական կենտրոն» հ/կ  նախագահ, հոգեբան Արծվի Հարությունյանի կարծիքով՝ կապված է մարդու անպաշտպանության հետ:

Ըստ նրա` սպանությունը ընդամենը  նախանշան է, այն ցույց է տալիս, որ երկրում ամեն մարդ իր տեղում չէ:

«Այն ցույց է տալիս, որ դաստիարակությունը դաստիարակության նման չէ, որ մարդը վաղվա օրվա հանդեպ վստահություն չունի, որ անպատժելիության մթնոլորտ կա, որովհետեւ չկա այնպիսի մթնոլորտ, որ  մարդիկ մտածեն`  իրենց արածի համար համարժեք  պատասխան կտան, որ փողով չեն ազատվի: Այժմ բարձիթողի է, ամեն ինչ առուծախի է վերածվել, կայուն արժեքային համակարգ չկա: Այս ամենը պետք է համակարգային փոփոխության ենթարկել»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է հոգեբանը:

Սպանություն կատարելու  հոգեբանական մյուս  պատճառը, Արծվի Հարությունյանի գնահատմամբ, հիասթափությունն է, հուզական լարվածությունը, տագնապայնությունը:

Նա նկատում է, որ հիասթափությունները կապված են հանդուրժողականության հետ:

«Ֆրուստրացիաները կապված են հանդուրժողականության հետ, այսինքն` ինչքանով է  մարդը ուրիշի կարծիքը կամ ուրիշի անձը հարգում որպես այդպիսին: Եթե մենք ընդհանուր հայտարարի չենք գալիս, գոնե կարող ենք հարգել դիմացինի կարծիքը: Բայց  գողականը, հարուստը կամ այլ  հանցագործ տարրեր, որ եսակենտրոն են, սովոր են բոլորին իրենց հարմարեցնել, ոչ թե իրենք հարմարվեն, անհանդուրժող են, իսկ անհանդուրժողականությունը հանգեցնում է նաեւ ֆիզիկական ագրեսիայի, այդ թվում` սպանության»,- նշում է հոգեբանը՝ հավելելով, որ հոգեպես առողջ մարդը սպանության պահին շատ լավ էլ գիտակցում է, որ հնարավոր է մարդուն մահ պատճառի:

«Հոգեպես առողջ մարդն ամեն քայլի համար էլ կարող է իրեն հաշիվ տալ, սպանություն կատարելիս` նույնպես»,- եզրափակում է Արծվի Հարությունյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031