Բոլոր ժամանակներում իշխանավորներն ունեցել են իրենց մշակութային ֆավորիտները: Նույնիսկ պաշտոնական հանդիպումներին նրանք գնացել են իրենց նախընտրած արտիստների ուղեկցությամբ: Նման աշխատաոճ ուներ Մակեդոնացին, հռոմեական կեսարներից ոմանք, Ֆրանսիայի թագավորներ… Այդ ավանդույթը գրեթե նույնությամբ փոխանցվել է մինչեւ մեր օրերը: Հայաստանյան ներկայիս իշխանություններն էլ ետ չեն մնում նրանցից՝ օգտագործելով «բարձր հովանու ներքո» արտահայտությունը: Վերջին շրջանում հենց նման հովանու ներքո Հայաստան են այցելում աշխարհահռչակ շատ դեմքեր, միայն վերջերս ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Երեւանում էր ճանաչված կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը: Պարզվում է՝ հայ արտիստներն էլ ունեն օտարերկրյա բարձրաստիճան հովանավորներ: Նոյեմբերի 10-ին Իտալիայի Մանտովա քաղաքում կայանալիք փառատոնում որպես պատվավոր հյուր եւ Վերոնայում նախատեսված համերգներում հրավիրված է հայ օպերային սոպրանո Լիլիթ Սողոմոնյանը: Համերգային այս ուղեւորության նախաձեռնողն է Մանտովայի քաղաքապետ Նիկոլա Սոդանան:
«Առավոտի» հետաքրքրությանը, թե հայ երգչուհին ինչո՞վ է արժանացել նման պատվի, մեր զրուցակիցն ասաց, որ վերջերս Հռոմում եւ Մանտովայում մասնակցել է փառատոների եւ հավանաբար քաղաքապետը այդտեղից է հիշել իրեն:
1999թ. Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը Երեւանի օպերային թատրոնում հանդես է եկել համաշխարհային օպերային գրականության տարբեր դերերգերով (Աիդա, Ալմաստ, Լեոնորա, հիմա էլ պատրաստում է Նորմա), ինչպես նաեւ մենահամերգներով: Դրանց արձագանքները տեղ են գտել Փարիզի, Միլանի եւ այլ քաղաքների մասնագիտական պարբերականներում: Իսկ 2008թ. Իտալիայի Տրեվիզոյի եւ Սիրմոնե քաղաքների օպերային թատրոններում հայ օպերային երգչուհու մարմնավորած Տոսկան՝ Պուչինիի համանուն օպերայում եւ Լեոնորան՝ Վերդիի «Տրուբադուրում», համարվել են տարվա լավագույն կատարումներ: Հետաքրքրությանը, թե ունի,՞ արդյոք, իմպրեսարիո եւ ինչո՞վ բացատրել հատկապես իտալացիների ուշադրությունը դեպի իր վոկալ արվեստը, երգչուհին նախ ասաց, որ սեփական իմպրեսարիոն ամուսինն է՝ դերասան, երգիչ Կարեն Միրզոյանը: Ինչ վերաբերում է իտալացիների ընդգծված հետաքրքրությանը իր արվեստի հանդեպ, Լիլիթ Սողոմոնյանը հայտնեց, որ 2010թ. Մանտովայում կայացած միջազգային մրցույթում արժանացել է միանգամից 3 մրցանակի՝ 3-րդ տեղ, «Հանդիսատեսի համակրանք» եւ արժանացել Լեոնորայի դերերգով հանդես գալու պատվին: Նա նշեց նաեւ, որ վարպետության դասեր է առել աշխարհահռչակ Ռեջինա Ռեզնիկից եւ Բրունա Բալիոնից:
Մեզ հետ զրույցում երգչուհին բարձր կարծիք հայտնեց Երեւանի օպերային թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի, ինչպես նաեւ իր հայաստանցի խաղընկերների մասին, հետո էլ հիշեց, թե ինքն օպերային թատրոն է ընդունվել այն ժամանակ, երբ առաջնեկը ընդամենը 1 տարի 2 ամսական էր… Ասաց նաեւ, որ մշակույթի տարբեր ոլորտներում իրենց ստեղծագործական աշխատանքին նվիրված մեր հայտնի եւ պակաս ճանաչված արվեստագետները դեռ շատ հեռու են արեւմտյան իրենց գործընկերների վարած ապրելակերպից, մանրամասնելով. «Չգիտեմ՝ բարձր հոնորարների արդյո՞ւնք է, թե՞… Դրսում գործընկերներս ունեն երեխաներին խնամող նույնիսկ երկու դայակ: Կարճ ասած՝ նրանց բոլոր կենցաղային խնդիրները լուծված են: Ի վերջո, երբ բեմ ես դուրս գալիս, հանդիսատեսին այդ պահին բացարձակ չի հետաքրքրում՝ քո երեխան ջերմո՞ւմ է, թե՞ առողջ է: Մի բան ակնհայտ է՝ տեղայնացնելով TV տարբեր շոու-ծրագրեր կամ փորձելով մշակութային ծրագրեր ներմուծել Արեւմուտքից, մեր իշխանավորները եւ մեծահարուստները ոչ թե պետք է, այլ պարտավոր են հովանավորել բարձր արվեստը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Շնորհավորում եմ Լիլիթ Սողոմոնյանին