«Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի՝ կոնսերվատորիական կրթությամբ երեք երգիչներ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ համագործակցում են եւ համատեղ համերգներով հանդես գալիս մարզերում:
«Առավոտի» հետ զրույցում երգիչներից Վարդուհի Գրիգորյանը հայտնեց, որ արդեն համերգներ են ունեցել Մեղրիում՝ «Ժողովրդական երգի տոն» խորագրով, Գանձայում, նոյեմբերի 2-ին էլ կկայանա իրենց մյուս համերգը Գյումրիում՝ «Գյումրին արվեստի բնօրրան» խորագրով:
Մասիս Հունանյանը հավելում է, որ բացի «Ժողովրդական երգիչ» նախագծից, մի քանի փառատոնի է մասնակցել, նկարել է իր «Ծով ես, ծով ես» տեսահոլովակը: Շուտով պատրաստ կլինի երկրորդ տեսահոլովակը, որը, հեղինակի ասելով, անակնկալ է:
Երիտասարդները նշում են, որ վաղուց ժամանակն է քարոզել ազգային երգ-երաժշտությունը, մանավանդ՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում կարոտած ու ազնիվ ունկնդիր կա: «Եվ Մեղրիում, եւ Գանձայում լեփ-լեցուն դահլիճներ ենք ունեցել, մարդիկ երգում էին մեզ հետ: Ինչ վերաբերում է Գյումրիին, այնտեղ թեմատիկ համերգ է լինելու՝ նվիրված մեր շատ սիրելի Ֆլորա Մարտիրոսյանին, որը նախագծում ժյուրիի անդամներից մեկն էր: Գյումրիի համերգը նաեւ Գյումրիի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք դառնալու կապակցությամբ է»,- ասում է Մասիսը:
Կարդացեք նաև
Երգիչներից Եվա Եգանյանն ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ մագիստրատուրան, ներկայումս աշխատում է Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական համույթում՝ որպես մեներգչուհի եւ «Մայիլյան» վոկալ եռյակում: «Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ հրաշալի համերգներին, որովհետեւ ներկայացնում ենք մաքրամաքուր, մեր ակունքներից եկած երգը»,- նշում է նա ու հավելում, որ ամեն համերգից հետո «լիցքավորվում» են:
Երիտասարդները պատմեցին, որ Գյումրիի համերգին առանձնահատուկ են պատրաստվել, հանդես են գալու կենդանի նվագախմբի նվագակցությամբ: Երազում են, որ նույնպիսի ջերմության արժանանան, ինչպիսին տեսել են Մեղրիում եւ Գանձայում:
«Առավոտի» դիտարկմանը, թե երգող շատ երիտասարդներ ավելի հարմար ճանապարհ են ընտրում, որի պարագայում ե՛ւ ֆինանսներ ճարելն է հեշտ, եւ ավելի հանգիստ է, մինչդեռ իրենք ավելի ազնիվ եւ բարդ ճանապարհ են ընտրել, Մասիս Հունանյանը պատասխանեց. «Մինչ այս ճանապարհը ընտրելը մեր ծնողների կողմից ճիշտ երաժշտությամբ ենք դաստիարակվել: Երբ ուսումնասիրում ես հայ երգարվեստում եղած գանձերը, արդեն ինքնըստինքյան փորձում ես քո ներդրումն անել ժողովրդականի մեջ եւ քո սրտից բխում է հայրենասիրությունը: Կարծում եմ, եթե ուզում ես երկիր ու մշակույթ ներկայացնել «դրսում», միակ ճիշտ միջոցը Կոմիտասով եւ քո ազգային երգով ներկայանալն է»:
Վարդուհի Գրիգորյանն էլ հավելեց. «Մենք սիրով ենք երգում ժողովրդական երգեր ու չենք զղջում: Ի դեպ, թյուր կարծիք կա, որ ժողովրդականն այդքան էլ պահանջված չէ: Կարծում եմ՝ ամեն հայի սրտի խորը անկյունում այդ սերը կա եւ գենետիկորեն է փոխանցվում»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում. Ձախից՝ Վարդուհի Գրիգորյանը, Մասիս Հունանյանը
եւ Եվա Եգանյանը:
«Առավոտ» օրաթերթ