Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Հոկտեմբեր 30,2013 14:41

Andraniki-hayry-ev-mayry_1«Մա՜մ, դու որ պատուհանից նայես, ես ավելի լավ կխաղամ»

Ամեն անգամ բակում ֆուտբոլ խաղալիս՝ Անդրանիկը մորը խնդրում էր պատուհանից հետեւել իր խաղին: «Դու որ վերեւից նայես, ես ավելի լավ կխաղամ»,- ասում էր տղան: Մայրը՝ Անահիտը, պատմում է, որ Անդրանիկը միշտ մտածում էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալու մասին: Իրենց բակում ֆուտբոլի թիմ էր կազմել ու մրցույթներ էր կազմակերպում մյուս բակերի թիմերի հետ: Եվ շատ էր տխրում, երբ հանկարծ իր թիմը պարտվում էր, չնայած որ այդպես քիչ էր պատահում: «Տղայիս համար նույնիսկ ամենամանր անհաջողությունն էլ շատ ցավալի էր: Շատ զգացմունքային էր», – հիշում է Անահիտը:

Անդրանիկ Հայրապետյանի անունը կնքել է նրա հորեղբայրը՝ Զորավար Անդրանիկի պատվին, ծնողներն էլ պատմում են, որ նա շատ էր սիրում ու հպարտանում իր անունով: «Մենք իր անունը ոչ թե բարեկամի կամ հարազատի անուն ենք դրել, այլ կնքել ենք զորավար Անդրանիկի անունով ու ինքը միշտ հպարտանում էր իր անունով եւ շատ էր կարդում Անդրանիկի մասին»,- պատմում է Անդրանիկ Հայրապետյանի հայրը՝ Թովմասը:

Անդրանիկը ծնվել է 1989թ. հունվարի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, այնուհետեւ ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Ծնողները հիշում են, որ նա արդեն 6 տարեկանում հայոց այբուբենի տառերը գրում էր, շատ լավ գիտեր բազմապատկման աղյուսակը, եւ առաջին դասարանից նրան ցանկանում էին միանգամից տեղափոխել երրորդ դասարան:

«Շատ էր սիրում գրքեր կարդալ: Գրքեր կային, որ նույնիսկ երկու անգամ է կարդացել. մինչեւ ուսուցչի հանձնարարելն ինքն արդեն կարդացած էր լինում, օրինակ՝ «Վարդանանքը», «Սամվելը», «Գեւորգ Մարզպետունին»,- ասում է Անահիտը:

Ֆուտբոլից բացի, Անդրանիկը 6 տարեկանից զբաղվել է նաեւ ձյուդոյով: «Առավոտյան շուտ գնում էր դպրոց, ժամը մեկին գալիս էր տուն, հաց էր ուտում, գնում էր պարապմունքների՝ ձյուդոյի, ֆուտբոլի, երեկոյան հոգնած գալիս էր տուն, արագ դասերն էր պատրաստում ու ժամը 10-ից քնում էր: Ինքը շատ էր շտապում, միշտ ուզում էր առաջինը լինել, ամեն ինչ հասցնել»,- իր հիշողություններով կիսվում է հայրը:

2006-ին Անդրանիկն ընդունվեց Երեւանի Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ֆուտբոլի բաժինը: Հայրը հիշում է, որ Անդրանիկի ամենասիրելի ֆուտբոլային թիմը «Բարսելոնան» էր, իսկ ամենասիրելի ֆուտբոլիստն՝ այդ ակումբի եւ Արգենտինայի հավաքականի խաղացող Լիոնել Մեսսին:

Անդրանիկն ունի կրտսեր քույր, ով հիմա սովորում է Երեւանի պետական համալսարանում: Ծնողները պատմում են, որ Անդրանիկը շատ հոգատար եղբայր էր. քրոջը միշտ ուղեկցում էր դպրոց եւ պայուսակն անպայման ինքն էր բռնում:

Անդրանիկի մայրն ասում է, որ որդին բնավորությամբ շատ լուրջ էր, խոնարհ էր, բոլորի նկատմամբ ուշադիր, արժանապատվության զգացումով: «Միշտ ասում էր՝ մա՛մ, դու երբեք իմ արարքի համար չես ամաչի: Չէր սիրում, երբ տուն էր գալիս, ես տանը չէի լինում: Խիստ կնեղանար, եթե իր հետ հաց չուտեի,- ասում է Անահիտն ու կարոտով հիշում,- մենք միշտ միասին էինք գնում շուկա ու ինքը երբեք թույլ չէր տալիս, որ ես նույնիսկ մի փոքր տոպրակ բռնեի»:

Մայրն ասում է, որ Անդրանիկը շատ էր սիրում տոները, հատկապես Նոր տարին եւ ամանորյա բլիթների խմորն ինքն էր պատրաստում: «Ձմռանն ա ծնվել, ըստ այդմ էլ սիրում էր ձյուն, Նոր տարի, տոնածառ: Մի անգամ տատիկը Նոր տարվա առթիվ  որպես նվեր գումար տվեց, Անդրանիկը գնաց ու տոնածառ գնեց: Շատ էր սիրում զարդարել տոնածառը: Յուրաքանչյուր տոնին անպայման փոքրիկ նվերներ էր պատրաստում»,- ասում է մայրն ու ավելացնում, որ Անդրանիկը շատ էր սիրում նաեւ եկեղեցական տոները. «Մենք հարեւաններով նշում էինք Տյառնընդառաջը, որի կրակը բակում միշտ Անդրանիկն էր վառում: Սիրում էինք Վարդավառը նշել ու նախաձեռնողը նորից Անդրանիկն էր լինում: Մեծ հավատք ուներ, Աստվածաշունչ էր ուսումնասիրում»:

Որդու մասին խոսելիս՝ հայրը նաեւ նշում է, որ շատ գաղտնապահ էր Անդրանիկը ու սուտ չէր սիրում խոսել. «Երբ ստում էր, միանգամից կարմրում էր»:

«7 տարեկան էր, Երեւան էինք գնացել, բայց մոտս գումար չկար, ասացի՝ Անդրանի՛կ ջան, մի պաղպաղակի փող կարող եմ տալ: Մեկ էլ գետնանցումով էինք անցնում, մի մուրացկան կին էր նստած երեխայի հետ: Անդրանիկն ասաց՝ հայրի՛կ, էն պաղպաղակի փողը կտա՞ս: Վերցրեց ու վազելով տարավ էդ մուրացկանին տվեց: Եկավ մոտս, ասեց՝ իմացի, թե պաղպաղակ եմ կերել: Շատ գոհ էր իր արածից», -պատմում է Թովմասը:

2007-ին Անդրանիկն անցնում է զինվորական ծառայության:

«Ես Ռուսաստանում էի աշխատում ու ասացի՝ արի ինձ մոտ, էստեղ կսովորես, բայց ասեց՝ պա՛պ ջան, եթե ես չծառայեմ, մյուսը չծառայի, բա մեր հայրենիքն ո՞վ պիտի պաշտպանի»,- պատմում է հայրը: Մայրն էլ ասում է, որ տղան մտադիր էր բանակից հետո դառնալ պայմանագրային զինծառայող, սակայն ինքը պնդել է, որ տղան ուսումն ավարտի, նոր որոշում կայացնի:

«Անդրանիկը շատ նման էր իր պապիկին՝ սկեսրայրիս, ով կատարյալ մարդ էր: Ես իմ ողջ կյանքում ոչ մեկին էնքան չեմ վստահել, ինչքան որդուս: Ես ուզում էի ունենալ իդեալական ընտանիք, դաստիարակված երեխաներ, ես չէի սպասում, որ էսպես կստացվի»,- թախիծով ասում է մայրը:

Անդրանիկ Հայրապետյանը զոհվել է 2008-ի մայիսի 15-ին, ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից: Նա 19 տարեկան էր:

 

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031