Լրահոս
Օրվա լրահոսը

Խոզաճարպի տեխնոլոգիան

Հոկտեմբեր 30,2013 14:33

Եթե ռուսաստանյան Առաջին ալիքը կիրակնօրյա վերլուծական հաղորդման մեջ ինչ-որ բան է ասում, դա չի կարող պատահական լինել: Առավել եւս՝ չի կարող լինել որեւէ հաղորդավարի նախաձեռնությունը կամ անձնական կարծիքը: Այնպես որ՝ Իրադա Զեյնալովայի ազգային պատկանելությունը որեւէ կապ չունի: Մյուս կողմից՝ այդ հաղորդման մեջ հնչած գնահատականից պետք չէ ազգային ողբերգություն սարքել: Այո, այն պաշտոնյան Կրեմլում, որը պատասխանատու է հեռուստատեսությունների հասարակական-քաղաքական հաղորդումների համար, ցուցում է տվել՝ անել մեր հասցեին այս ակնարկը (Մաքսային միություն չեք մտնի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի)՝ ադրբեջանցիներին հաճոյանալու եւ մեզ՝ մեր տեղը ցույց տալու համար: Նման «զախոդներ» էին անում նաեւ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը:

Բայց Հայաստանին Մաքսային միություն մտնել պարտադրելը, տվյալ դեպքում, այսպես ասած, վերջին րոպեին խփած «հեղինակության գոլն է»՝ խոշոր հաշվով պարտության պարագայում. պարզ է, որ 1:5 պարտվելը փոքր-ինչ ավելի մխիթարական է, քան 0:5:  Խնդիրը պետք է տեսնել Ռուսաստանի քաղաքականության, քարոզչության ընդհանուր համատեքստում, որտեղ ոչ միայն մենք, այլեւ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները՝ գումարած Մոլդովան, պակաս մտահոգիչ են, քան Ուկրաինան: Գլխավոր պատճառն, իհարկե, այդ երկրի մեծությունն է եւ աշխարհագրական դիրքը, ինչպես նաեւ այն, որ Վիլնյուսում ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ, ոչ թե նախաստորագրվելու է, ինչպես մնացած պետությունների դեպքում:

Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է աշխարհին մոտենալ «զրոյական արդյունքով խաղի» տրամաբանությամբ՝ կամ դու իմն ես, կամ իմ թշնամին ես, կամ Ուկրաինան իմ ծայրամասն է, կամ էլ իմ եւ Ուկրաինայի միջեւ անցնում է հակամարտության սահմանը: Այստեղից էլ ռուսաստանյան համապետական հեռուստաալիքների «կապը կտրած» (ուրիշ բառ չեմ գտնում) քարոզչությունը հարեւան երկրի դեմ:

Ուկրաինային  զգուշացնում են, թե որքան սարսափելի  կյանք է նրա համար «ապահովելու» Ռուսաստանը Ասոցացման պայմանագիրը ստորագրելու դեպքում: Ինչպես կատակել է ռուսաստանյան մի թերթ, ուկրաինացիներին բացատրում են, որ նույնիսկ խոզաճարպի պատրաստման իրենց տեխնոլոգիաները չեն համապատասխանում եվրոպական ստանդարտներին, եւ, հետեւաբար, այդ ապրանքը սպառում չի ունենա: Այդ քարոզչությունն իր «վայրահաչությամբ» եւ «կացնայնությամբ» համեմատելի է այն հիստերիայի հետ, որը հայաստանյան իշխանական լրատվամիջոցները 2008 թվականի ընտրություններից առաջ եւ անմիջապես հետո ծավալել էին ընդդիմադիր թեկնածուի դեմ: Գուցե նույն քաղտեխնոլոգնե՞րն են:

Իհարկե, Ռուսաստանի սպառնալիքների մի մասը կիրականանա: Ուկրաինացիները մոտակա 2-3 տարիների ընթացքում լուրջ դժվարություններ են ունենալու: Հնարավոր է, Ռուսաստանը հարեւանների աշխարհաքաղաքական ընտրությունից վրեժ լուծելու համար անջատի նրա գազը: Կլինեն նաեւ այլ «պատժամիջոցներ», որոնց վերաբերյալ սպառնալիքները ռուսական կողմից անընդհատ հնչում են: Սակայն եթե մարդիկ գիտեն, թե հանուն ինչի են զրկանքներ կրելու, եթե ազգը ունի որոշակի՝ հստակ ձեւակերպված նպատակներ, ապա նա պատվով դուրս կգա այս փորձությունից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Իսկ մենք?

  2. Hakob says:

    վերջին հաշվով Ուկրաինայի ղեկավարության ազգային շահերին դավաճանելու հետևանքով որպես Ուկրաինա կնմա Եվրոմիությանը անդամակցած Բերդեռստանը մի 5000 քառակուսի կիլոմետրով:
    Իսկ արևելյան Ուկրաինան ու Ղրիմը միանգամից կմիանա Ռուսաստանին:

  3. goroskop75 says:

    Ինչու միայն 2008-ին ???: Իսկ 1996-ին, 1998-ին ու 2003-ին ???:

  4. Հրանտ Պապիկյան says:

    Լկտիության աստիճանով ԱՄՆ-ին հավասարը չկա: Ռուսաստանը գոնե ազնվորեն ասում է` իմ հետ չլինես, վիճակդ լավ չի լինի: Նա չի մտնում իր ուզածը չանող երկրներ և այնտեղ երևակայական մասսայական ոչնչացման զենք փնտրում, կամ ասում ես գիտեմ որ Բեն Լադենը այնտեղ է թաքնվում: Դեմոկրատիա հաստատելու “նպատակով” չի ռմբակոծում խաղաղ բնակչությանը, հետո էլ մտնելով երկիր ոչ թե դեմոկրատիա ներմուծում այլ ընդերքի նավթը արտահանում…
    Ողջ աշխարհը ցավոք կառավարվում է “ուժն է ծնում իրավունքը” սկզբունքով, Ռուսներն էլ գիտակցում են, որ այդ “իրավունքը” ունեն և անում են, հարցը դնելով պարզ ու հասարակ` իմ հետ չես, ուրեմը խնդիրներ կունենաս, ընտրությունը քոնն է…
    Հարցրեք Իրաքի, Եգիպտոսի և այլ Ամերիկական “ժողովրդավարություն”` ռումբերի տեսքով նվեր ստացած բնակիչներին, արդյոք դա էր իրենց երազանքը… Հարցրեք Սիրացիներին, թե ինչպես մազապուրծ եղան եվրո-ամերիկյան “օգնությունից”…
    Միգուցե իր ուժը գիտակցող և խաղի կանոնները ինքը թելադրել սիրող “դիկտատորը” ավելի լավ է քան թե կեղծավորությամբ նույնը անող ՈԽԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄԸ ???

    • Գագիկ Բաղդասարյան says:

      Կարծում եմ հետաքրքիր կլիներ ծանոթանալ պարոն Պապիկյանի տեսակետին ամերիկյան “օգնության”
      մասին հայ գաղթականներին 1915 թվին, Ճապոնիային եվ Եվրոպային 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, Հարավային Կորեային 1953 թվականից հետո:
      Շատ ավելի հետաքրքիր կլիներ Ձեր կարծիքը, թե երկիր մոլորակի այդ որ մյուս հզոր պետությունր նկատի առնելով համարենք ԱՄՆ-ին “լկտի”: Մեղա Տեր Աստված. կարողա Ռուսաստանին?

      • Հրանտ Պապիկյան says:

        հումանիտար օգնությունը ինչ կապ ունի իմ ասածի հետ… դա նույնիսկ խղճուկ Հայաստանն էլ է հատկացրել երբեմն, այդ թվում նաև Թուևքիային` երկրաշարժից հետո:
        Իսկ կարծիքի մասին` իմը դժվար թե Ձեզ հաճելի լինի, ծանոթացեք ավելի լավ է Միխաիլ Զադորնովի կարծիքին ))))

        • Արմեն says:

          Մարդ իր երկրին խղճուկ չպիտի անվանի, կան այլ բառեր….

          Չնայաց բացառված չի, որ Հայաստանը մի ժամանակ է եղել նաև ձեր երկիրը:

          Ամեն դեպքում ճիշտ չէ:

          • Հրանտ Պապիկյան says:

            Պարզաբանում եմ` ես իմ խղճուկ Հայաստանի ցավը տանեմ, և այդ բառը ես վատ իմաստով չեմ գրել: Այո, մենք մի բուռ հող ունենք և այլ երկրների` այդ թվում և մեր թշնամիների համեմատ խղճուկ ռեսուրսներ ու տնտեսություն, բայց ես երբեք դա չեմ փոխի ոչ մի եվրոպայի հետ: Հայաստանը միշտ էլ ԻՄ երկիրն է եղել և հիմա էլ իմ երկիրն է: Ես նրա վատին էլ եմ տեր, լավին էլ… Ով ինձ ճանաչում է` գիտի որ ես այս բառերը կյանքով ու արյունովս եմ ապացուցել Արմեն ջան… և անհամեստություն չեմ համարում ասել, որ ես հենց այն քաղաքացիներից եմ այս երկրի, ովքեր մի քիչ ավելի շատ բարոյական իրավունք ունեն իրենց կառուցած ու արյունով ազատագրած հայրենիքի հետագա ուղու ընտրությանը մասնակցելու, քան թե տարբեր գրանտներից ու պրոյեկտներից սնվող օտարամոլները, որոնք վճարով “հայրենասեր” են աշխատում…

        • bzjackal says:

          Ամերիկան էլ այդքան կապ չուներ թեմայի հետ: Եթե նույնիսկ ուներ՝ ապա որպես մի ԱՅԼ օրինակ՝ իր յուրահատկություններով: Չինաստանի հետ համեմատեիք, կամ՝ Ալբանիայի, Շվեյցարիայի…
          Իսկ Ձեր մեկնաբանությունից հետո նույնիսկ կարիք չկար հղում անել Զադորնովին: Նրա կարծիքը նույնքան տարբեր կարող է լինել Ձեր կարծիքից, որքան՝ հեղինակավոր:

          • Հրանտ Պապիկյան says:

            Չնայած սովոր չեմ անհասկանալի անուններով մարդկանց հետ բանավիճել, բայց ուզում եմ հիշեցնել, որ հոդվածի բուն թեման փոքր երկրներին պարտադրանքով իրենց կամքը թելադրող գերտերությունն է, ինչի ցայտուն օրինակ հեղինակը Ռուսաստանն է համարում, իսկ ես` ԱՄՆ-ն: Իսկ Չինաստանը, Ալբանիան և Շվեյցարիան նույնքան ընդհանրություն չունեն թեմայի հետ, ինչքան և մեկը մյուսի հետ` հարգելիս…
            Ձեր համեմատությունը ինձ հիշեցրեց հովիվների ՔԱՂԱՔԱԿԱՆ զրույցը “Մենք ենք մեր սարերը” ֆիլմում`
            -Ասում եմ դե մեծ երկրները մենք ենք… Ամերիկան ա… մեկ էլ Ավստրիան
            -Էհ, Լեհաստանի աղջիկները սիրուն են…
            -Լեհաստանը ինչ կապ ուներ..?
            -Ա դե որ սիրուն են, ասեմ սիրուն չեն?)))))))

  5. Արմեն says:

    ՈՒկրաինան երբեք հզոր չի լինի, անտեղ ապրող մարդիկ ( ճնշող մեծամասնությունը ) շահամոլ,

    օտարամոլ… տիպի են: Հայրենիք հասկացողությունը իրենց մոտ չկա` բացակայում է:

    Իրենց այլ բաներ է հետաքրքրում…..

  6. Mariam says:

    Վովան պարզապես դեռ այն մտքին է, թե ԽՍՀՄ-ը շարունակում է ապրել: Ինչպես ինքն էր անձամբ նշել, ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունն է եղել: Այն դարի, որը երկու համաշխարհային պատերազմ էր վերապրել: Բայց ինչպես ՛մեծն՛ Ստալինն էր ասում, մեկ մարդու մահը ողբերգություն է, հազարավորներինը՝ վիճակագրություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031