«Օրը հազար հոգի կամ տարեկան 100 հազար հոգի Հայաստանի բալանսից տեղափոխվում է Սփյուռքի նախարարության բալանս։ Հիմա, եթե դուք մի հինգ տարի էլ այսպես ձգեք նախարար, դառնում եք համայն հայության նախագահ կամ նախարար։ Այս տարվա թվերը կառավարությունը չի հրապարակում, որովհետև այս տարվա թվերն ամենաահավորն են՝ ինն ամսվա ընթացքում 160 հազար հայաստանցի միայն Լարսով է անցել։ Սա ողբերգություն է, և այն, որ Ձեր ոլորտի ֆինանսավորումը մեծանում է, դա․․․ չեմ հասկանում»,- այսօր ԱԺ կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, 2014 թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ դիմելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։
Նախարարն ավելի մանրամասն ՀԱԿ պատգամավորին պատասխանեց լրագրողների հետ ճեպազրույցում. «Պարոն Մանուկյանի ձևակերպումները ճիշտ չեն, կոռեկտ չեն։ Իհարկե, կա արտագաղթ, որևէ մեկը ժխտել չի կարող: Չի կարելի ասել, թե արտագաղթի պատճառները միաշերտ են: Վերջին քսան տարում ամբողջ աշխարհում արտագաղթի միտումներն ավելացել են, հունիսի 25-27-ը եղել եմ Սփյուռքի նախարարների համաժողովին, և կարող եմ ասել, որ յուրաքանչյուր չորրորդ մարդն աշխարհում միգրանտ է դառնում, և միգրացիան դարձել է արդեն սովորական երևույթ բոլոր երկրներում»:
Նրա խոսքով՝ շարժման մեջ չպետք է վատ բան փնտրել, պարզապես, ըստ նրա, հարցն այն է, որ մեր երկիրը փոքր է, և մենք անհանգստանում ենք այդ հարցով, որպեսզի ազգային անվտանգությանը վնաս չհասցվի: «Խորհրդային տարիներին կար «խոպան» հասկացությունը, միշտ էլ գնում և վերադառնում էին, և հիմա էլ կա՝ կրթական միգրացիա, աշխատանքային միգրացիա, որն ամենամեծն է։ Մենք կարիք ունենք աշխատողի, բայց քանի որ մեր միջին աշխատավարձերը չեն բավարարում մեր բնակչության պահանջները, ուստի նրանք գերադասում են գնալ այնտեղ, որտեղ վարձատրությունը բարձր է»,- ընդգծեց նախարարը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ