Այսօր Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը «Ելակետ» ակումբում դիմեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. «Հիմա տրանսպորտի թանկացման հարցն են դնում: Ես պաշտոնապես դիմում եմ քաղաքապետարանին եւ առաջարկում, որ ինձ վաճառեն բոլոր երթուղային գծերը: Ես պատրաստ եմ գնելու եւ այդ գծատերերին ազատելու իրենց այդ բեռից, պարտքերից, վարկերի նկատմամբ պարտականություններից եւ իմ վրա վերցնել բոլոր պարտականությունները: Ես 1 դրամով ամեն գիծն առնում եմ, բայց բոլոր պարտականությունները վերցնում եմ ինձ վրա: Ուղեվարձի գինը մնալու է 100 դրամ եւ ես կապահովեմ որակյալ տրանսպորտ: Թող գծատերերն իրենց ագահությունը զսպեն եւ նորմալ տրանսպորտ ապահովեն»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք այդքան գումար ունե՞ք, որ գնեք բոլոր երթուղիները՝ իրենց մեքենաներով հանդերձ՝ Արմենակ Դովլաթյանը պատասխանեց. «1 դրամով կարող եմ գնել: Իրենք ամբողջ օրը լաց են լինում, որ իրենք արդեն քանի տարի է՝ վնասով են աշխատում: Ես իրենց այդ վնասներից եմ ազատում»:
Մեր դիտարկմանը, որ գծատերերը վնասով աշխատելը պահեստամասերի գներով են պայմանավորում, քսայուղերի թանկ լինելով եւ այլն՝ նա պատասխանեց. «Բայց իրենք այնպես են ասում՝ վնասով ենք աշխատում, կարծես բարեգործություն են անում: Ես ասում եմ՝ ես ձեզ ազատում եմ այդ բոլոր պարտքերից, վնասներից: Գնացեք հանգիստ ապրեք, ազատ շնչեք, ինչի՞ եք կառչել այդ գծերից, եթե վնասով եք աշխատում: Տվեք, ես վերցնում եմ: Լավ, 10 անգամ գինը կբարձրացնեմ, 10 դրամով կգնեմ: Ես դա վերցնում եմ, եթե իրենք այդքան տխուր վիճակում են: Ես բոլոր պարտքերը վերցնում եմ ինձ վրա»: Նա վստահեցրեց, որ 100 դրամով միանշանակ հնարավոր է նորմալ սպասարկում իրականացնել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ