Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը՝ ներկայացնելով Մինսկում հոկտեմբերի 24-ին ավարտված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովի արդյունքները, հայտարարել էր, թե «Հայաստանի մասով հստակ որոշվել է, որ աշխատանքային խումբը սկսում է աշխատանքը, եւ «Ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները կներկայացվեն արդեն Խորհրդի հաջորդ՝ դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք նիստի ընթացքում»:
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը նշել էր, որ ի տարբերություն Ղրղըզստանի, որը Մաքսային միությանը անդամակցելու համար որոշակի վերապահումներ խնդրում է, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը: Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերել էր նաև Սերժ Սարգսյանի խոսքերը, ով, նրա փոխանցմամբ, ասել էր, թե «պատրաստ է ամբողջ ծավալով՝ առանց որևէ վերապահումների, առանց որևէ սահմանափակումների, միանալ ամբողջ պայմանագրային-իրավական բազային և պահպանել բոլոր նորմերը»:
Շուվալովի հայտարարություններում առաջին հայացքից որոշ շտապողականություն է նկատվում: Aravot.am-ը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեց` ո՞րն է այս շտապողականության պատճառը: Պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Իհարկե, ռուսական կողմից շտապողականություն նկատվում է, և դա ինչ-որ չափով նաև հասկանալի է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մաքսային միության անդամակցության գործընթացում բավականին լուրջ խնդիրներ կան, մասնավորապես Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերություններում: Կարծես գործընթացը բավականին դանդաղել է և Ռուսաստանը նոր զարկ է փորձում հաղորդել Եվրասիական միության ձևավորման գործընթացին: Արդեն իսկ Բելառուսի և Ղազախստանի կողմից բավականին լուրջ վերապահումեր են ի հայտ եկել, և ՌԴ-ի համար կարևոր է ցույց տալ, որ գործընթացը շարունակական և զարգացող է»:
Մեր մյուս հարցին` արդյոք ռուսական կողմը իրավասո՞ւ էր նման հայտարարությամբ հանդես գալ` խոսելով Հայաստանի կողմից ` առանց վերապահումների բոլոր համաձայնագրերը ընդունելու մասին, այն դեպքում, երբ ՀՀ-ի կողմից միայն ցանկության մակարդակով է հայտարարվել Մաքսային միությանը անդամակցելու մասին, քաղաքագետը պատասխանեց. « Մաքսային միությանը միանալու մասին հայտարարություն եղավ սեպտեմբերի 3-ին, հետո Մինսկի համագումարի ժամանակ գործընթացը սկսելու որոշում կայացվեց: Ու ըստ այդմ` ռուսական կողմի հայտարարությունը մեր արտահայտած դիրքորոշումից ավելի ոչինչ չի ասում»:
Հետաքրքրվեցինք` Շուվալովի հայտարարությունից բխող հետագա ի՞նչ զարգացումներ սպասել: Քաղաքագետը պատասխանեց. «Գործընթացը սկսելու ցանկություն հայտնվել է ամենաբարձր մակարդակով, և երկու երկրների կառավարությունները աշխատում են հենց նախագահների կողմից ընդունված որոշումների շրջանակներում : Իսկ թե տարբեր պաշտոնյաներ ընթացքում ինչպիսի ռեպլիկներով և ինչպես հանդես կգան, դա գործընթացի վրա էական ազդեցություն չի կարող ունենալ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ