«Շատ ու շատ առողջ մտածող մարդկանց հետ հանդիպել եմ, խոսել եմ և նրանք համարում են, որ Հայաստանի անվտանգությունն ամեն ինչից վեր է»,- սա ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մոտեցումն է ՀՀ արտաքին քաղաքականությանը:
Այս մասին այսօր բարձրաձայնեց տիկին Հակոբյանը`խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում: Նրա դիտարկումն ուղղված է բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ Հայաստանը, Մաքսային միություն ընտրելով, մեջքով շրջվեց Եվրոպային:
Իսկ «մտածող մարդիկ», ում հետ խոսել է նախարարը, հայկական Սփյուռքի եվրոպական հատվածն են ներկայացնում եւ հետեւյալ տրամադրություններն ունեն. «Գտնում են, որ մենք չենք կարող միանգամից կտրել հարաբերությունները: Եվ նույն եվրոպական կամ ամերիկյան բիզնեսմենների համար էլ մեծ շուկա է բացվում՝ ԱՊՀ տարածք, 300 մլն-անոց շուկա, որ իրենք, նաև գալով Հայաստան, կկարողանան դուրս գալ նաև Մաքսային միություն: Ոչ մի դժվարություն կամ անհանգստություն ես մեր հայրենակիցների կողմից չեմ նկատել»:
Ինչպես բոլոր ՀՀԿ-ականները, Հրանուշ Հակոբյանը եւս գտնում է, որ Եվրոպայի առաջ մենք մեր դռները չենք փակել.«Սփյուռքի նախարարության ու ընդհանրապես ցանկացած հայի համար առաջին հերթին Հայաստանի, Արցախի անվտանգության, ապահովության խնդիրներն ամեն ինչից վեր են: Եվ հետո՝ այդ տարածքում ապրում է 3,5 մլն հայ, և մենք շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները փայլուն լինեն: Իսկ ո՞վ ասաց, որ սա առաջին քայլն է, առաջին դեպքն է, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն. 92թ.-ից է մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը, ստորագրվել է պայմանագիր, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Գտնում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում՝ համագործակցելով բոլոր կազմակերպությունների, կառույցների հետ, որտեղ նաև հաշվի կառնվեն մեր գերակա շահերը»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը` նախարարը չի՞ կարծում, որ այդ կառույցներն անհամատեղելի են, ինչի մասին բազմիցս եվրոպացի գործընկերներն էլ են նշել, նա հակադարձեց. «Նույն Եվրամիությունն ինքն այսօր ցանկություն է հայտնում ինչ-որ պայմանագիր ստորագրելու: Մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանը նաև եվրոպական կողմնորոշման, եվրոպական արժեքներ կրող երկիր է և հետևաբար մեր առջև որևէ դուռ փակ չէ: Մենք պետք է աշխատենք, անլուծելի խնդիր չկա, մարդիկ են ստեղծում այդ կանոնները, որոնց վրա կարելի է աշխատել այնպես, որ…»,-ասաց նա, մի փոքր մտածեց ու հավելեց. «Իսկ ո՞վ ասաց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ: Աշխարհագրությունից ի՞նչ եք սովորել: Եվրոպան Ասիայից բաժանվում է Ուրալյան լեռներով, Ուրալ գետով և այլն և այլն: Ինչի՞ մասին է խոսքը: Ո՞վ ասեց, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, ինչո՞ւ եք այդպես աղետ սարքել: Մենք պետք է հասկանանք, որ կա ազգային, պետական շահ, որը ամեն ինչից պետք է վեր դասենք»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ