Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Համարձակ ենք, բայց հասկացված չենք»

Հոկտեմբեր 30,2013 13:45

– Ի՞նչ ա, թիմդ ուժեղ չի՞: 
– Համ թիմս ա ուժեղ, համ էլ ես էլ պակաս ուժեղ չեմ: Մինչեւ այժմ չեմ հիշում, որ ինձ անհամարձակության մեջ մեղադրեն: Ուրիշ բանից ենք վախենում: Վախենում եմ կորստից: Թիմ կարող ա փոխվի ու պետական միջոցների փոշիացում լինի: Իմ աչքի առաջ են այդ ամբողջ բաները:
Այս երկխոսությունն այսօր 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ տեղի ունեցավ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջեւ: Պատասխանելով պատգամավորների`դպրոցների վերանորոգմանը վերաբերվող հարցերին, նախարար Աշոտյանն ասաց, որ մեկ միլիոն եվրոյին համարժեք գումար է պետք հանրապետության բոլոր դպրոցները միանգամից վերանորոգելու համար: Նա նաեւ փաստեց, որ փորձը ցույց է տվել, որ մասնակի վերանորոգումներն անարդյունավետ են ու, ըստ էության, պետական միջոցների վատնում, քանի որ մինչեւ հասնում են վերանորոգումների վերջին, սկիզբը քանդվում է:
Շարունակելով իր կուսակից ընկերոջ դիտարկմանը հակադարձել՝ Արմեն Աշոտյանը հորդոր ուղղեց նաեւ լրագրողներին. «Ոչ մի քաղաքական ակնարկ չկա, սիրելի լրագրողներ: Խոսքը քաղաքական ճամբարների մասին չէ, այլ պետական միջոցների նկատմամբ ոտնձգություններ անող մարդկանց`անկախ քաղաքական ճամբարից»:
Այս համատեքստում Աշոտյանը մի շարք օրինակներ բերեց`կապված ուսուցչի տների, ուսուցչական հանգստյան տների եւ այլնի հետ, որոնք այսօր այլ նպատակների համար են շահագործվում: Ապա բերելով նաեւ իր համարձակությունը փաստող մի քանի օրինակներ`բուն ուսումնական պրոցեսին վերաբերվող, ինչի արդյունքում ստիպված է եղել իրավական քաշքշուկների մեջ ընկնել, նախարարն ասաց. «Համարձակ ենք, բայց հասկացված չենք»:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն էլ հետաքրքրվեց`ժամանակը չէ՞, որ վերանայվի ուսուցչի պաշտոնի նկարագիրը, դրույքի համար վճարվող գումարը, դրույքի ժամաքանակի վերանայումը, մանավանդ, որ բավականին լրացուցիչ աշխատանքներ են հիմա ուսուցիչները կատարոմ` թե գրավոր աշխատանքների հետ կապված, թե նորագույն տեխնոլոգիաների ներմուծման, երբ ուսուցիչները պարտավոր են dasaran.am կայքում համապատասխան մուտքագրումներ անել:
Արմեն Աշոտյանն ասաց, որ համաձայն է պաշտոնի թարմացված նկարագիր տալ, բայց դա չկապել դրույքաչափի հետ: Աշոտյանի մշտական տեսակետն է`շնորհակալ եղեք, որ չի բարձրանում: Մեջբերելով միջազգային փորձն ու չափանիշներն, ասաց, որ մեր ուսուցիչները դեռ մի բան էլ միջազգային չափանիշներին համապատասխանելու խնդիր ունեն: Լավ է, որ նախարարն այն կարծիքին չէ, որ մանկավարժների աշխատավարձն այսօր լավագույնն է, գտնում է, որ պետք է բարձրացնել, բայց անկախ դրույքաչափից: Իսկ ներկայիս սահմանված չափանիշները նա համարում է աշխատանքի պարտադիր չափ:
Ի դեպ, կրթության ոլորտին 2014 թվականի պետբյուջեով կհատկացվի 122 մլրդ դրամ, որը 14 մլրդ դրամով ավելի է այս տարվա համեմատ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ բարձրացումը պայմանավորված է աշխատավարձերի փոփոխությամբ: Գիտությանը հատկացված ֆինանսավորումը ևս կավելացվի: Պավել Սաֆարյանը նշեց, որ գիտությունն օրենսդրորեն միակ պաշտպանված ոլորտն է: «Այլ բան է, որ հատկացված գումարները մեր ցանկությանը չեն համապատասխանում: Օրենսդրորեն պաշտպանված է, քանի որ որքան մեր եկամուտներն ավելանում են, այնքան ավելացնում ենք գիտությանը հատկացվող գումարները: Քանի որ մեր եկամուտների աճը հաջորդ տարի կազմելու է 16.3 տոկոս, ապա գիտության ֆինանսավորումն էլ կավելանա այդքանով»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031