Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Դովլաթյան. «Ռոբերտ Քոչարյանը զրկել է ընդդիմությանը ռեսուրսերից»

Հոկտեմբեր 30,2013 13:43

Այսօր «Ելակետ» ակումբում Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը, ներքաղաքական կյանքի մասին խոսելիս, ասաց, որ քաղաքական դաշտում այսօր սպասողական վիճակ է. «Իշխանությունները կարծես թե հասել են մի ցինիկության աստիճանի, բոլոր առաջարկները ընդդիմությունից, քաղհասարակությունից չեն ընդունում, չեն ընկալում: Օրինակ, տրանսպորտի գնի բարձրացման հարցը, բնապահպանական հարցերը: Տեսնում ենք շատ խայտառակ վիճակ, իսկ իշխանություններն ասում են՝ ամեն ինչ հոյակապ է, լավ է, մենք բարեփոխումներ ենք անում:

Արտագա՞ղթն եք խթանում, ի՞նչն եք բարեփոխում»,- զարմացավ Արմենակ Դովլաթյանը:
Անդրադառնալով 18 հազար դրամ գործազրկության նպաստները վերացնելուն՝ Արմենակ Դովլաթյանն ասաց. «Գործազուրկների նպաստից մարդկանց զրկեցին, կարծես այդ նպաստը կառավարության համար շատ մեծ բեռ է: Թոշակառուներն էլ են բեռ: Չկա որեւէ երկիր, որտեղ թոշակառուն զրկվում է իր թոշակից, եթե բացակայում է երկրից: Հայաստանում, եթե 3 տարի եւ ավելի բացակայում ես, նախ 6 ամիս հետո անգամ երաշխավորագրով զրկվում ես թոշակ ստանալու իրավունքից: Եթե վերադարձել ես 5 տարի հետո, վերջին 2 տարվանն են տալիս: Չկա այդպիսի բան, դա մարդու իրավունքների խախտում է»:

Նա վստահեցրեց, որ իշխանությունների հետ հնարավոր չէ համագործակցել որեւէ հարցում. «Եթե այս պատերի կամ սեղանի հետ խոսեինք, շատ ավելի մեծ արդյունք կարող է ունենայինք, քան այս իշխանությունների հետ ենք խոսում»:

Կանաչների կուսակցությունը մեկն էր այն 18 կուսակցություններից, որոնք ՀԱԿ դաշինքի մաս էին կազմում: Պարոն Դովլաթյանի խոսքերով՝ «Մեր կուսակցությունը դեռ մնում է ՀԱԿ դաշինքում, բայց այդ ՀԱԿ-ը փաստացի գոյություն չունի: Այն կուսակցությունը, ՀՀՇ-ն, որը անվանափոխվեց, դարձավ ՀԱԿ, մենք դրա անդամ չենք»:

Մեր հարցին՝ ՀՀՇ-ի դեմ ինչ-որ բա՞ն ունեք, նա պատասխանեց. «ՀՀՇ-ի հետ համագործակցել ենք այն ժամանակ էլ: Մենք միշտ աշխատել ենք ցանկացած ընդդիմադիր շարժման հետ, որովհետեւ միայնակ այսօր Հայաստանում ինչ-որ բան անել հնարավոր չէ»:
Խոսելով այսօր ընդդիմության դերի մասին՝ նա նշեց. «Կան ուժեր, որոնք այսօր ուզում են փոխել Հայաստանում իրավիճակը, բայց այդ ուժերի ռեսուրսներն են սուղ: Մեր կուսակցությունը հիմա քայլեր է փորձում իրականացնել, եւ մարդկային ռեսուրսներ հավաքել, որ կարողանանք ինչ-որ քայլեր իրականացնել: Ցանկացած ակցիա պահանջում է որոշակի ռեսուրսներ: Իշխանութունները հասել են մի այնպիսի դրության, որ ցանկացած ընդդիմադիր ուժ զրկված է բոլոր տեսակի ռեսուրսներից: Ընդդիմադիր ուժերը օրինական եւ ոչ օրինական զենքերով զրկվում են ռեսուրսների հնարավորությունից»:

Մեր հարցին՝ իսկ ընդդիմության մեղավորությունը դրանում չկա՞, 2008-ին ընդդիմությունը լուրջ ռեսուրսներ ուներ, ինչո՞ւ զրկվեց այդ ռեսուրսներից՝ պարոն Դովլաթյանը պատասխանեց. «2008-ին բռնկում եղավ, ռեսուրսներ հայտնվեցին: Ռեսուրսների զրկման պրոցեսը սկսել է Ռոբերտ Քոչարյանը: Հիմա շատ երիտասարդ ակտիվիստներ, որոնք կան, չեն ուզում կուսակցության անդամ դառնան, որովհետեւ վարկաբեկել են կուսակցությունները: Դա նպատակաուղղված է արվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031