Կիրակի օրվանից ավարտվեց «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման տասնամյակը Վրաստանում։ Սաակաշվիլին ընդունեց իր գլխավորած՝ Միացյալ ազգային շարժման թեկնածու Դավիթ Բաքրաձեի պարտությունը, վերջինս շնորհավորեց իր մրցակցին՝ «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրված եւ ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Գիորգի Մարգվելաշվիլիին։
ԵԱՀԿ-ն, Պետդեպը, ՆԱՏՕ-ն շնորհավորել են վրաց հասարակությանը՝ «թափանցիկ եւ խաղաղ նախագահական ընտրությունների» անցկացման առթիվ։ Ընտրություններին դրական արձագանքեց անգամ պաշտոնական Մոսկվան` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մակարդակով․ «Դատելով ստացվող տեղեկություններից, ընտրություններն ազատ էին եւ արդար, ոչ ոք արդյունքները չի վիճարկում, եւ մենք ընտրությունների կապակցությամբ շնորհավորում ենք Վրաստանի ժողովրդին»։
44-ամյա Մարգվելաշվիլին, խոսելով ընտրությունների մասին, նշեց, որ աշխարհին ցույց տվեցին, որ ազատ ժողովուրդն ազատ կերպով ընտրում է իր կառավարությանը: Մարգվելաշվիլին ընդգծեց, որ նոր նախագահի ժամանակ երկրում չեն իրականացվի քաղաքական հետապնդումներ․ «Քաղաքական հետապնդումները հակասում են ժամանակակից եվրոպական երկրների հայեցակարգերին եւ սկզբունքներին, եւ որ Վրաստանում չի լինի նման բան: Իրավական պետությունը հենց այն է, ինչի վրա կառուցված են եւ՛ ԱՄՆ-ը, եւ՛ Եվրոպան: Դա Վրաստանի պետականության հիմքն է»:
Կարդացեք նաև
Հարեւան Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները եւս մեկ առիթ են մտորելու այդ երկում առկա քաղաքական, հասարակական մթնոլորտի եւ բավական բարձր մակարդակի վերաբերյալ: Սաակաշվիլիի տասնամյա իշխանավարումն, իհարկե, հակասական էր շատերի համար:
Էմոցիոնալ Միշան պետական այրին հատուկ զսպվածություն ու սառնություն, հավանաբար, չուներ, բայց ուներ խարիզմա եւ ամենագլխավորը՝ կամք երկրի զարգացման տեսլականի առումով։ Այդ տեսլականն էր, որ հարեւան Վրաստանը դրեց ճիշտ ուղու վրա։ Շատերը սովորաբար կհակադարձեն՝ իսկ 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերա՞զմը, իսկ «տարածքների կորու՞ստը»․․․
Վրաստանը դժվարին օրեր, անշուշտ, ապրել է, սակայն այդ երկրի պահանջկոտ ու առաջադեմ հասարակական գիտակցության ձեւավորման վրա Միշայի կառավարման էպոխան իր ազդեցությունը, վստահաբար, ունեցել է: Վրաց հասարակության մի ստվար մաս հիասթափվեց Միշայից, փոփոխության էր ձգտում, եւ այդ փոփոխությունն ամրագրելու հնարավորություն ունեցավ՝ անցյալ տարի հոկտեմբերին, երբ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք»-ը հաղթեց ընտրություններում:
Վրաստանն արդեն այն մակարդակում է, որտեղ փոփոխությունները՝ նույնիսկ ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր իրավիճակն ու նոր անձերի ի հայտ գալը, չեն փոխում այդ երկրի զարգացման հիմնական ուղին: Վրաց հասարակությունն անշեղորեն բռնել է եվրոպական համամարդկային արժեհամակարգի հաստատման ուղին, անցնում է այդ ճանապարհը, եւ, բարեբախտաբար, քաղաքական նոր ֆիգուրները հաշվի են նստում այդ նպատակի հետ:
Եվ դա է պատճառը, որ Վրաստանի իշխանությունները զգում են, թե որտեղից կարող է լինել վտանգը՝ այդ ուղուց Վրաստանը հետ պահելու, շեղելու հարցում: Die Welt-ին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին օրերս անդրադարձավ ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ նկատելով. «Այն, ինչ տեղի է ունենում այսպես կոչված Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ սահմանին, հարցերը թողնում է բաց: Ես դեռ հույս ունեմ՝ կապված խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հետ: Այն, ինչ տեղի է ունենում սահմանին, արդեն իսկ հանդիսանում է ճնշում (կապված Վրաստանի եվրաինտեգրման հետ): Սակայն մենք թույլ չենք տա կանգնեցնել մեզ: Ռուսաստանը երբեք պաշտոնապես իրեն չի հակադրել ԵՄ-ի հետ, սակայն նրա գործողություններում հստակ նկատվում է այդպիսի վերաբերմունք: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ՌԴ-ն ինչ դեմ բան ունի Եվրոպային: ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը մեր ռազմավարությունն է: Մենք ոչ մի դեպքում չենք փոխի այն»:
Վրաստանում կայացած նախագահական ընտրությունները պաշտոնապես վերջ դրեցին Միշայի դարաշրջանին։ Սակայն Սաակաշվիլին վստահեցնում է, որ այս ընտրություններն իր քաղաքական կարիերայի ավարտը չեն։ Հեռացող Միշան երկուշաբթի օրը նախագահական պալատից հրաժեշտի ուղերձ հղեց քաղաքացիներին․ «Տասը տարի առաջ ես ձեզ առաջարկեցի ճանապարհորդություն դեպի ապագա, սակայն չխոստացա, որ կհասնենք մինչեւ վերջ: Դա հետաքրքիր ճանապարհորդություն էր, եւ այդ ապագան եկել է այսօր: Ու այն պատկանում է ձեզ: Եվ հենց դուք եք այսօր պատասխանատու այդ ճանապարհորդության համար, որը չի ավարտվում… Մենք այդ ճանապարհին կատարել ենք այնպիսի կարեւոր քայլեր, որ ետ վերադարձ արդեն հնարավոր չէ… Դուք պետք է առաջ շարժվեք դեպի ապագա, եւ դեպի մեր երկրի զարգացում այդ զարմանալի ճանապարհորդության ընթացքում ես միշտ ձեզ հետ կլինեմ»:
Երկրի ապագայի առումով խիստ կարեւոր էին Սաակաշվիլիի հետեւյալ խոսքերը․ «Մեզ, անպայման, հարկավոր է խաղաղություն, սակայն պատերազմի բացակայությունը դեռ չի նշանակում խաղաղություն: Խաղաղությունը չի կարելի փոխել նվաճողի նկատմամբ հնազանդության հետ, այն չի կարելի գնել անկախության գնով: Ձեզ խնդրում եմ՝ ոչ մեկին հնարավորություն մի տվեք մեր սուվերենությունը զոհաբերել, թույլ մի տվեք ռուս գործակալներին վերադառնալու հնարավորություն ունենալ, երբեք մի հրաժարվեք ՆԱՏՕ-ից եւ ԵՄ-ից»,- ասել է Սաակաշվիլին:
Միշան եկավ գեղեցիկ, հեռացավ գեղեցիկ․․․ Նրա բացակայության ընթացքում սոցիալական, տնտեսական տարբեր խնդիրներ այդ երկրի ղեկավարությունը կամք կունենա լուծելու: Սակայն երկրի սուվերենության զոհաբերումն այն խնդիրն է, որտեղ Միշայի բացակայության պայմաններում, եթե վրացական քաղաքական էլիտան փոքր-ինչ սայթաքեց, իսկապես, հետեւանքները զարգացում ապրող մեր հարեւան երկրի համար, կարող են ճակատագրական լինել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Մենք, այդ թվում նաև ես, միշտ թերահավատությամբ էինք վերաբերվում վրացիներին: Բայց այսօր, թերևս, պիտի հարգանքով վերաբերվենք նրանց,- դա նրանք վաստակել են՝ հիրավի:
Ամենաստորացուցիչը մեզ համար մեր տեսակը նրանց տեսակի հետ համեմատելն է: Ամենամեղմագույն բառն անգամ չեմ կարող օգտագործել նկարագրելու համար մեր ամենօրյա քայլերի ողջ նողկալիությունը: Եւ բանն այն չէ, որ մենք սողալով փորձում ենք մտնել այդ խավարամիտ ցեղախմբերի կազմակերպությունը ու նրանք աքացիով (մեր հայտնի տեղին) մեզ հետ են շպրտում, այլ այն, թե ինչ ստորաքարշությամբ ենք մենք դա անում:
Միշան Վրաստանին զրկել է Աբխազիայից և Հ. Օսիայից: Դուք ՀԱՅՐԵՆԻՔ գիտեք ինչ է
Դուք շատ լավ գիտեք, որ 18 Միշա էլ լիներ, չէր կարողանալու պահել Աբխազիան և Հ. Օսիան: Դրանք վաղուց պոկված էին Վրաստանից:
Իսկ մենք 22 տարվա ընթացքում չհասկացանք, որ առաջին հերթին հարկավոր է դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը, այլապես ընդմիշտ կախված ենք մնալու Ռուսաստանի ցնցոտիավոր փեշից, և նա միշտ թքած է ունենալու մեր ոչ միայն շահերի այլ նաև մեր գոյության վրա:
Ուզում եմ նաև ավելացնել, որ սողալով ապրելը իրեն հարգող ամեն էակի, այդ թվում նաև ժողովրդի, համար մեռնելուց վատ է: Բայց ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ,- չմոռանաք:
Շատ իրավացի է Լեւոն Մելքումյանը, իսկ ահա Արմենին արժեր նկատել տալ, որ Աբխազիան Վրաստան չի եւ հետեւաբար Աբխազիայի չլինելը Վրաստանի կազմում չի նշանակում տարածք կորցնել: Նույն տրամաբանությամբ Ադրբեջանն էլ է տարածք կորցրել: Ո՞ւմ տարածքը: Նորից շատ իրավացի է Լեւոն Մելքումյանը: Շատ, շատ ճիշտ է ասված ու ցավոտ: Ու հասցեատերը չի երեւում…