Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Արմեն Աշոտյանը չորս տարի ժպտում

Հոկտեմբեր 30,2013 12:38

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի մոտ պարբերաբար ժպիտ են առաջացնում մեր մեդիա դաշտի արձագանքները՝ Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին: Այսօր խորհրդարանում իր պարբերաբար ժպիտների մասին բարձրաձայնեց ՀՀԿ փոխնախագահը`անդրադառնալով լրագրողների հարցին, որը վերաբերվում էր ռուսական առաջին ալիքով` ՕРТ-ով, հնչած այն տեղեկատվությանը, թե Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը, այդպես էլ ցանկություն կմնա և չի իրականանա, քանի դեռ լուծված չէ ԼՂ հիմնախնդիրը:

Աշոտյանը հիշեց, որ մինչ այդ երեք ու կես տարի ժպիտ էին առաջացնում տարաբնույթ մեկնաբանությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերաբերյալ, երբ, ըստ ՀՀԿ-ական գործչի, միաժամանակ մեդիա դաշտը փորձում էր «մեզ» կռվացնել ԱՊՀ երկրների հետ. «Հիմա, կարծես, շեշտադրումները փոխվել են, բայց մոտեցումը մնացել է նույնը»։ Բայց որ ՕРТ-ի ռեպորտաժում, հատկապես ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումներն ուղղակի անընդունելի են, Աշոտյանը չի հերքում: Ավելին, դա իրեն էլ է վրդովվեցրել։
«Ակնհայտ է, որ և Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք փորձում են մեդիա դաշտի միջոցով հակառուսաստանյան տրամադրություններ սահմանել, և, ցավոք, ռուսական մեդիա դաշտում կան արտահայտումներ, որով փորձ է արվում Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծել արհեստական էմոցիոնալ բնույթի խնդիրներ։ Ես բացառում եմ, որ այդ ձևակերպումները լինեն ռուսական իշխանությունների կողմից հրահանգված կամ սատարվող»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանը երբեք իր դեմքը չի շրջել Ռուսաստանից և նման է «Յանուս աստվածին, ով իր բազմավեկտոր քաղաքականության շրջանակներում հասցնում էր իր դեմքը մի քանի տեղերում ցույց տալ»։
Հարցին՝ թե ինչո՞ւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին, արդյո՞ք վախենում է, Աշոտյանը պատասխանեց․ «Հոլանդական անարատ կաթ խմած եվրոպական մոտեցումների շրջանակում իր հակառուսական տրամադրություններն արտահայտող լրատվական դաշտի մի հատվածի ձայնն ավելի սաստիկ է լսվելու, քանի որ մեր արևմտյան գործընկերները հայտարարել են, որ շարունակելու են աջակցությունը Հայաստանի քաղաքացիական ինստիտուտների զարգացմանը, իսկ լրատվական դաշտի ռուսաստանամետ հատվածն ավելի պասիվ է և չի ցանկանում ընթացիկ քաղաքական խաղ տալով Հայաստանում ՝ այդ ռեսուրսն ի նպաստ դնել Հայաստանի ղեկավարության բարձրաձայնած որոշման լրատվական սատարմանը։ Ենթատեքստերը դուք հասկացեք»։
Իսկ Թուրքիայի՝ Մաքսային միության անդամ դառնալու վերաբերյալ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, ՀՀԿ փոխնախագահը համարում է ընդամենը կարծիք: Աշոտյանի համոզմամբ, եթե Թուրքիան ցանկանար միանալ Մաքսային միությանը, ապա դժվար թե Վլադիմիր Պուտինն այդ մասին իմանար Նազարբաևի շուրթերից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031