Անցած կիսամյակում Հայաստանում թողարկվել է 8 մլրդ կտոր ոսկյա զարդ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 32.3 տոկոսով աճել է։ Սակայն հայաստանյան սպառողների համար նման առաջընթացն առանձնապես ոգեւորիչ չէ։ Միեւնույն է, մեր գնորդների գերակշիռ մասը նախընտրում է թուրքական ոսկին՝ հիմնավորելով, որ այն ե՛ւ ավելի մատչելի է, ե՛ւ ավելի որակյալ։ Առհասարակ, քաղաքացիները ոսկու տեղական շուկաներից խիստ դժգոհ են. տարածված է խաբեբայությունը, բացակայում է վերահսկողությունը։
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի ներկայացմամբ՝ ներկայումս Հայաստանում արտադրվող ոսկյա զարդերի 88,5 տոկոսն արտահանվում է. «Ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծապես ազդել էր նաեւ ոսկերչության զարգացման տեմպերի վրա։ Սակայն այժմ փորձում ենք ոսկու շուկան կայունացնել. ոլորտի զարգացման համար կառավարությունն ազատ տնտեսական գոտու հնարավորություն տվեց, ինչպես նաեւ օրենսդրական բարենպաստ միջավայր է ստեղծվել, ոսկերիչներն ավելացված արժեքի հարկ վճարում են պատրաստի նմուշի վաճառքից հետո միայն»։
Փաստորեն, պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում ոսկերչության զարգացման համար, բայց պտուղները քաղում են արտասահմանցիները, արտահանման այդ ցուցանիշը գուցե ոսկերիչների անձնական գրպանի համար ոգեւորիչ է, սակայն հայաստանցի սպառողների համար դրանից ոչինչ չի փոխվում։ «Թուրքականից լավը չկա, հեչ անորակ էլ չէ, շատ էլ լավն է։ Տեղական արտադրության այս մատանին, որն 800 դոլար է, կարծում եք՝ ավելի որակյալ է, քան նույն քաշն ու համարյա նույն տեսքն ունեցող այս մյո՞ւսը, որը թուրքական է ու արժի 530 դոլար»,- ոսկու շուկայում կատարած մեր շրջայցի ընթացքում իր կարծիքը ներկայացրեց ոսկու գնորդ Անահիտ Վարդանյանը:
Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում