Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով կիրակի օրը հարևան Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններն ու անդրադառնալով հաղթանակած թեկնածուին`«Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիին, ասաց. «Նա փաստորեն ներկայացնում էր գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի թիմը և պետք է նշեմ, որ մինչև ընտրությունները էդքան էլ մեծ վարկանիշ չուներ և փաստացի ընտրվեց ի շնորհիվ Իվանիշվիլիի: Իհարկե, Սաակաշվիլին էլ քիչ բան չարեց վրացական պետության համար, բայց միաժամանակ այն խոշոր բացթողումները, որ թույլ տվեց, որից օգտվեցին իր մրցակիցները, հանգեցրեց նրան, որ ինքը ԱԺ ընտրությունների ժամանակ կորցրեց կառավարությունը, հիմա էլ նախագահի լիազորությունները: Թեև Վրաստանում Սահմանադրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների պատճառով նոր նախագահն այնքան էլ մեծ լիազորություններ չի ունենա, ինչպիսին ունեցել են նախկին նախագահները և պետք է ասեմ, որ սա ավելի շատ հոգեբանական հաղթանակ է վարչապետի համար, որովհետև նախագահն և կառավարությունը նույն կուսակցությունն են ներկայացնում»:
Մեր զրուցակցի գնահատմամբ՝ նորընտիր նախագահն ավելի բարյացակամ կլինի հայերի նկատմամբ: Ըստ նրա, թեև ընտրությունների ժամանակ վարչապետ Իվանիշվիլիի մոտ մտավախություն կար, թե հայաբնակ Ջավախքում իրենց թեկնածուն չի հաղթանակի, որովհետև ամուր էին Նինո Բուրջանաձեի և Սաակաշվիլիի թեկնածու Դավիթ Բակրաձեի դիրքերը, սակայն Սաակաշվիլի-Չախալյան լեզվամարտից հետո Մարգվելաշվիլին 70 տոկոս ձայն հավաքեց ու խոշոր հաղթանակ տարավ:
«Սահակաշվիլին իր կառավարման տարիներին Վրաստանը մտցրեց թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողության տակ, Վրաստանը շատ դեպքերում կախված է հենց այս տանդեմից, Վրաստանում գործող շատ ոլորտներ վերահսկվում են ադրբեջանա-թուրքական գործարար խավի կողմից: Սաակաշվիլիի կառավարման տարիներին բավականին ուժեղացավ Թուրքիայի դիրքերը Աջարիայում և Վրաստանի այլ տարածաշրջաններում, ինչպես նաև Ջավախքում , որը բնակեցված է մեծամասամբ հայերով և հենց թուրք-ադրբեջանական կողմից հովանավորված Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Ղարս երկաթգծի շինարարության պատճառներից մեկն էր, որ թուրքերն ու ադրբեջանցիները բավականին հզորացրեցին իրենց դիրքերը Ջավախքում: Բիձինա Իվանիշվիլին և իր ղեկավարած կուսակցությունը ավելի գերադասում են անկախ քաղաքականություն վարել և ցույց տալ, որ Վրաստանը կարող է նաև այլ դիրքորոշում ունենալ տարածաշրջանում: Ի տարբերություն Սաակաշվիլու, որը միայն արևմտամետ քաղաքականություն էր վարում, Իվանիշվիլին գերադասում է ոչ միայն արևմտամետ քաղաքականություն վարել, այլ ձգտում է վերականգնել վրաց-ռուսական հարաբերությունները, որոնք խզվեցին 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած 5 օրյա պատերազմից հետո, որից հետո Վրաստանը դե յուրե կորցրեց երկու տարածաշրջաններ`Աբխազիան և Հարավային Օսեթիան: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս ամիսների ընթացքում, երբ որ վարչապետ էր Բիձինա Իվանիշվիլին, նրա կուսակցությունը քայլեր էր ձեռնարկել ավելի մտերմանալ Հայաստանի հանրապետության հետ, բարեփոխումների ծրագիր է մշակել Ջավախքում թե սոցիալական, թե կրթական ու մշակութային ոլորտներում: Իրենց քաղաքականությամբ ցանկանում էին նաև թոթափել ադրբեջանա-թուրքական լուծը, որը, ցավոք սրտի, էնքան էլ մեծ հաջողությամբ չի պսակվել: Ի տարբերություն Սաակաշվիլիի, Իվանիշվիլին երբևիցե հակահայկական և պրովոկացիոն հայտարարություններ չի արել: Ընդհակառակը նա միշտ իր համակրանքն է արտահայտել հայ ժողովրդի նկատմամբ, միևնույն ժամանակ ասել է, որ լավ կլիներ, որ Վրաստանն էլ Հայաստանի նման վարեր կոմպլեմենտար քաղաքականություն, որի պահով մի քիչ կասկածներ կան, թե մենք կոմպլեմենտար քաղաքականություն վարում ենք, թե չէ, բայց սա այլ հարց է: Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ Վրաստանը հավասար հարաբերություններ պետք է ունենա հարևանների հետ, այսինքն` սրանով հասկացնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն կարող իրեն թելադրել, թե ինչպիսի քաղաքականություն ինքը պետք է վարի Հայաստանի նկատմամբ»:
Մեր այն հարցին, թե հայերս ընտրություն կատարելու առումով նախանձելու տեղ ունե՞նք վրացիներին, Գագիկ Համբարյանն ասաց. «Ուրախ եմ, որ տարածաշրջանում, ես նկատի ունեմ Հարավային Կովկասում կա մի երկիր, որտեղ իշխանությունը առանց որևիցե հիստերիայի, առանց որևիցե բանսարկության, սև PR-ի, շատ նորմալ, չնայած ունենալով ոչ բարիդրացիական հարաբերություններ` մեկ քաղաքական ուժը հանձնում է մյուսին: Օրինակ` ես շատ ուրախացա, որ Սահակաշվիլին, որը մինչև ընտրությունները քարուքանդ էր անում Իվանիշվիլիի վարած քաղաքականությունը` թե ներքին, թե արտաքին, էդքան տղամարդկություն, դաստիրակություն և շնորհք ունեցավ շնորհավորել իր քաղաքական հակառակորդին` հաղթանակի կապակցությամբ և սա նշանակում է, որ առանց որևիցե սկանդալների, առանց որևիցե թոհ ու բոհի Վրաստանում իշխանությունը կհանձնվի մյուսին: Իհարկե, մենք Ադրբեջանից շատ առաջ են, բայց մենք արդեն շատ հետ ենք Վրաստանից»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ