Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Ասում են՝ վերջ, այլեւս «Ժառանգություն» խմբակցություն չկա, ինձ դա հիշեցնում է 2008 թիվը»

Հոկտեմբեր 29,2013 20:21

«Ոչ մի քաոս Ժառանգությունում չկա: Մամուլն ուռճացնում է: Հավանաբար, շատ մեծ ցանկություն կա տեսնել «Ժառանգությունում» քաոս»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականի հետ կապված քննարկումները սոցցանցերում եւ ԶԼՄ-ներում:

Մեր հարցին, թե Ռուբեն Հակոբյանի այդ քայլը ինչքանո՞վ կապ ուներ Մաքսային միության հետ կապված իր եւ կուսակցության տարաձայնության հետ՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Ժառանգությունում հստակ դիրքորոշում կա եւ այդ դիրքորոշումն արտահայտված է իր մի քանի հայտարարություններում: Ժառանգության դիրքորոշումը Մաքսային  միություն մտնելու հետ կապված այդ հայտարարություններում արծարծվել է, «Ժառանգությունը» դեմ է դրան արտահայտվել եւ իր հավատարմությունն արտահայտել այն դիրքորոշմանը, որն արտացոլված է իր ծրագրում: Այսինքն, տեսլականը ԵՄ-ի հետ՝ խորը եւ համապարփակ առեւտրի գոտի ստեղծման հեռանկարը, գումարած Ասոցացման համաձայնագիրն ամբողջությամբ կնքելը: Ռուբեն Հակոբյանն ասել է, որ դա իր անձնական, անհատական խնդիրն է եղել: Որեւէ այլ մեկնաբանություն նա չի տվել, եւ ես չեմ կարծում, որ կոռեկտ կլինի ինչ-որ ձեւով մենք մեկնաբանենք»:

Կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը Tert.am-ին ասել է, որ Ռուբեն Հակոբյանը միշտ չէ, որ կիսում է իրենց կուսակցության ծրագիրն ու քաղաքական գիծը: Սա Հովսեփ Խուրշուդյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց. «Ես, որպես մամուլի խոսնակ, պաշտոնական մեկնաբանություն այդ հարցով չեմ կարող տալ: Կոռեկտ չեմ համարում այդ հարցին պաշտոնական գնահատական տալ, որովհետեւ ինքը նշել է, որ դա անձնական նկատառումներով է արել: Բազմաթիվ հարցերում կան տարբեր կարծիքներ: Այնպես չի, որ դա տարաձայնություն է, կամ հակադիր կարծիքներ, բայց կան նրբություններ: Նույն Մաքսային միության հետ կապված Ռուբեն Հակոբյան ասել է, որ ինքը տեսնում է այդ խնդիրն ավելի շատ Ղարաբաղի հետ կապված: Դա հարգելի տեսակետ է, որն իրավունք ունի գոյություն ունենալ: Մեր մեջ նաեւ  այլ հարցերի շուրջ դուք բազմիցս տեսել եք, որ ազատ տեսակետներ են: Չկա նման բան, որ բոլորը միաբերան նույն բանն ասեն: Դրանով «Ժառանգությունը» տարբերվում է այլ կուսակցություններից, գուցե ազատական կուսակցություն է: Բայց երբ որ խոսքը վերաբերում է արդեն միասնական դիրքորոշում հայտնելուն, մեծամասնության որոշմամբ՝ այդ դիրքորոշումը հայտնվում է հայտարարությունների եւ որոշումների ձեւով»:

Մեր հարցին՝ Ռուբեն Հակոբյանի այդ քայլը չի՞ հարվածի խմբակցության աշխատանքներին՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Չեմ տեսնում որեւէ հարված, որովհետեւ Ռուբեն Հակոբյանը շարունակում է ֆրակցիայի անդամ մնալ եւ աշխատել, Զարուհի Փոստանջյանն էլ ղեկավարում է ֆրակցիան: Մենք փորձ ունենք ռոտացիայի, ի դեպ, սա նաեւ այդ փորձի շարունակությունն է, այդ ավանդույթների: Մենք անցած խորհրդարանում 3 անգամ փոխեցինք ֆրակցիայի ղեկավար: Այնպես որ որեւէ խնդիր այդտեղ չկա: Դրամատիկացնելու պատճառը չեմ տեսնում: Ավելի շատ տեսնում եմ այդ ցանկությունը: Մամուլում ասում են՝ վերջ, այլեւս «Ժառանգություն» խմբակցություն չկա: Ինձ դա հիշեցնում է 2008 թիվը, երբ որ ասում էին՝ էլ «Ժառանգություն» կուսակցություն չկա, Րաֆֆի Հովհաննիսյանը հեղինակություն չունի: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն եկավ, 2018-ին հաղթեց նախագահական ընտրություններում՝ մեր այս սակավ ռեսուրսներով: Այսինքն, այդ խոսակցություններն ուղղակի անհասկանալի են եւ անհիմն»:

Կուսակցության շատ անդամներ հայտարարեցին, որ իրենց համար անակնկալ էր Ռուբիկ Հակոբյանի որոշումը եւ այդ քայլը: Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ մինչ իր որոշումը հրապարակելը նա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրել էր այդ մասին. «Պարտադիր չի, որ կուսակցության բոլոր անդամներին հերթով տեղյակ պահեր: Կուսակցության ղեկավարին, եթե տեղյակ է պահել իր անձնական որոշման մասին, այդտեղ որեւէ խնդիր չկա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Րաֆֆին 2018-ի ընտրություններն էլ ա արդեն կրել?? երևի հիմա արդեն 2023-ի քարոզարշավն ա սկսել… սաղիս հետ ա թողել, ինքը առաջ ա գնում)))))

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031