Օրերս հայտարարություն էր տարածվել այն մասին, որ Սյունիքի մարզում ցրտահարություն է սպասվում եւ գյուղատնտեսությամբ զբաղվողներին զգուշացվել էր քայլեր ձեռնարկել՝ ցրտահարությունից բերքը պաշտպանելու համար: Նույնիսկ շատերը տեղեկանալով, որ ջերմաստիճանը հասնելու է -10 աստիճանի, ինչն իրականում սխալ տեղեկատվություն էր, ոմանք շտապել էին հավաքել այգիների բերքը:
Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը մեզ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 25-ի գիշերը Մեղրու տարածաշրջանում -1 աստիճան է գրանցվելու, այլ ոչ՝ -10: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանից տեղեկացանք, որ եղանակային փոփոխությունը Սյունիքի մարզի գյուղատնտեսության վրա բացասաբար չի անդրադարձել, ցրտահարության վերաբերյալ դժգոհություններ եւ ահազանգեր չեն ստացել մարզի եւ ոչ մի տարածաշրջանից:
«Ճիշտ է մենք նախապես տեղյակ էինք պահել հնարավոր ցրտահարության մասին, զգուշացրել էինք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, բայց խնդիրներ չեն ծագել, մարզի ոչ մի տարածաշրջանից մենք ահազանգ ու դժգոհություններ չենք ստացել: Այժմ եղանակային պայմանները միայն բարենպաստ չեն Սիսիանի տարածաշրջանի աշնանացանի դաշտերի համար, չորային է եղանակը, անձրեւի կարիք կա այստեղ», – ասաց պարոն Թանգյանը եւ հավելեց, որ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ է Գորիսի տարածաշրջանի աշնանացանի համար: Իսկ ամբողջ մարզում 16 հազար հա-ից ավելի աշնանացանի ցանքատարածություն կա, որի հիմնական մասը գտնվում է Սիսիանում եւ Գորիսում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ