Արամ Խաչատրյան համերգասրահի մոտ հավաքված տասնյակ քաղաքացիներ, դաշնակցականներ այս պահին բողոքի երթով հասել են նախագահական նստավայր: Նրանք պահանջում են ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետի սպանության արագ բացահայտումը:
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը արդարադատության պակաս է տեսնում Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման ձգձգման գործընթացում. «Տեղապտույտի մեջ է բացահայտումը: Յոթ ամիս է անցել, եւ որեւէ լուրջ տեղաշարժ չենք տեսնում: Բայց յոթ ամիսը բավարար էր, որ գործի եթե ոչ լիովին բացահայտում, այլ գոնե գոհացուցիչ արդյունքներ լինեին»,- ասաց պարոն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում նման սպանությունների բացահայտումը կախված է նախագահի անմիջական վերահսկողությունից, եւ դրա համար այսօր իրենք բողոքի երթով հասան նախագահական նստավայր:
Նա դժվարացավ ասել՝ միտումնավո՞ր է գործի բացահայտումը ձգձգվում, թե՞ պրոֆեսիոնալ չեն աշխատում. «Խոսքը գնում է երկու հիմնական հարցի մասին, որ մեզ մտահոգում է: Ակնհայտ է, որ այս սպանությունը վերջին օղակն էր այն ահաբեկումների, որ տեղի էին ունեցել Հրաչի նկատմամբ: Եղել է գողություն, գյուղապետարանն են հարձակման թիրախ դարձրել, մահափորձ են իրականացրել եւ այս մահափորձն իր նպատակին հասավ ու սպանությունը տեղի ունեցավ: Տեղի է ունեցել ամեն ինչ օրը ցերեկով, գյուղի աչքի առջեւ: Հնարավոր չէ, որ ականատեսներ չլինեն, կան ականատեսներ, մարդիկ ինչ-ինչ տրամաբանությամբ լռում են, չեն ցանկանում խոսել: Մենք բոլոր երաշխիքները տվել ենք, որ նրանց ինքնության գաղտնիությունը կապահովվի, բայց դա էլ չնպաստեց, որ վկայություն տան: Այն մարդիկ, ում մասին մտածում էինք, որ կարող էին օգնել այս գործում, այսօր բացակայում են Հայաստանից տարօրինակ կերպով: Չենք համարում դա պատահական: Նրանց հեռացնում են Հայաստանից, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով մահանում են, որոնք մեր կարծիքով կարող էին օգնել բացահայտման հարցում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութերում