Վերջերս Իջեւանի քաղաքապետարանը գիշերային լուսավորության ցանց է անցկացրել քաղաքի մի շարք փողոցներում, նաեւ Իջեւանի կենտրոնի հենասյունները փոխարինել նորերով: Լույս կիրակի՝ հոկտեմբերի 27-ի գիշերը Տավուշի մարզպետարանի շենքից մոտ 50 մ հեռավորության վրա մի ավտոմեքենա հարվածելով ջարդել է գիշերային լուսավորության սյունը: Իջեւանցիների վկայությամբ՝ որոշ կարգազանց վարորդներ մարզկենտրոնի փողոցներում գիշերային ժամերին «մրցավազք» են կատարում:
Սեպտեմբերի կեսին մի ամբարձիչ նույն՝ Անկախության փողոցում ջարդել էր 2012 թ. նոյեմբերին տեղադրված 2 լուսացույցների հենասյուները: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ տրակտորի վարորդը սթափ է եղել, ամբարձիչի ճոպանը կպել է լուսացույցների հենասյուներին եւ պոկել դրանք: Քաղաքապետը հայտնեց, որ տրակտորի վարորդը վերականգնել է հենասյուները: Վ. Ղալումյանն ասաց, որ Անկախության փողոցում գիշերային լուսավորության հենասյան շարքից դուրս գալու կապակցությամբ ինքը գրավոր դիմել է ոստիկանության Իջեւանի բաժին: Իջեւանի ոստիկանությունը բացահայտել է հենասյանը «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով հարվածած երիտասարդի ինքնությունը: Ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի խոսքերով՝ քանի որ քաղաքապետն իրենց երկուշաբթի է դիմել, ուստի հնարավոր չէր պարզել՝ «ՈՒԱԶ»-ի վարորդը ոգելիցի ազդեցության տա՞կ է եղել, թե ՝ ոչ: Ոստիկանապետից տեղեկացանք, որ պատճառված վնասը վարորդի կողմից վերականգնելուց հետո կորոշվի նրա պատասխանատվության չափը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբի էջից
Կարդացեք նաև