Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Պետրոսյանց. «Ադրբեջանական կողմին համարժեք պատասխան ենք տվել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2013 17:54

ՀՀ սահմանի անվտանգության երաշխիքը միմիայն սահմանին կանգնած մեր զինվորն է

Հայաստանի սահմաններում վերջին օրերին հատկապես Ադրբեջանի կողմից ակտիվացած ռազմական գործողությունները ռազմական փորձագետ Հրաչ Պետրոսյանցը պայմանավորում է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններով: Ըստ Հրաչ Պետրոսյանցի` Ադրբեջանում նոր պաշտպանության նախարար է նշանակվել, եւ նա էլ իր հերթին է ուզում ինչ-որ բան ապացուցել: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում փորձագետը փարատեց այն մտահոգությունը, թե Հայաստանի սահմաններում ծանր վիճակ է եւ խուճապ:

Ըստ նրա, ամենօրյա իրավիճակ է, որն արդեն 20 տարի շարունակվում է: Տավուշում օրերս ադրբեջանցիների կողմից գնդակոծված հայկական զինվորական շարասյան առնչությամբ էլ վստահեցրեց, որ հայկական կողմը տվել է համարժեք պատասխան, սակայն, թե ինչ ենք արել, Հրաչ Պետրոսյանցը չմանրամասնեց` ռազմական գաղտնիք է: Փորձագետի խոսքերով, առհասարակ, սահմանի վրա հակառակ կողմի ժամանակ առ ժամանակ ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանում տեղի ունեցող այս կամ այն գործընթացներով:
Aravot.am-ի հարցին, թե արտագաղթի հետեւանքով դատարկվող սահմաններն արդյոք ամո՞ւր կլինեն, եթե նույնիսկ պաշտպանվում են բանակի կողմից, պարոն Պետրոսյանցը, չկիսելով այն տեսակետը, որ Հայաստանի սահմանամերձ տարածքներից արտագաղթը մեծ է եւ որ բնակավայրերում միայն մեծահասակներն են մնացել, կարծիք հայտնեց, որ մեր սահմաններում զինվորի պակաս չկա: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում.


Հարցին, թե միջազգային հանրությունն ինչո՞ւ ադեկվատ գնահատական չի տալիս ադրբեջանցիների կողմից շատ հաճախ սահմաններում զինադադարի ռեժիմի խախտման դեպքերին, պարոն Պետրոսյանցը նկատեց, որ իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում միջազգային հանրությունը կիրառում է երկակի չափանիշներ` կախված իր շահից. «Վերջին տասնամյակում միջազգային հանրությունը երկակի չափորոշիչներով է առաջնորդվում: Կամ դա համարում է պատերազմական հանցագործություն կամ չի համարում»: 

Հարցին էլ, թե կա՞ պատերազմի վտանգ, ռազմական փորձագետն ասաց, որ մեր երկիրն այդ վտանգից ձերբազատված չի. «Մենք ցանկացած ժամանակ պատերազմի մեջ ենք, եւ հնարավոր է, որ պատերազմը վերսկսվի, սակայն հստակ կանխատեսել, թե երբ կլինի՝ հնարավոր չէ»:
Ռազմական փորձագետից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե Մաքսային միություն մտնելով, իսկապե՞ս Հայաստանը ռազմական անվտանգության հարցը կլուծի, պարոն Պետրոսյանցն ասաց, որ այսօր մեր երկրի անվտանգության միակ երաշխիքը սահմանի վրա կանգնած զինվորն է:

Հասարակության մեջ խուճապ առաջացրած այն լուրերին էլ, թե զինվորական ծառայության ժամկետը երկարացվել է, պարոն Պետրոսյանցը համարեց ոչ հավաստի` զորացրման մեկ-երկու ամիս ուշացումը պայմանավորելով կրթական 12 ամյա համակարգով, ինչի անցնելուց հետո 1-2 ամսով մեկ-երկու զորացրում ժամկետի խախտմամբ տեղի կունենա, որից հետո այն կկատարվի նախկին պայմաններով:


Անդրադառնալով բանակի զինտեխնիկային՝ փորձագետն ասաց, որ Հայաստանն ունի անգամ այնպիսի օպերատիվ մարտավարական հրթիռներ, որոնք ի վիճակի են գործել 300-400 կիլոմետր հեռահարության վրա, ինչը Ադրբեջանին չի հաջողվել ձեռք բերել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031