Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 25-րդ նստաշրջանում ելույթով հանդես գալուց հետո՝ Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պատասխանեց ԵԽ կոնգրեսի պատվիրակների գրավոր հարցերին:
Նիդեռլանդներից պատվիրակ Ջոս Վիենենին մասնավորապես հետաքրքրում էր, թե Երեւանի ավագանու՝ մայիսին անցկացված ընտրություններն ի՞նչ ազդեցություն ունեցան քաղաքապետի եւ Երեւանի ավագանու դերակատարության ավելացման առումով: Ի պատասխան՝ պրն Գեւորգյանը նշեց, թե այս մարմինների աշխատանքը գնալով ավելի արդյունավետ է դառնում ու նաեւ, ի տարբերություն Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների, բոլոր այն կուսակցությունները, որոնք անցել են ընտրվելու համար անցողիկ շեմը՝ մասնակցություն են ունենում ավագանու աշխատանքներին:
Վաղը ԵԽ կոնգրեսը քննարկելու է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը եւ Արմեն Գեւորգյանն արդեն իսկ ելույթում հայտարարեց. «Կարևորում ենք տրված գնահատականները և արված առաջարկությունները, որոնք անշուշտ հաշվի կառնենք մեր հետագա աշխատանքներում»:
Եվ իր ելույթի, եւ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի փոխվարչապետը նշեց այն փաստը, որ նոյեմբերի 26-29-ը Հայաստան է այցելելու Տեղական ինքնակառավարման մարմինների խարտիայի իրականացմանը վերաբերող կոնգրեսի մոնիտորինգային խումբը: Արմեն Գեւորգյանը երեկ հանդիպել է Հայաստանի հարցով զեկուցողներ, Կոնգրեսի դիտարկման հանձնաժողովի անդամներ Նիգել Մերմագենի եւ Լյուդմիլա Սֆիրլոգայի հետ: Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին վերջին զեկույցը Կոնգրեսի կողմից ընդունվել է 2003թ-ին: Եվ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում զեկուցողներն արդեն իսկ նշել են, թե տեղյակ են, որ 2003թ. ընդունված զեկույցից հետո Հայաստանում իրականացվել են տեղական ժողովրդավարության ոլորտում մեծ ծավալի բարեփոխումներ:
Կարդացեք նաև
Արմեն Գեւորգյանին ուղղված 8 գրավոր հարցերից հատկապես ուշագրավ էին նրանք, որոնք ուղղել էին ռուս երկու պատվիրակները: Մասնավորապես՝ պատասխանելով Ւգոր Շուբինի հարցին՝ ՀՀ փոխվարչապետը խորը մտահոգություն հայտնեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, նշեց, թե Հայաստանն արդեն ընդունել է 10 հազար սիրիահայերի եւ բազմաքիվ քայլեր իրականացրել մեր հայրենակիցների հոգսերը քիչ թե շատ թեթեւացնելու համար: Արմեն Գեւորգյանը նաեւ հույս հայտնեց, որ կգտնվեն շուտափույթ լուծումներ ու մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց օջախները:
Իսկ Վլադիմիր Վառնավսկին վկայակոչեց Եվրոպական խորհրդարանի սեպտեմբերի 12-ին ընդունած 2013/2826 բանաձեւը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի նկատմամբ իրականացված ճնշումների մեջ, որպեսզի նրանք չստորագրեն Ասոցացման համաձայնագրեր Եվրոպական միության հետ: Հիշատակելով ՀՀ նախագահի հայտարարած որոշումը՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ, ռուս պատվիրակը խնդրեց անդրադառնալ ԵԽ բանաձեւում առկա այդ մեղադրանքներին:
Արմեն Գեւորգյանն ի պատասխան վերընթերցեց այն հայտարարությունը, որ համանման հարցին ի պատասխան՝ Ստրասբուրգի նույն ամբիոնից արել էր Սերժ Սարգսյանը, հավելելով, թե դրանից ավելի լիարժեք դիրքորոշում չի կարող լինել, ու Մաքսային միությանը միանալու առնչությամբ ճնշումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը:
Եվ վերջին հարցը Շվեդիայից պատվիրակ Յումի Ռենստրոմինն էր, որն ասաց. «Խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը մարդու հիմնարար իրավունք է: Մարդու իրավունքները համընդգրկուն են եւ պետք է վերաբերեն բոլոր անհատներին՝ առանց սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի կամ կրոնի հենքով որեւէ խտրականության: Սակայն մենք տեսնում ենք, որ ավելանում են այն քաղաքային իշխանությունները, որոնք արգելում են արվամոլների շքերթները՝ խախտելով LGBT անձանց իրավունքները հավաքների եւ արտահայտման ազատության առումով»: Պատվիրակը հետաքրքրվեց, թե Նախարարների կոմիտեն ինչպե՞ս է արձագանքելու հիմնարար իրավունքների այսպիսի խախտումներին, եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու՝ երաշխավորելու LGBT անձանց իրավունքների պաշտպանությունը:
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության անունից ելույթով հանդես եկող Արմեն Գեւորգյանն ընդհանուր արտահայտություններ արեց այս հարցին ի պատասխան, թե այո, իսկապես խաղաղ ցույցերի անցկացումը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Նաեւ, որ Նախարարների կոմիտեն իր ուշադրության կենտրոնում է պահում այս հարցը՝ մասնավորապես ՄԻԵԴ-ի որոշումների կատարման առումով:
Ի դեպ, նշենք, որ Արմեն Գեւորգյանից հետո պատվիրակների հարցերին սկսեց պատասխանել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Սակայն նա համաձայնել էր պատասխանել ոչ գրավոր, այլ անմիջապես դահլիճից հնչող ցանկացած հարցի:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Ստրասբուրգ