Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանից հետաքրքրվեց. «Արագածոտնը այն մարզերից մեկն է, որտեղ գործազրկության ցուցանիշը անցած տարվա ընթացքում 5,5 տոկոսից նվազել է 4,1 տոկոսի: Ինչո՞վ է սա բացատրվում»:
Մեջբերելով պաշտոնական թվերը՝ պատգամավորն իր տարակուսանքն արտահայտեց առ այն, որ միևնույն ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն աշխատանք ունեցողների թիվն էլ մեկ տարվա ընթացքում պակասել է տաս հազարով, բայց դրա հետ մեկտեղ էլ պակասել է գործազրկության ցուցանիշը: Մարզում նաև աշակերտների թիվն է պակասել:
Գործազրկության նվազման միտումը մարզում ավելի է խորացել նշեց մարզպետը, սակայն չկարողացավ վերջին տվյալները ներկայացնել: Աշակերտների նվազման մասով էլ ասաց, որ աշակերտների թիվը տատանվում է այն պատճառով , որ աշակերտները տեղափոխվում են մարզից մարզ: Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվեց այդ պատասխանի հետ` նշելով, որ աշակերտների թվի նվազումը բոլոր մարզերում է առկա: Արագածոտնի մարզպետին օգնել փորձեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը`նստած տեղից մեջ մտնելով պատգամավորի եւ մարզպետի խոսակցությանը. «Սյունիքում աշակերտների թիվը 200-ով ավելացել է»: Փաշինյանի արձագանքը Վահե Հակոբյանին`ստացվում է, որ Արագածոտնի մարզի աշակերտները եկել են ձե՞զ մոտ, առաջացրեց ներկաների ծիծաղը: Պատգամավորը խոստացավ, որ երբ հերթը հասնի Սյունիքի մարզպետի ելույթին, նա կներկայացնի մարզի կտրվածքով թվերը, որոնք վկայում են, որ այստեղ էլ աշակերտների թվի նվազում կա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ