ՀՀ Սահմանադրությունը որեւէ դրույթ չունի փոփոխելու կամ սահմանափակելու ՀՀ ինքնիշխանությունը, հետեւաբար, ըստ Արթուր Ղազինյանի, այդ ինքնիշխանությունը իրավաբանորեն հնարավոր չէ փոխանցել ՄՄ-ին, կամ ԵՄ-ին
«Մաքսային միության (ՄՄ) հանձնաժողովը վերպետական մարմին է, ինչին միանալու դեպքում պետք է փոխանցենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մաս հանդիսացող մաքսային իրավական կանոնակարգումները եւ մաքսատուրքերը սահմանելու մեր ինքնիշխան լիազորությունները: Այսինքն` Հայաստանն այլեւս իրավասու չի լինելու ընդունել մաքսային իրավական կանոնակարգումները կամ հաստատելու իր սեփական մաքսատուրքերը: Դա պետք է անի Մոսկվայում գտնվող մաքսային հանձնաժողովը, բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնելու են ռուսներն ու մերձկրեմլյան շրջանակները»,-այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը:
Նրա դիտարկմամբ` ՄՄ-ում իհարկե, որոշումներն ընդունվելու են կոնսենսուսի, միաձայնության սկզբունքով, եւ անդամները կունենան վետոյի իրավունք, սակայն, հաշվի առնելով իրականությունը, դժվար թե Հայաստանը կարողանա վետո կիրառել այնպիսի որոշումների դեպքում, որոնք Ռուսաստանը ցանկանա անցկացնել:
Ինչ վերաբերում է վերջերս շրջանառվող այն լուրերին, որ Թուրքիան եւս ցանկություն ունի անդամակցել ՄՄ-ին, պարոն Ղազինյանն ասաց, որ դա չի լինի. Թուրքիան չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ իրավաբանորեն, ոչ էլ` քաղաքական ասպեկտով.«Դա հերթական գեոքաղաքական սպեկուլյացիա է»:
Կարդացեք նաև
Արթուր Ղազինյանը թերահավատորեն է վերաբերվում նրան, որ Հայաստանը հնարավոր է անցնի խորհրդարանական կառավարման տեսակին, ինչը ներկայումս ստեղծված սահմանադրական հանձնաժողովը, ըստ տեղեկությունների, ուսումնասիրում է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելուն, ապա պարոն Ղազինյանն ասաց, որ հենց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ է սահմանված, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, եւ որեւէ դրույթ չկա Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու վերաբերյալ: Հետեւաբար, ըստ պարոն Ղազինյանի. «Հայաստանը չի կարող միանալ ոչ Մաքսային միությանը, ոչ էլ Եվրոպական միությանը. այդ թեման Հայաստանի համար պետք է փակված լինի մեկընդմիշտ, իսկ ազատ գոտիներ, որքան ուզենք, կարող ենք ստեղծել»:
Մանրամասն` տեսանյութում
Քննարկմանը ներկա «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը հարց բարձրացրեց` ԵՄ-ին անդամակցելու համար որոշ երկրներ փոփոխություն կատարեցին իրենց Սահմանադրությունում, արդյոք մեզ մոտ էլ նույնը չի՞ լինի` Մաքսային միությանը անդամակցելու համար: «Սահմանադրությունը թույլ չի տալիս ինքնիշխանությունը սահմանափակել: Սահմանադրություն փոխել՝ նշանակում է նոր պետություն ստեղծել»,-ասաց պարոն Ղազինյանը:
Մանրամասն` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ