Ըստ քաղաքագետ, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ հայ-ռուսական հարաբերությունները վասալի եւ սյուզերենի հարաբերություններից փոխակերպվում են օկուպացիայի ենթարկվածի եւ օկուպանտի հարաբերությունների:
– Պարոն Մեհրաբյան, անցյալ շաբաթ Հայաստանը հռչակեց իր մտադրությունը՝ հետեւելու Մաքսային միության եւ միասնական տնտեսական գոտու իրավապայմանագրային բազան ձեւավորող փաստաթղթերի սկզբունքներին, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք ուղղված են ՄՄ-ի եւ միասնական տնտեսական գոտու շահերի դեմ: Այսպիսի պարտավորությունը ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ-ի՝ այլ երկրների հետ փոխհարաբերություններում:
– Սեպտեմբերի 3-ից սկիզբ առած գործընթացով հայ-ռուսական հարաբերությունները վասալի եւ սյուզերենի հարաբերություններից փոխակերպվում են օկուպացիայի ենթարկվածի եւ օկուպանտի հարաբերությունների: Փաստորեն, Հայաստանում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ 1940-ին Բալթյան երկրների հետ, միայն թե առանց բանակի, քանզի Հայաստանն ուղղակի ներծծված է ուժերով եւ խմբերով, որոնք ստանձնել են Ռուսաստանի «հինգերորդ շարասյան» դերը՝ թե՛ քաղաքական համակարգում, թե՛ տնտեսական եւ հասարակական կառույցներում եւ այլուր: Հոկտեմբերի 25-ի հուշագրով Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ, ստանձնում է միակողմանի պարտավորություն, որով իր արտաքին քաղաքականությունը հանձնում է Պուտինի խավարամիտ ռեժիմի ողորմածությանը: Հայաստանի իշխանությունն այս հակաբնական, հակաբանական, հակապետական եւ հակապատմական քայլը կատարեց ամբողջ աշխարհի աչքի առաջ, ինչպես ասում են՝ օրը ցերեկով, եւ սա չի կարող չունենալ շատ բնական հետեւանք. գործող իշխանությունների օրոք Հայաստանը ոչ մի շանս չունի ընկալվելու որպես արտաքին քաղաքականության սուբյեկտ, այլ միայն որպես օբյեկտ, տարածք: Ընդ որում, հաշվի առնելով այն փաստը, որ Մոսկվան արդեն իսկ ձեռնամուխ է եղել հզորացնելու իր ռազմակայանը Հայաստանում, ապա մեր երկիրն այլոց կողմից ընկալվելու է որպես տարածաշրջանում ապակայունացման աղբյուր, երկիր, որը ստանձնել է Հարավային Կովկասում ռուսական կայսերապաշտական շահերի գործակալի եւ գործիքի ստորաքարշ դերը: Սա սպառնալիք է հայ ժողովրդի գլխին, քանզի առանց բացառության մեր բոլոր հարեւանները լրջագույն հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ, որոնք զարգանալու եւ խորանալու միտում ունեն, իսկ Հայաստանն այս շրջապատում արագընթաց կերպով վերածվում է ռուսական «սեւ անցքի»:
– Ի տարբերություն Ղրղըզստանի, որը ՄՄ-ին անդամակցելու համար որոշակի վերապահումներ ունի, Հայաստանը պատրաստ է ամբողջովին ընդունել բոլոր համաձայնագրերը: ՌԴ փոխվարչապետը մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերն այն մասին, թե ՀՀ-ն պատրաստ է ամբողջ ծավալով՝ առանց որեւէ վերապահումների, առանց որեւէ սահմանափակումների, միանալ ամբողջ պայմանագրային-իրավական բազային: Պարոն Մեհրաբյան, ՄՄ-ի փաստաթղթերին անվերապահ միանալը շանս թողնո՞ւմ է երբեւէ ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման, ինչի մասին նշում են ՀՀ իշխանությունները, թե՝ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը մնում է բանակցությունների սեղանին:
Կարդացեք նաև
– Վստահ եմ, որ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կմնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգում, սակայն ո՛չ բանակցությունների սեղանին: Հայաստանի իշխանության ստանձնած միակողմանի պարտավորությունը՝ չանել նույնիսկ հայտարարություններ, որոնք «դեմ կլինեն» Բատկայի, Նազարբաեւի կամ Պուտինի շահերին, արդեն իսկ բացառում է, որ Ասոցացման համաձայնագիրը լինի բանակցությունների սեղանին: Իսկ օրակարգից բանակցությունների սեղան այն կարող է տեղափոխվել արդեն հաջորդ իշխանության օրոք կամ Մոսկվայում ինչ-որ ֆորս-մաժորների արդյունքում: Մյուս կողմից՝ Հայաստանին միանշանակորեն պարտադրված այս պարտավորությունն ուղղված է ապահովագրելու Մոսկվային անցանկալի զարգացումներից, որոնց արդյունքում Հայաստանը կարող է անել սեպտեմբերի 3-ի նման որեւէ կտրուկ շարժում, բայց հակառակ ուղղությամբ: Մոսկվայի կողմից Հայաստանի ստորացման գործում նման շտապողականության այլ ռացիոնալ բացատրություն չկա: Իսկ իշխանությունների հավաստիացումները, թե պետք է, միեւնույն է, «խորացնեն» հարաբերությունները ԵՄ-ի հետ, լուրջ ընդունել անհնարին է: Խորացնում եք, որ ի՞նչ անեք:
– Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւում ոչ հայանպաստ ձեւակերպումը ԼՂ խնդրի առնչությամբ շատերը գնահատեցին որպես պատասխան Հայաստանի իշխանությունների՝ ՄՄ-ին անդամակցությանը: Համաձա՞յն եք այս տեսակետին եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի համար. Արեւմուտքի, ՌԴ-ի կողմից ԼՂ հարցի շուրջ արհեստական սրումը հնարավո՞ր եք համարում:
– Կարծում եմ՝ սա պարզունակ մոտեցում է: Նախ՝ ավելի ոչ հայանպաստ իրավիճակ, քան ներկայումս է, պատկերացնել դժվար է: Հայաստանը դարձել է չկարգավորված հակամարտության շահարկման զոհը: Ընդ որում, գլխավոր շահարկողը Ռուսաստանն է, եւ Ղարաբաղյան կոնֆլիկտով Մոսկվան իր բռի մեջ է պահում Հայաստանին, նույնը մտադիր է անել նաեւ Ադրբեջանի հետ, բայց Բաքվի ամրության պաշարն այդ առումով համեմատելի չէ Հայաստանի հետ: Եվ եվրոպական բանաձեւի ձեւակերպումները ոչ այն է հայանպաստ են կամ ոչ հայանպաստ, այլ ուղղակի ներկայացնում են մոտեցում, որն ուղղված է փոխելու այս իրավիճակը. Ռուսաստանի ձեռքից վերցնելու իր «սիրելի» կոնֆլիկտի «կառավարման վահանակը»: Ռուսաստանը մի ձեռքով զինում է Ադրբեջանին, մյուս ձեռքով մեծացնում իր իսկ ռազմական ներկայությունը Հայաստանում եւ տարածաշրջանում: Պետք է շեշտեմ, որ սա հնարավոր է դառնում Թուրքիայի կողմից տարվող քաղաքականության պայմաններում, ինչի մասին, ցավոք, որեւէ անդրադարձ չկա այդ բանաձեւում: Թուրքիան, փաստորեն, քսան տարի փակ պահելով Հայաստանի հետ իր սահմանը՝ փակ է պահում դրանով իսկ Հայաստան-ՆԱՏՕ սահմանը՝ ուղղակի կամ անուղղակիորեն սպասարկելով հենց ռուսական ռազմավարությունը մեր տարածաշրջանում: Եվ ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ում այս հարցը ամենայն սրությամբ չի դրվում Անկարայի առաջ: Իսկ թե ռուս-թուրքական տանդեմն ինչ չարիք կարող է դառնալ Հայաստանի գլխին՝ դա մենք արդեն բազմիցս ենք տեսել: Եվ կարծում եմ՝ ժամանակն է, որ Արեւմուտքը գործուն քայլեր անի այս ուղղությամբ, քանի որ Հայաստանին տրորելուց հետո Մոսկվան իր ճնշումները հաստատապես կբանեցնի արդեն Թբիլիսիի եւ Բաքվի վրա՝ օգտագործելով, ինչու չէ, նաեւ Հայաստանում իր ռազմակայանի գործոնը: Առանց գործուն հակազդեցության դժվար կլինի խոսել հարավկովկասյան երկրների՝ անկախ պետություն մնալու եւ քաղաքակիրթ դառնալու հեռանկարի մասին: Դրա համար առաջիկայում Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում ստանձնի «գլխավոր» միջնորդի դերը: Բնականաբար, այդ դեպքում քաղաքական առեւտուրը կգնա Մոսկվայի եւ Բաքվի միջեւ, իսկ Հայաստանը եւ ԼՂՀ-ն կլինեն այդ առեւտրի սոսկ օբյեկտ, որովհետեւ սուբյեկտ լինելու հնարավորությունները ԼՂՀ-ն «նվիրեց» Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուն 1998-ին, իսկ Հայաստանը 2013-ին Սերժ Սարգսյանի ձեռամբ՝ Պուտինի կործանվող ռեժիմին: Ռուսաստանը կարող է գնալ ֆորս-մաժորային իրավիճակի ստեղծմանը հակամարտության գոտում, որպեսզի օգտագործի որպես պատրվակ՝ զինված ուժ մտցնելու համար: Հակամարտության կողմերը հազիվ թե կարողանան հակազդել դրան անհրաժեշտ ներուժի բացակայության պատճառով: Այս վտանգը մեծանում է Արեւմուտք-Իրան հարաբերությունների դրական տեղաշարժի ֆոնին, ինչը Կրեմլի ծավալապաշտական ռազմավարության մղձավանջը կարող է դառնալ: Իսկ թե ինչ հակազդող քայլերի է պատրաստ Արեւմուտքը՝ կապրենք կտեսնենք:
– Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանն իր ապագան անվերապահ Ռուսաստանի հե՞տ է տեսնում:
– Հայաստանի Հանրապետությունը պետք է նոր դեմքով եւ նոր թափով հանդես գա աշխարհում եւ միջազգային հարաբերությունների թատերաբեմում: Կասկած չունեմ, որ մեր հասարակությունն ունի այդ ներուժը՝ թե՛ ինտելեկտուալ, թե՛ բարոյական առումներով. մեր երիտասարդությամբ ուղղակի կարելի է հպարտանալ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջեւ, ցավոք, ամբողջ ուժգնությամբ կանգնած են նույն մարտահրավերները, ինչ 88-ին: Պատմությունը կրկին ձեռնոց է նետել հայ ժողովրդին: Եվ Հայաստանի քաղաքացին, անկասկած, միանգամայն ի զորու է իր ձեռքը վերցնել իր իսկ ճակատագիրը՝ ճանապարհ հարթելու դեպի ազատություն եւ քաղաքակրթություն:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Կներեք, Ռուբեն Մեհրաբյանը ով է?
Ձեր հարցի պատասխանն արդեն կա հոդվածի մեջ: Շնորհակալություն նկատառման համար:
Այդ հետազոտական կենտրոնները վերջերս անիմաստ շատացել են, ինչ են հետազոտում, ում է հետաքրքիր իրանց հետազոտածը, ոչ մեկը չգիտի… իսկ “քաղաքագետ” և “փորձագետ” բառերը շատերի մոտ ժպիտ են առաջացնում, մոտավորապես էպոսագետի նման, քանի որ հնչում են որպես` հստակ մասնագիտություն չունեցող մարդ…
Ճիշտ է սկզբի տարբերակում այս մարդու “տիտուլները” նշված չէր, բայց ես մտքումս ասեցի ` “ՓՈՐՁԱԳԵՏ” կլինի հաստատ))))