Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանի ու Եվրոպայի ճակատագիրը՝ լինել միասին, անխուսափելիորեն կիրագործվի»

Հոկտեմբեր 29,2013 14:27

Հարցազրույց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի հետ

 – Պարոն Տեր-Գաբրիելյան, ի՞նչ ենք կորցնում Հայաստանի՝ մինչ այժմ ունեցած արեւմտյան կողմնորոշման փոփոխությունից դեպի Հյուսիս, եւ արդյոք որեւէ բան շահո՞ւմ ենք:

– Ովքե՞ր ենք այդ մենքը: Ես ոչ մի կողմնորոշում երբեւէ չեմ ունեցել՝ բացի հայոց ինքնիշխանությունից: Այն, որ ինչ-որ մի մարդ ինչ-որ հայտարարություններ է անում կամ նամակներ գրում եւ հետո կարող է էլի արարքներ անել, որոնք, ասենք, մի քանի հատ էլ ծածկած շուկա կավիրեն՝ իմ հասկացած «մենք»-ի հետ կապ չունի: Ուրեմն կողմնորոշման փոփոխություն չի եղել, քանի որ կողմնորոշումը որոշ մարդկանց մոտ կա, իսկ որոշ մարդկանց մոտ չի եղել կամ ուղղված է այլ կողմերի՝ մարդ կողմնորոշվում է իր քսակի նկատմամբ, իր կլանի, իր շեֆի: Ընդհանրապես, ես երբեք կողմնակից չեմ եղել կողմնորոշումային մոտեցմանը Հայաստանի քաղաքականությունը քննարկելիս: Որպես ինքնիշխան պետություն՝ Հայաստանը պարտավոր է հավասարապես զարգացնել հարաբերությունները դեպի բոլոր կողմեր:

– Որքան էլ խոսենք դեպի բոլոր կողմեր հարաբերություններ զարգացնելու մասին՝ այս պահի դրությամբ Հայաստանը հայտարարեց, որ մտնում է Մաքսային միություն, ի պատասխան որի՝ ԵՄ պաշտոնյաներն ասացին, որ դա Հայաստանի ընտրությունն է, եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի մասին կարող ենք մոռանալ:

– Տվյալ դեպքում մենք ունենք իրավիճակ, որ շատ կոնկրետ, կողմնորոշումից դուրս, մի մեծ ծրագիր չի իրագործվելու աշխարհի գրեթե ամենահզոր տնտեսական ուժի հետ: Բնականաբար, դրանից տուժելու է Հայաստանը: Որքան շուտ Հայաստանը դառնա արտոնագրերի կարիք չունեցող՝ Եվրոպա մեկնելիս, որքան արագ հայերը դառնան ուսման եւ աշխատանքի լիիրավ իրավունք ունեցող՝ Եվրոպայում, որքան արագ Հայաստանի բուհերը մերվեն Եվրոպայի բուհերի հետ՝ ծրագրերով եւ ստանդարտներով, որքան արագ հաղթահարի Հայաստանը ապրանքների եվրոպական ստանդարտին հասնելու ցավն ու դժվարությունը՝ որ մրցունակ լինի իր ապրանքը Եվրոպայում, որքան շատ եվրոպացիներ գան Հայաստան ապրելու, աշխատելու, բիզնես անելու, Հյուսիսային պողոտայում թափառելու, Տաթեւի ճոպանուղուց օգտվելու, որքան ակտիվորեն Հայաստանը մասնակցի այլ երկրների ճակատագրերը քննելուն՝ իր եվրոպական գործընկերների հետ… այնքան ավելի հզոր, ավելի ապահով, ավելի ուժեղ, ավելի կարող, ավելի օգուտ բերող, ավելի անվտանգ կդառնա Հայաստանը:

– Իսկ Մաքսային միության հետ միանալու ծրագիրը կիրագործվի՞:

– Գուցեեւ ոչ: Գուցեեւ Պուտինի նպատակն էր ցույց տալ, որ ինքը կարող է ստիպել Հայաստանի նոմենկլատուրային անել՝ ինչ ինքը կուզի, այդքան բան. հրաժարվել թվացյալ շահավետ տարբերակից: Գուցե նրա նպատակն է հպատակեցնել, ռուսիֆիկացնել Հայաստանը: Գուցե դա նպատակն է Հայաստանի նոմենկլատուրայի: Բայց պատկերացնենք, որ այս ընթացքը շարունակվի. արդյոք Ռուսաստանը կոռուպցիային դե՞մ է. ոչ: Ընդհակառակը: Կոռուպցիան այնտեղ ծաղկում է: Արդյոք Ռուսաստանը դե՞մ է միանձնյա իշխանությանը: Ոչ: Ընդհակառակը: Ռուսաստանը ստեղծել է մի համակարգ, որտեղ այդ հսկա երկրում որոշումները՝ ներքեւից վերեւ, միանձնյա են կատարվում: Հետո այդ անձը կարող է տուժել, բայց քանի դեռ մասշտաբային չինովնիկ է, որոշումներն իր ձեռքում են, եւ ոչինչ անել հնարավոր չէ նրա դեմ: Ռուսաստանում ծաղկում է քսենոֆոբիայի կուլտը: Պուտինը մի բան ասաց՝ դատարանը փոխում է որոշումը: Պուտինն ասաց՝ դա ծովահենություն չէր, մի գիշերվա մեջ Գրինփիսի մեղադրանքը փոխեցին ծովահենությունից ծանր խուլիգանության: Զավեշտի է հասնում: Ի՞նչ է բերելու Ռուսաստանը Հայաստան: Չինովնիկի կուլտը: Քսենոֆոբիայի կուլտը: Պուտինի կուլտը: Ոստիկանի կուլտը: Ընդ որում՝ անարդար, վախենալի ոստիկանի կուլտը: Կոռուպցիայի կուլտը: Գուլագի կուլտը: Նոմենկլատուրային եկեղեցու կուլտը: Դատարանի բացակայությունը: Դատավորների ծայրաստիճան փչացածությունը: Օֆիցիալ մեդիայի մի հսկա մասի ծախվածությունը: Քաղաքացիական հասարակությանը գլխավոր վտանգ հայտարարելը՝ Արեւմուտքի հետ միասին: Քաղաքացիական հասարակությանը ներքին թշնամի հռչակելը: Իհարկե, նա թշնամի է. թշնամի է այդ նոմենկլատուրային: Բայց նոմենկլատուրան չի երկիրը: Քաղաքացիական հասարակությունն է երկիրը: Դա այն ամենն է, ինչ Հայաստանի նոմենկլատուրան եւ նաեւ ժողովրդի ստվար հատվածներ հաճույքով ընդօրինակելու են Ռուսաստանից՝ կամավոր: Նրանք արդեն շտապում են դա ընդօրինակել, նրանք ներսից էլ հենց դա էին ուզում ու ուժերի ներածին չափով դա էին կառուցում, թեեւ դեռ ամենը հստակ որոշված չէ: Դրան գումարած՝ Ռուսաստանը բերելու է արհամարհանքը՝ հայի հանդեպ: Իր տիպական արհամարհանքը, որը ոչ այնքան հատկապես հայերին կամ նույնիսկ այլ կովկասյան կամ հետսովետական «թուխ» ազգերին է ուղղված, այլ ցանկացած ազգի, որովհետեւ ռուս ժողովուրդը՝ իր մասսայական տեսակով, երբեք չի ունեցել այլ ազգերի մշակույթ հարգել սովորելու առիթ եւ միջոց: Նա ակնածում է որոշ մշակույթներ, եթե ակնածում է այդ ազգերին, ասենք՝ Բրիտանիային: Բայց նա չի հարգում այլ ժողովրդի մշակույթը՝ որպես այդպիսին, անկախ այդ ժողովրդի չափսից, հարստությունից: Ինչո՞ւ: Որովհետեւ գոյություն ունի վելիկոռուսական շովինիզմ, որը կուլտիվացվել է երկար դարեր, եւ երբեք դրա հակառակը չի կուլտիվացվել:

– Կյանքի բերումով դուք ե՛ւ խորհրդային տարածքում եք բնակվել, ե՛ւ Եվրոպայում. որո՞նք են մշակութային տարբերությունները:

– Այսօրվա Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի գլխավոր մշակութային տարբերությունները հետեւյալն են: Այնտեղ՝ Եվրոպայում, կրթված մարդն անկիրթից շատ չի տարբերվում, որովհետեւ որոշակի չափով անկիրթ քիչ կա. կա կրթության մի ստանդարտ, որին մասսաների ստվար հատված համապատասխանում է: Այստեղ՝ ՀՀ-ում եւ ՌԴ-ում, դա անջրպետ է. կրթվածն ու անկիրթն անկարող են միմյանց հասկանալ: Քսան տարվա մեջ մենք կորցրինք այն երեւի լավագույնը, որ տվել էր ԽՍՀՄ-ը՝ քիչ թե շատ հավասարաչափ կրթությունը: Եվրոպայում ոստիկանից չես վախենում. ոստիկանը քաղաքացու բարեկամն է: Այնտեղ հանդուրժողականությունը՝ տոլերանտությունը, փուչ խոսք չէ. մարդ իրոք ազատ է իր անձնական կյանքում՝ ապրել ինչպես ուզում է, եթե ուրիշներին չի խանգարում: Նույնիսկ եթե նոմենկլատուրային իր ցույցերով խանգարում է, դրա համար նրան չեն դատի ու ծակը չեն կոխի, եթե ընդամենը անմեղ ցույց է արել, ուղղակի նոմենկլատուրայի դեմ է՝ ի հաճույք միանձնյա ղեկավար չինովնիկի: Այնտեղ հավատացյալներն ու աթեիստները միմյանց վրա չեն հարձակվում. միմյանց հանդուրժելով՝ ապրում են կողք կողքի: Այնտեղ ուրիշ մշակույթներից եկած միգրանտները մեծ մասամբ մերվում են եւ կրթվում, դառնում եվրոպացի: Այնտեղ պետություններն աշխատում են ժողովրդի բարօրության համար՝ քիչ թե շատ: Համենայնդեպս՝ մշտական քրեական հանցագործությամբ չեն զբաղված նոմենկլատուրաների ստվար հատվածներ:

– Դուք ներկայացնում եք Եվրոպան այնպես, ինչպես Դուք եք տեսնում, ինչպիսին ես եմ տեսել եւ մեր հազարավոր քաղաքացիներ, բայց Հայաստանում սկսվել է մի քարոզչություն, որում Եվրոպան ներկայացվում է որպես արատավոր հասարակարգ:

– Այն, ինչ ասացի, տենդենցներն են, կան նաեւ բացառություններ: Իսկ ինչո՞ւ է մեշչանին՝ քաղքենուն թվում, թե Եվրոպան կատաստրոֆիկ վիճակում է: Պատկերացնենք, որ դա հայտարարելը ոչ թե քաղաքական պատվեր է, այլ անկեղծ մեշչանի անկեղծ կարծիք: Երկու բան կա այստեղ ասելու. մեկը՝ որ ինֆորմացիոն հոսքերն ահագնացել են, նորությունը հիմնականում պիտի վատի մասին լինի, դա է սենսացիոն, ուշադրություն գրավող, եւ ուրեմն՝ մեշչանը ստանում է ինֆորմացիա, որ Եվրոպայում վատ բան է տեղի ունեցել, ու ընդհանրացնում՝ որ իբր այնտեղ վատ է: Հասկանալի է, որ միայն հիմարը կարող է այսօր ստացող ինֆորմացիային անքննադատորեն մոտենալ, դրան հավատալ ուղղակիորեն: Միայն չզարգացածը կարող է մի դեպքն ընդհանրացնել ու հայտարարել, որ ամբողջությունն է այդպիսին: Օրինակ՝ եթե մի հայ կամ ռուս իրեն վատություն է արել, հայտարարել, թե ողջ այդ ցեղերը վատն են: (Ուշադրություն դարձնենք նաեւ, թե ՌԴ-ից ինչ լուրեր են գալիս. հիշենք նաեւ մեր անձնական փորձերը Ռուսաստանում):

Կա եւս մեկ նկատառում. հենց այդ բացասական լուրերի տարափը, որ այսօր պրոպագանդվում է, թե՝ Եվրոպան, իբր, կործանման եզրին է, արդեն սկսվել էր դարեր առաջ՝ Եվրոպայում: 20-րդ դարասկզբից ի վեր դա դարձել է արդեն լրիվ ձեւավորված գաղափարախոսություն, թե՝ Եվրոպան կործանման եզրին է, անկում է ապրում, մայրամուտ: Դա պարզապես ինքնաքննադատություն է, ինքնազգոնություն՝ մենք անընդհատ անկում ենք ապրում, որ վեր հառնենք նորից: Մենք անընդհատ կործանման եզրին ենք, չափազանցում ենք, իբր՝ հիմա-հիմա կործանվելու ենք, որ հանկարծ դա չպատահի: Մենք չենք ամաչում մեր հիվանդությունները, մեր պրոբլեմներն ի ցույց դնել՝ մեզ եւ ուրիշներին. մենք չենք հայտարարում, թե իբր հավատում ենք, որ ուժեղ լիդերը, ոստիկանությունն ու մեր հարազատ կագեբեն այդ բոլոր հարցերը կլուծեն: Այդ թափանցիկությունն է օգնում դրանք հաղթահարել: Սա է ասում Եվրոպան: Թող Եվրոպայի անկմանը միամիտ հայաստանցին չհավատա: Թեեւ չեմ կարծում, որ իրականում շատ կան այդպիսի միամիտ հայաստանցիներ: Չէ՞ որ մարդկանց մեծ մասն այնտեղ եղել է, սեփական աչքերով տեսել: Իհարկե, մարդ կա, որ իր աչքերին էլ չի հավատում: Իսկ նոմենկլատուրային, իբր, հավատում է: Դա ուրիշ բան: Նրանք, ովքեր սա պնդում են, քաղաքական պատվեր են կատարում:

– Իսկ իրականո՞ւմ:

– Իրականում Եվրոպան ծաղկում է: Իսկ լուսավորյալ ծաղկուն ուժից վնաս ավելի քիչ է հավանական, քան մութ ու փտած ուժից: Կանտ պետք չէ լինել՝ սա հասկանալու համար: Լուսավորյալ ծաղկուն ուժն օգուտ է բերում նույնիսկ իր գաղութներին, էլ չասած՝ գործընկերներին: Մերձեցիր Եվրոպայի հետ, եւ նոմենկլատուրադ կլինի կրթված, քիչ, պատասխանատու, աշխատասեր, կարող, մեծ աշխատավարձ ստացող եւ հիմնականում չկոռումպացված: Գործազուրկդ կլինի քիչ թե շատ ապահով, ու պետությունն իրեն գործ տալու խնդրով մտահոգված: Բանտդ կլինի մի տեղ, ուր անտունդ ձգտում է, որ ձմեռի, այնքան հարմարավետ է այնտեղ: Իսկ պրոբլեմներ ամենուր կան: Այո, եթե միգրանտներդ գետտոյում են ապրում, վաղ թե ուշ նրանք փողոց են դուրս գալու՝ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի պես, ու փորձեն բռնի ուժով բողոքել իրենց անելանելիության դեմ, որն իրենց ինքնության հարցն է. իրենք չեն կարողանում դառնալ եվրոպացի, եթե գետտոյում են ապրում, եւ չեն կարողանում մնալ հետամնաց: Դրանից իրենք պայթում են: Եթե պետությունդ ինքն իրեն շատ է վճարում եւ ցոփ ու շվայտ է, վաղ թե ուշ տուժելու է ողջ հասարակությունդ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Իտալիայի, Հունաստանի պես: Իսկ մի՞թե ավելի լավ է կործանվել, քան դաժան ռեֆորմներ անելով՝ իրավիճակը շտկել: Այստեղ, ի տարբերություն այդ Եվրոպայի, համարյա համատարած թալան է, անարդարություն, անելանելիություն: Բայց Ռուսաստանում նաեւ հարստանալ կարելի է, եթե համաձայն ես թալանել, ու քանի որ մեծ եւ հզոր երկիր է, երբեմն կարելի է նաեւ հարստանալ՝ քիչ թալանելով, այսինքն՝ թալանելով, իհարկե, բայց ավելի անամոթաբար չթալանելով, քան շրջապատդ, ընդհակառակը՝ ավելի նամուսով թալանելով: Հիմա մեր խելոքների հույսը դա է՝ որ Ռուսաստանի հետ մերձենալով՝ ուրիշների համեմատ ավելի նամուսով կթալանեն ու կբարգավաճեն: Բայց եկեք անկեղծ լինենք. այսպիսի նոմենկլատուրան, ինչպիսին մենք ճանաչում ենք, մեր հարազատ հայրենի այս նոմենկլատուրան արդյոք կկարողանա՞ր այդ Մեծ եւ Համապարփակ Հուդվինի համաձայնագիրն իրագործել իրոք, իրականում: Իհարկե՝ երբեք: Մենք ինքներս մեզ խաբում էինք, Եվրոպան էլ էր իրեն խաբում, երբ ասում էր՝ ոչինչ, թող ստորագրեն, հետո ռեֆորմը կանեն, մինչ այդ՝ ոչինչ, թող մանր-մունր թալանեն, թող չվերափոխվեն, թող անարդարությունները չդադարեն: Այ, որ ստորագրեն, ասում էր Եվրոպան, հետո արդեն էլ ճար չեն ունենա: Հավանակա՞ն է արդյոք դա. այդպիսի բարդ ռեֆորմ իրագործել՝ այս նոմենկլատուրայով եւ այս պայմաններում: Իհարկե՝ ոչ: Իրականում նոմենկլատուրան խաբում էր Եվրոպային, Եվրոպան՝ ինքն իրեն ու մեզ, մենք էլ՝ ինքներս մեզ մի քիչ. երբեւէ դա չէր լինելու, որ այս նոմենկլատուրան՝ թեկուզեւ ստորագրեր այդ համաձայնագիրը, կարողանար այն գլուխ բերել: Չէր լինելու եւ չեղավ: Բայց կանցնի որոշ ժամանակ, նոմենկլատուրան կփոխվի, եւ Հայաստանի ու Եվրոպայի ճակատագիրը՝ լինել միասին, անխուսափելիորեն կիրագործվի: Իսկ Ռուսաստանը՝ ինչպես կուզի. թե ուզի՝ թող միանա, թե ոչ՝ գրող Վլադիմիր Սոռոկինն արդեն մի քանի անգամ նկարագրել է մեկուսացած Ռուսաստանին սպասող ճակատագիրը՝ ասենք իր «Շաքարե Կրեմլ» գործում:

Զրուցեց

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031