Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես ծնվեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձեւը

Հոկտեմբեր 29,2013 14:19

Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 23-ին եւ դրանից հետո, Հայաստանի քաղաքական եւ հասարակական դաշտը հեղեղվեց Եվրոպայից հասնող նորություններով, թե Եվրոպական խորհրդարանը բացասական գնահատականներով աչքի ընկնող մի բանաձեւ է ընդունել ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի վերաբերյալ։

Արեւելյան գործընկերության ծրագրին եւ Հայաստանին առնչվող «Եվրոպական հարեւանության քաղաքականությունը՝ դեպի գործընկերության զորեղացում. Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը 2012թ. առաջընթացի զեկույցների առնչությամբ» թիվ 2013/2621 (RSP) բանաձեւի 15-30 պարագրաֆներում, մասնավորապես, խոսվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի զորեղացման, բարեփոխումների ճանապարհին «երրորդ երկրների կողմից ճնշումներին» դիմագրավելու համար ԱլԳ մասնակից երկրներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաեւ Վիլնյուսում նախաստորագրման կամ ստորագրման պատրաստ Ասոցացման համաձայնագրերը մինչեւ ԵԽ հաջորդ ընտրություններ արագ ընթացակարգով վավերացնելու մասին։ Ավելին՝ բանաձեւի 22-րդ պարբերությամբ Եվրոպական խորհրդարանը ուղղակի անդրադարձ կատարեց Ռուսաստանի կողմից ԱլԳ մասնակից երկրների նկատմամբ ճնշումներին՝ «ժխտելով զրոյական արդյունքով խաղի կանոնների պարադիգմը գործընկեր երկրների հետ ԵՄ եւ ՌԴ հարաբերություններում», թեեւ 24-րդ պարբերությամբ նաեւ բացառեց «եւ-եւ» սկզբունքի կիրառումը Ասոցացման համաձայնագրի եւ այլ մաքսային միությունների անդամակցության հարցում։

Բանաձեւը ընդհանուր մասում նաեւ անթաքույց կոչ է անում ԱլԳ մասնակից պետություններին եւ մասնավորապես Ադրբեջանին (Հայաստանը, Մոլդովան եւ Վրաստանը նախահարձակ ուժի գործադրման սպառնալիքով երբեք հանդես չեն եկել) «զերծ մնալ ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի միջոցով հակամարտություններ կարգավորելու» քաղաքականությունից եւ ընդունել, որ հակամարտությունները կարգավորելու միակ հնարավորությունը «միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա եւ բանակցությունների միջոցով միջազգայնորեն ընդունված ձեւաչափերն են»։

Սակայն այս մասը, ըստ էության, Հայաստանին ուղղված միակ դրական մեսիջն է։ Հայաստանում ժողովրդավարության ոլորտի հետ կապված «պահպանվող թերությունների» վրա ուշադրություն հրավիրելու հետ մեկտեղ բանաձեւի 16-րդ պարբերությամբ ԵԽ-ը գնաց աննախադեպ քայլի՝ մատնանշելով «ԱլԳ մասնակից մի երկրի կողմից մեկ այլ երկրի բռնազավթումը» եւ կոչ անելով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 1993թ. ընդունված չորս բանաձեւերի դրույթների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների՝ լ’Աքվիլայում 2009թ. հուլիսի 10-ին ընդունված համատեղ հայտարարության դրույթներին համահունչ։

Իհարկե, որեւէ կառույցի համատեղ անդամակցող Հայաստանի եւ Ադրբեջանի առնչությամբ ընդունված բանաձեւերում «մասնակից մի երկրի կողմից մեկ այլ երկրի բռնազավթումը» արտահայտությունը, ցավոք, առաջին անգամ չի տեղ գտնում եվրոպական փաստաթղթերում։ Բայց դրանք բոլորը ունեն իրենց պատճառները, որոնք թերեւս հեռու են այդ բանաձեւերի առարկայից եւ նպատակներից։ Որպես օրինակ կարող ենք հիշել 2005թ. ընդունված ԵԽԽՎ 1416 բանաձեւը, որը նույնիսկ խոսում էր Լեռնային Ղարաբաղը «մեկ այլ պետությանը փաստացի բռնակցելու» մասին։

Եվ եթե ԵԽԽՎ-ում «խավիարային դիվանագիտության» արդյունքում ֆինանսապես մոտիվացված Ադրբեջանի «բարեկամների» թվի աճի մասին շատ է խոսվել (օրինակ՝ Եվրոպական կայունություն նախաձեռնության «Խավիարային դիվանագիտություն» կոչվող երկու զեկույցները), ապա Եվրոպական խորհրդարանի համանման պրակտիկայի մասին սկսեցին խոսել ս.թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո։

Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւն իր «հերթական վերընտրության» բեմադրությունը ավելի համոզիչ դարձնելու համար մի շարք հեղինակավոր անուններ (բայց ոչ բովանդակություն) ունեցող խմբեր էր հրավիրել Բաքու, եւ միայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն էր արդյունքում տվել օբյեկտիվ գնահատական. լցոնումներ, ընտրակեղծիքներ, ընտրողների ահաբեկում, խմբակային քվեարկություններ եւ «կարուսել», ցուցակների անճշտություններ եւ այլն։

Արդեն զինված այլ դիտորդական խմբերի՝ Ադրբեջանի «ժողովրդավարական առաջընթացի» մասին զեկույցներով եւ եզրակացություններով՝ Ալիեւի վարչակարգը անցավ ԺՀՄԻԳ-ի նկատմամբ հակահարձակման, եւ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Թանա դե Զուլուետային մեղադրեց նրանում, որ  նրա ընտանիքը ժամանակին հարստացել է ստրկավաճառության միջոցով։

Ըստ ամենայնի, իրոք բարեկեցիկ ընտանիքից սերող Զուլուետան հետաքրքրություն չէր ցուցաբերել ադրբեջանական սեւ խավիարի կամ նավթադոլարների նկատմամբ, ինչով եւ հիմա արժանացել է Իլհամ Ալիեւի եւ ընտանիքի քամահրանքին։

Սակայն իրավիճակն այլ է Եվրոպական խորհրդարանի ոչ պաշտոնական (դեռ ս.թ. հուլիսին ԵԽ-ը հրաժարվել էր Ադրբեջան ուղարկել պաշտոնական դիտորդական առաքելություն) պատվիրակության պարագայում։ Այդ յոթ հոգանոց պատվիրակությունը, որը ղեկավարում էր իտալացի պատգամավոր Պինո Արլաչին, Ադրբեջանի նախագահական ընտրությունները գնահատել էր «ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ»։

Սրանից ցնցված՝ եվրոպական մի շարք առաջատար ԶԼՄ-ներ, այդ թվում՝ European Voice-ը եւ BBC-ն, արդեն հրապարակումներ ունեցել են այս եւ այլ դիտորդական առաքելություններում կողմնապահության եւ կաշառակերության դեպքերի առնչությամբ։ «Գոլոս Արմենիի» թերթի հոկտեմբերի 26-ի համարում նույնպես հոդված լույս տեսավ պատգամավոր Պինո Արլաչիի նախկին գործունեության եւ Հայաստանին առնչվող ԵԽ վերջին բանաձեւում փոփոխություններ մտցնելու մեջ նրա դերի առնչությամբ։

Ըստ ամենայնի, ԵՄ խորհրդարանականներին Բրյուսելում եւ Ստրասբուրգում լարված օրեր են սպասվում:

Իսկ այժմ վերադառնանք Արեւելյան գործընկերության ծրագրի եւ դրա մասնակից երկրների վերաբերյալ հոկտեմբերի 23-ի ԵԽ զեկույցին, որը հիրավի բացասական եւ անտրամաբանական կետեր է պարունակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։

Եվ այսպես։

Բանաձեւում տեղ գտած կետերի հիմնական պատճառը ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում հայկական կողմերի դիրքերի թուլությունը կամ Հայաստանի բանակցային դիրքորոշման վրա ԵՄ կողմից ճնշում բանեցնելու ցանկությունն է, այլ Ադրբեջանի հետ կասկածելի շահերի ընդհանրություն ունեցող որոշ եվրապատգամավորների «բարյացակամությունը»։ Չէ՞ որ քաղաքական ճնշումների ցանկություն ունենալու պարագայում ամեն շաբաթ Երեւան այցելող բարձրաստիճան ԵՄ պաշտոնյաները գոնե մեկ անգամ այդպիսի հայտարարությամբ հանդես կգային։ Ավելին՝ ի տարբերություն պահպանողական կեցվածք ունեցող Եվրոպական հանձնաժողովի, ԵԽ-ը 2008-ից հետո որդեգրել է «ներգրավում՝ առանց ճանաչման» սկզբունքը, ըստ էության, հանձնաժողովից մեկ քայլ առաջ անցնելով չճանաչված հետխորհրդային հանրապետությունների հետ կայուն հարաբերություններ հաստատելու քաղաքականության մեջ, ինչը արդեն մի քանի տարի նյարդայնացնում էր Ադրբեջանին։ Եվ ուրեմն այս նոր բանաձեւի «տրամաբանությունը», որը չի համապատասխանում նաեւ այդ մարմնի նախորդ բանաձեւերի տառին եւ ոգուն, այլ տեղ է պետք փնտրել։

Համաձայն որոշ տեղեկությունների՝ հենց ԵԽ պատգամավոր Պինո Արլաչին եւ Ադրբեջանում «գործուղման» մեջ գտնվող նրա գործընկերներն են առաջարկել մտցնել ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերի եւ «օկուպացիայի» հղումները, որոնք այլ պարագայում սովորաբար հանդիպում են միայն ադրբեջանական մամուլում եւ այդ երկրի պաշտոնատար անձանց ելույթներում։

Ներկայումս ԵԽ պատգամավոր Պինո Արլաչին 2000-ականների սկզբին համարվում էր «Ռուսաստանի մարդը ՄԱԿ-ում», մինչեւ որ նրան կաշառակերության եւ պաշտոնական դիրքը չարաշահելու համար 2001-ին հեռացրին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող ՄԱԿ-ի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնից։ Ռուսական թերթերը այդ ժամանակ գրում էին, որ հիմնականում կենտրոնաասիական եւ աֆղանական թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելմամբ ի պաշտոնե զբաղվող Արլաչիի «հիմնական դաշնակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էր»։ Նույն աղբյուրները պնդում էին, որ Կրեմլի հետ կապերը ոչ միայն չօգնեցին, այլեւ «վերջնականապես ոչնչացրեցին» Արլաչիի կարիերան։

Տարիներ անց՝ 2011-ին, արդեն ԵԽ պատգամավորի կարգավիճակում, Պինո Արլաչին իտալական «L՚Unita» թերթում մի հոդված հրապարակեց, որտեղ նա ըստ էության աջակցություն էր հայտնում Վլադիմիր Պուտինի՝ քաղաքական ճնշումների քաղաքականությանը՝ գովերգելով Ռուսաստանը մաֆիոզ գործարարների ճիրաններից ազատելուն միտված Պուտինի հաջողությունները՝ ներառյալ հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկու բանտարկությունը, մինչդեռ ամբողջ Արեւմուտքը մինչ օրս քննադատում է Պուտինին դրա համար։

Արլաչիի «ռուսական հետքը» ամենեւին եւ պարտադիր կերպով չի նշանակում, որ ռուսներն են նրան դրդել ԵԽ վերջին բանաձեւի կետերում հակահայկական բնույթի փոփոխություններ առաջարկել եւ մտցնել, բայց սույն պատգամավորի, մեղմ ասած, խնդրահարույց գործունեությունը վեր է հանում վերջինիս եւ ընդհանրապես եվրոպական կառույցների անկողմնակալության հետ կապված ցավոտ խնդիրներ։ Այլ կերպ բացատրել Ադրբեջանի նախագահական ընտրությունները ամբողջ աշխարհից հնչող քննադատության ֆոնին՝ «ազատ ու արդար» գնահատելը առնվազն տարակուսանք պետք է առաջացնի։ Եվ հենց այս խնդիրների բացահայտմանն են ուղղված վերջին օրերին եվրոպական թերթերը ողողած հրապարակումները՝ ԵԽ օտարերկրյա առաքելությունների իրական նպատակների մասին։

Այս ամենը ամենեւին չի նշանակում, որ Բրյուսելում ՀՀ դեսպանությունը եւ ընդհանրապես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները ու բարեկամության խմբերը չունեն մեղքի իրենց բաժինը։ Իրոք, նրանք հերթական անգամ չեն կատարել իրենց տնային աշխատանքը եւ չեն կարողացել չեզոքացնել հակահայկական դրույթները։

Բայց ԵԽ վերջին բանաձեւի շեշտադրումները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արտացոլանքն են ոչ այնքան Մաքսային միության ճանապարհը բռնած Հայաստանի իշխանությունների վերջին քայլերի կամ եվրոպական գործընկերների հետ նրանց վատ հարաբերությունների, այլ Ադրբեջանի կողմից շարունակ «կերակրվող» եվրոպացի չինովնիկների՝ իրենց քարոզած արժեքների արհամարհման ու դավաճանության, ինչը շտկելը թերեւս միայն ԵՄ ներքին գործն է։

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031