Չգիտեմ՝ ձեզ մոտ երբեք այդպիսի զարմանալի ցանկություն չի՞ եղել՝ գնալ Ուրուգվայ: Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում հանրապետականները հավերժ են, աշխատավարձը ծիծաղելի է, կյանքը տխուր է ու շուտով՝ ձմեռ: Պարզապես լսել եմ, որ Ուրուգվայի նախագահն ապրում է իր ագարակում՝ Մոնտեվիդեոյից դուրս, ու ծաղիկ է աճեցնում: Դուք երբեւէ տեսե՞լ եք Հայաստանի նախագահի աճեցրած ծաղիկը: Համոզված եմ, որ նախագահի աճեցրած ծաղիկը բացարձակ ոչնչով չի էլ տարբերվում իրեն ընտրած կամ չընտրած քաղաքացու աճեցրած ծաղկից, պարզապես դա նախագահի՛ աճեցրած ծաղիկն է:
Պատկերացնո՞ւմ եք՝ ծաղիկ ես նվիրում սիրածդ աղջկան ու ասում՝ սա նախագահի աճեցրած ծաղիկն է… Թվում է, թե միայն հենց դրա համար արժե գնալ Ուրուգվայ: Բայց Ուրուգվայը վտանգավոր տեղ է, որովհետեւ այնտեղ ստիպված ես լինելու փոխել քո արժեհամակարգը…
Առաջ համոզված էի, որ նրանք, ովքեր պնդում են, թե փողն իրենց համար որեւէ նշանակություն չունի, ակնհայտորեն ստում են: Բայց հետո լսեցի, որ Ուրուգվայի նախագահը, որն ամսական ստանում է 12 հազար դոլար, իր աշխատավարձի 90 տոկոսը նվիրում է աղքատներին: Իսկ իրեն թողնում է 775 դոլար: Ինչո՞ւ հենց 775: Որովհետեւ հենց այդքան է ուրուգվայցու միջին աշխատավարձը:
Հենց դրա համար էլ ես Ուրուգվայ չեմ գնում: Որովհետեւ այնտեղ ոչ միայն պիտի վերանայեմ ողջ արժեհամակարգս, այլեւ այնտեղ իմ կարիքը չկա: Իմ ամենասիրած զբաղմունքը նախագահի աշխատավարձ նշանակելն է: Ինչո՞ւ նախագահ չդարձա, պատգամավոր դարձա: Բոլորին թվում է, թե ամենալավ բանը նախագահ լինելն է: Շատ պարզունակ մտածելակերպ է: Աշխարհում ամենահաճելի բանը նախագահի աշխատավարձը սահմանելն է: Դուք երբեւէ նախագահի աշխատավարձ սահմանե՞լ եք: Պատկերացնո՞ւմ եք: Հանրապետության թիվ մեկ մարդը քո ձեռքին է՝ կուզես 150 դոլար կգրես, կուզես՝ 150 հազար դոլար: Ինքն, իհարկե, թքած ունի քո 150-ի վրա էլ, 150 հազարի վրա էլ, միեւնույն է՝ սեփական ինքնաթիռով է երթեւեկելու: Բայց միգուցե նաեւ աշնանային գիշերվա կեսին մի պահ հանկարծ արթնանա ու մտածի՝ բա հետո ի՞նչ եմ անելու, ինչո՞վ եմ ապրելու: Աշխարհում երեւի ընդամենը մի նախագահ կա, որն այդ մասին չի մտածում, դա Ուրուգվայի նախագահն է: Ինքը պարզապես կշարունակի ծաղիկներ աճեցնել:
Կարդացեք նաև
Երբ Սովետում էինք ապրում, փողն այնքան էլ մեծ նշանակություն չուներ, որովհետեւ հիմնականում նույն կերպ էինք ապրում բոլորս, իսկ եթե բոլորը հավասար են, այդ հավասարությունն ապահովող փողը կամաց-կամաց կորցնում է իր նշանակությունը եւ անտեսանելի դառնում: Բայց ամեն ինչ փոխվեց 90-ականների սկզբին՝ 20 տարի առաջ… Մեր խեղճ ծնողները ողջ կյանքն աշխատել էին, ինչ-որ գումար կուտակել Խնայբանկում, թվում էր, թե մեծ գումար էլ չէր՝ մի քանի հազար ռուբլի: Բայց այդ գումարով այն ժամանակ կարելի էր «Վոլգա» գնել՝ «ԳԱԶ 24»՝ խորհրդային մարդու նվիրական երազանքը:
Էդ գումարը մի քանի օրում դարձավ մի մատնաքաշի փող… Հեչ էլ հավատաք, բայց 20 տարի առաջ եղավ մի պահ, երբ մատնաքաշը 3000 ռուբլով էին վաճառում: Որովհետեւ այդ ռուբլին արդեն զրո էր, կարեւորը մատնաքաշն էր, որը չկար… Կտրոնով պիտի ժամերով հերթ կանգնեիր… Հերթ չէ՝ հայկական հերթ: Գիտեք, չէ՞, թե ինչ է նշանակում հայկական հերթ: Ուրիշ տեղերում հերթն ուղիղ գիծ է, մեզ մոտ՝ շրջան: Մենք սիրում ենք ժողովվել:
Այդ նվիրական «Վոլգայի» փողից 1500 ռուբլի ինձ էլ բաժին հասավ: Չհասցրեցի մի արկղ կարագ գնել, անհետացավ, լուծվեց, գոլորշիացավ… Շնորհակալություն «Օրինաց երկրին», որ բարձրացրեց իմ կորած փողերի հարցը, եւ հիմա ապրում եմ այն հույսով, որ մի 50 տարուց մի 50 դոլար կստանամ:
Բայց այն ժամանակվանից մոտս անհասկանալի սեր առաջացավ փողի նկատմամբ: Դա սիրահարվելու նման մի բան է. չես հասկանում՝ երբ ու ինչպես է գալիս… Բայց գալիս է ու անամոթաբար ստրկացնում քեզ, թեեւ մեծ հաշվով՝ սիրահարվելը շատ գեղեցիկ բան է… Նույնիսկ փողին սիրահարվելը…
Ամերիկացի մի գրող կա, անունը հիմա չեմ էլ հիշում, միգուցե՝ Սոլ Բելոու: Կամ Չիվեր: Մի բան է ասել, որը մինչեւ հիմա հիշում եմ՝ «Փողը սեքսի նման է, երբ այն չկա, անընդհատ դրա մասին ես մտածում, իսկ երբ կա՝ երբեք չես էլ հիշում»:
Ու մի հատկություն էլ ունի փողը, որն արդեն առանց ամերիկյան գրականության եմ հայտնաբերել՝ ուզում ես ամսական 5 հազար դոլար ստացիր, ուզում ես՝ 150 դոլար, միեւնույն է՝ ամսվա վերջում բան չի մնում: Եվ ուրեմն, ի վերջո նշանակություն էլ չունի, թե որքան ես ստանում: Ու միշտ դրանով եմ մխիթարվել: Ինչ-որ մեկն ինձ հասանելիք փողը վերցնում է, բայց միեւնույն է՝ ամսվա վերջում մեր երկուսիս գրպանները դատարկ են: Սա ժողովրդավարություն է:
Ի դեպ, ուրիշի գրպանի փողը հաշվելն էլ շատ հետաքրքիր է, երեւի աշխարհի ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկն է: Ինչպես ժամանակին Իսահակ Բաբելն էլ ասել՝ «Իմ ամենասիրած զբաղմունքը ուրիշի նամակներ կարդալն է», այնպես էլ ես կարող եմ խոստովանել, որ ուրիշի փողերը հաշվելուց ավելի հաճելի զբաղմունք երեւի չկա: Միգուցե՝ սեքսը:
Ու նաեւ պատգամավորի գործն ինձ դուր է գալիս նրանով, որ ինքն իր աշխատավարձն էլ է որոշում: Դե, մարդ, իհարկե, միշտ էլ վերջին հաշվով ինքն է որոշում իր աշխատավարձը՝ կամ համաձայնում ես այսինչ աշխատավարձով աշխատել, կամ չես համաձայնում: Բայց պատկերացնո՞ւմ եք, երբ քեզ առաջարկում են՝ վերցրու գրիչը կամ քվեարկության կոճակը եւ ինքդ որոշիր՝ որքան ես գնահատում քո աշխատանքը: Սեքսի նման մի բան: Միգուցե՝ նույնիսկ ավելի հաճելի:
Ի վերջո, կյանքում փողը չի ամենակարեւորը: Ամենակարեւորն ուրիշի փողը սահմանելն է: Ես քեզ այսքան եմ գնահատում: Մոտավորապես Հանրապետության հրապարակի նոր նախագիծ ներկայացնելու նման մի բան: Եթե ես կարող եմ խմբագրել ինչ-որ մեկի արածը, ուրեմն ես առնվազն այդ ինչ-որ մեկից ավելի խելոք եմ, տաղանդավոր:
Բայց Ուրուգվայի նախագահը, համաձայնեք, ամեն ինչ խառնում է, ինչ-որ իմաստով սպանում է: Ինքը ոչ միայն թույլ չի տալիս, որ իր աշխատավարձը գնահատեմ, որովհետեւ մեկ միլիոն էլ նշանակեմ, ինքը բաժանելու է աղքատներին ու իրեն պահելու է ընդամենը 775 դոլար: Ինքը պարզապես վաղը գալու է իր տրակտորով… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ-որ մեկը տրակտորով գա ու քանդի ձեր ողջ արժեհամակարգը…. Միգուցե հասկանաս, որ առանձնապես ուժեղ արժեհամակարգ էլ չունես, եթե այն կարող է քանդել Ուրուգվայի պես ոչ այնքան զարգացած պետության ղեկավարը՝ իր տրակտորով…
Ու միգուցե նույնիսկ իր աճեցրած ծաղիկները ձրի բաժանի… Ուրուգվայցի Կարա Բալան…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ