Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնենք Շարա Տալյանի թոռնուհուն

Հոկտեմբեր 29,2013 14:09

Բաց նամակ ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին,

ՀՀ գլխավոր դատախազ  Գ. Կոստանյանին,

ՀՀ ոստիկանապետ  Վ. Գասպարյանին

Սույն բաց նամակը հղում եմ Ձեզ՝ նպատակ ունենալով վերականգնել արդարությունը եւ թույլ չտալ, որ հայ ժողովրդի մեծանուն զավակ՝ օպերային հայտնի մենակատար՝ Շարա Տալյանի թոռնուհի՝ Ռուզաննա Միքայելի Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակում շրջի Երեւանի փողոցներում:

Ես հանդիսացել եմ Շարա Տալյանի դստեր՝ Լուսյա Շարայի Տալյանի ընտանիքի բարեկամը եւ վերջերս մամուլից տեղեկացա, որ նրա միակ դուստրը՝ Ռ. Բաբաջանյանը, ունենալով սեփականության իրավունքով իր անունով գրանցված Երեւանի Ղ. Փարպեցի 9 ա շենքի 12 բնակարանը, չի կարողանում մուտք գործել իր բնակարան, քանի որ այն զբաղեցնում է Լեւոն Ժամհարյանի ընտանիքը եւ թույլ չի տալիս Ռուզաննա Բաբաջանյանին մուտք գործել իր բնակարան:

Ռ. Բաբաջանյանը հանդիսացել է նշված բնակարանի 1/3 մասի սեփականատեր: Ծնողների մահից հետո նա ժառանգել է նրանց պատկանող 1/3-ական բաժինները եւ գրանցել իր սեփականության իրավունքն ամբողջ բնակարանի նկատմամբ: Սակայն 2012 թ. ապրիլի 2-ին նրան հայտնի է դարձել, որ Լ. Ժամհարյանի անչափահաս որդին՝ Ա. Ժամհարյանը, Լ. Շ. Տալյանի անկողնային հիվանդ եւ անօգնական վիճակում գտնվելու ընթացքում՝ 2007 թ. մարտի 3-ին, իբրեւ թե նվեր է ստացել այդ բնակարանը Լ. Շ. Տալյանից:

Նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքների բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո:

2007 թ. մարտի 3-ին նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում Ա. Լ. Ժամհարյանի օրինական ներկայացուցիչ՝ Լ. Ժամհարյանի կողմից արգելվել է Լ. Շ.Տալյանին շփումներ ունենալ արտաքին աշխարհի հետ: Լ. Շ. Տալյանը կոտրվածքներով պառկած է եղել տանը: Իսկ Լ. Ժամհարյանը արգելել է հարեւաններին մուտք գործել բնակարան եւ զրուցել վերջինիս հետ: Նախկինում Լ. Շ. Տալյանը իր հարեւան՝ բնակչուհի Ի.Ս. Ս. Մավյանին հայտնել էր, որ Լ. Ժամհարյանը հեռավոր ազգական է եւ ինքը անհանգստացած է, որ նա իրենց բնակարանի վրա աչք ունի եւ իր աղջիկը կարող է մնալ առանց բնակարանի: Ի. Ս. Ս. Մավյանը 2007 թ. դիմել է թաղային ոստիկանին, հայտնելով, որ արգելում են իրեն հանդիպել Լ. Շ. Տալյանի հետ եւ կարծում է, որ նրան պահում են գերության մեջ: Խնդրել է ոստիկանին այցելել Լ. Շ. Տալյանին, միայնակ մնալ նրա հետ եւ պարզել վերջինիս վիճակը: Ոստիկանը Ի. Ս. Ս. Մավյանին հայտնել է, որ ինքը այցելել է Լ. Շ. Տալյանին, վերջինս պառկած է, իրենց միայնակ չեն թողել, ոնց որ լավ է:

Մի քանի ամիս անց՝ 2008 թ. փետրվարին Լ. Շ.Տալյանը մահացել է:

Ռ. Բաբաջանյանը հանդիսանում էր Լ.Շ. Տալյանի միակ ժառանգորդը: 1999 թվականի կտակի համաձայն՝ իր մահից հետո իրեն պատկանող գույքն ամբողջությամբ, այդ թվում նաեւ Երեւանի Ղ. Փարպեցու 9ա շենքի 12 բնակարանը Լ Շ. Տալյանը կտակել է Ռ. Բաբաջանյանին: Կտակի մեկ օրինակը թողել էր իր մտերիմներից մեկի՝ Երեւանի Հր. Ներսիսյան 8շ. 12 բն. բնակչուհի Անուշ Հովհաննիսյանի մոտ: Վերջինս հայտնել է Ռ. Բաբաջանյանին, որ Լ. Ժամհարյանի պահանջով ինքը կտակի օրինակը տվել է նրան: Ինքը հաղթահարելով Ժամհարյանների դիմադրությունը՝ մի կերպ հիվանդանոցում հանդիպել է Լ. Շ. Տալյանին, սակայն Ժամհարյանների ներկայությամբ: Լ. Շ. Տալյանը վիրահատության կարիք ուներ, սակայն Ժամհարյանները չեն համաձայնել, որ վիրահատվի, եւ նա մի քանի ամիս անց մահացել է:

Իր միակ ժառանգին ժառանգությունից զրկելու եւ իր ժառանգական գույքը մեկ այլ անձի նվիրելու Լ. Շ. Տալյանի կամքի արտահայտությունն ազատ չի եղել, քանի որ նա պառկած է եղել անօգնական՝ կտրված արտաքին աշխարհից, իսկ պայմանագրի կնքման պահին Լ. Շ. Տալյանի կողմից որեւէ մեկը ներկա չի եղել, ավելին՝ պայմանագրի կնքման պահին ներկա է եղել վկա՝ Սուքիասյան Աստղիկը (բնակվող Երեւան, Սարյան 24 ա շենք, բն. 23), ով հանդիսացել է Ա. Լ. Ժամհարյանի եւ նրա ընտանիքի հարեւանը: Անչափահաս Ա. Լ. Ժամհարյանը իր ընտանիքի հետ հաշվառված է ք. Երեւան, Սարյան 24ա շենք, 27 բն.:

Լ. Ժամհարյանը ծրագրված մեկուսացրել է Լ. Շ. Տալյանին. նրան պահել անազատության մեջ, եւ վերջինս այդ գործարքը կնքել է խաբեության, սպառնալիքի եւ բռնության ազդեցության տակ:

Ներկայումս Ռ. Բաբաջանյանը դիմել է դատական պաշտպանության, սակայն Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը ծաղրում է, կատակի է վերածում դատական նիստը:

Առկա է երկու կադաստրային գործ նույն բնակարանի նկատմամբ: Գրանցված է երկու անձի սեփականության իրավունք:

Ռ. Բաբաջանյանը կիրթ է, ռոմանտիկ խառնվածք ունի, բանաստեղծություններ է գրում, նկարում է: Նա միայնակ է, անօգնական եւ անօթեւան: Որպես ընտանիքի բարեկամ եւ հայ մարդ՝ իմ պարտքն եմ համարում Ձեզանից օգնություն հայցել նրա խախտված իրավունքների վերականգնման համար: Կարծում եմ, պետք է քրեական գործ հարուցվի՝ պարզելու համար, թե ինչու են Լ. Շ. Տալյանին պահել անազատության մեջ եւ ինչպես է Լ. Ժամհարյանի անչափահաս որդին՝ Ա. Ժամհարյանը, Լ. Շ. Տալյանի անկողնային հիվանդ եւ անօգնական վիճակում գտնվելու ընթացքում, իբրեւ թե նվեր ստացել այդ բնակարանը Լ. Շ. Տալյանից:

Օգնենք Շարա Տալյանի թոռնուհուն:

Հարգանքով՝

ՌԵՄ ՂԱԶԱՆՋՅԱՆ

դոցենտ, ՀՀ Ազգային ակադեմիայի ավագ գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031