Լրահոս
Օրվա լրահոսը

«8-րդ հրաշալիքի» հոբելյանը

Հոկտեմբեր 29,2013 13:58

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում  նոյեմբերի 8-ին կկայանա հոբելյանական երեկո՝ նվիրված Երեւանի ձայնի պահպանման վոկալ երգչախմբային մասնագիտական դպրոցի հիմնադրման 40-ամյակին:

«Առավոտը» կապվեց  դպրոցի հիմնադիր տնօրեն, ճանաչված դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Զալյանի հետ, ով մինչեւ վերջին 5 տարին վարել է այդ պաշտոնը: Նրա փոխանցմամբ. «Նման դպրոց հիմնելու գաղափարն ու երազանքը հայկական վոկալ արվեստի երախտավոր, մեծանուն մանկավարժ, պրոֆեսոր Թամարա Շահնազարյանինն էր: Ժամանակին երբ այս մտահղացումը հայտնեցի Խորհրդային Միության կուլտուրայի մինիստրի տեղակալ ընկեր Վորոնկովին, նա ասաց, որ դա կլինի  աշխարհի 8-րդ հրաշալիքը…»:

Հիշյալ դպրոցում դասավանդել եւ այսօր էլ իրենց մանկավարժական գործունեությունն են ծավալում մեր հանրապետության լավագույն մասնագետները (վոկալիստներ, դիրիժորներ, դաշնակահարներ, տեսաբաններ), այդ թվում՝ Մարիա Չմշկյանը, Սեդա Քալանթարյանը, Հովհաննես Բադալյանը, Դոնարա Կարագյոզյանը,  Վալերի Ապրեսյանը, Կարինե, Էմմա Առաքելյանները, Յուրի Գոլդենբերգը, Քրիստինե Խաչիկյանը եւ մյուսները: Շրջանավարտներն էլ ինչպես մեզ, այնպես էլ արտերկրում հայտնի անուններ են, օրինակ՝ օպերային երգիչներ Վարդուհի Խաչատրյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Առնոլդ Քոչարյանը, Սարգիս Աղամալյանը, Արտակ Մելքոնյանը եւ այլն: Շրջանավարտներից շատերը, որոնք ավարտելով Երեւանի կոնսերվատորիան, բեմ են բարձրանում  լավագույն թատրոններում, օրինակ՝ Լոնդոնի օպերային թատրոնում է Թելման Գուժեւսկին, Ամերիկայում՝ Վաղարշակ Օհանյանը, Գերմանիայում են ստեղծագործում դիրիժոր Արթուր Ասրյանը եւ երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանն (լուսանկարում) ասաց, որ տարբեր տարիների իրենց սաները Հայաստան անունը հնչեցրել են  արտերկրյա բազմաթիվ միջազգաիյն մրցույթ-փառատոների (Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Եգիպտոսում, Սլովակիայում եւ այլուր) ժամանակ, ունեն Վլադիմիր Սպիվակովի ֆոնդի անդամներ եւ այլն: Նույնիսկ, մեր  զրուցակցի խոսքերով՝ ժամանակին Սանկտ Պետերբուրգում օպերային արվեստի աշխարհահռչակ անուն Ելենա Օբրազցովայի բեմական ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված երեկոն չի անցել առանց իրենց աշակերտների մասնակցության: Տնօրենը հավելեց, որ 2004թ. Չինաստանում կայացած մրցույթ-փառատոնում CNN-ը առանձնացրել ու ցուցադրել էր ընդամենը մեկ կատարում. իրենց դպրոցի սան Նարեկ Վարդանյանի փառատոնային ելույթը, ով այժմ ուսումը շարունակում է Մոսկվայում:

Մանրամասնելով իրենց դպրոցի ուսումնական ընթացքը՝ Հասմիկ Սաֆրազբեկյանը հիշեցրեց, թե իրենց դպրոցում գործում է ուսուցման հատուկ ծրագիր, մասնավորաբար՝ երեխաները հասունացման շրջանում, ձայնի փոփոխման հետ կապված, գտնվում են մասնագետի հսկողության տակ: Իսկ տասնամյա մասնագիտական կրթության վկայական են ստանում այն սաները, ովքեր յոթնամյա ուսուցումից հետո որոշում են շարունակել ուսումը՝ հետագայում վոկալիստ, դիրիժոր, երգչախմբի արտիստ դառնալու համար: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ի տարբերություն հանրապետության երաժշտական եւ արվեստի դպրոցների, իրենց մոտ ուսման վարձը մատչելի է՝ տարեկան 60 հազար դրամ: Տնօրենը հայտնեց նաեւ, որ հանրապետությունում տեղի ունեցող մրցույթ-փառատոներից ու տարբեր մշակութային միջոցառումներից բացի,  իրենք ստեղծագործական սերտ համագործակցության մեջ են Երեւանի օպերային թատրոնի հետ, տեղեկացնելով, թե առաջիկայում դպրոցի սաները կմասնակցեն Բիզեի «Կարմեն» եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերաների բեմադրման աշխատանքներին:

Հարցին, թե քաղաքապետարանի ենթակայության տակ գործող իր տեսակի մեջ միակ դպրոցը ունի՞ հովանավորներ, տնօրենը, առանց մանրամասնելու, տվեց բացասական պատասխան, հետո էլ հայտնեց, թե հովանավորի դեպքում շատ կցանկանար, որ իր սաները  2014թ. մասնակցեին Դուբնայում կայանալիք  «Հնչում են տղաների ձայներ» հեղինակավոր մրցույթ-փառատոնին: Նա հավելեց, որ դրա համար անհրաժեշտ է $15000, քանի որ պետք է մեկնի արական 25 հոգանոց երգչախումբ, երեք մենակատար, կոնցերտմայստեր…

Անդրադառնալով դպրոցի հոբելյանին նվիրված համերգին՝   Հասմիկ Սաֆրազբեկյանը հավելեց, որ այդ օրն առաջին անգամ բեմ  կբարձրանա դպրոցի տղաների երգչախումբը, կմասնակցի օպերային թատրոնի նվագախումբը՝ Աթանես  Առաքելյանի ղեկավարությամբ:

ՍԱՄՎԵԼ  ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031