Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մագիստրատուրան դեռ անելիքներ ունի

Հոկտեմբեր 29,2013 13:54
usanox

Շուրջ տասը տարի է, ինչ հանրապետության բոլոր բուհերում մեկնարկեցին մագիստրոսական կրթական ծրագրեր, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե դժվարությամբ ընկալվեցին թե պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ թե ուսանողության կողմից: Մագիստրատուրայի մեկնարկի պահին շրջանառվեց այն թյուր կարծիքը, որ բակալավրիատը «թերի բարձրագույն» է, եւ ուսանողությունը ձգտեց լրացնել այդ «բացը»՝ մասսայաբար դիմելով մագիստրոսական կրթության: Սակայն հետագայում հրապարակված սոցիոլոգիական հարցումները վկայեցին, որ մագիստրոսական կրթության հանդեպ ոգեւորվածությունն աստիճանաբար սկսեց մարել, որը, մեր կարծիքով, առաջին հերթին պայմանավորվեց կրթական նպատակադրումների ոչ ճիշտ ընկալմամբ:

Մագիստրատուրան արեւմտյան երկրներում հիմնականում համարվեց ոչ թե գիտելիքների խորացման, այլ մասնագիտական կարողությունների, հմտությունների ընդլայնման միջոց: Ներկայումս էլ արեւմտյան բուհերում այն կազմակերպվում է «բակալավր + գիտահետազոտական գործունեություն + կառավարման կարողություններ + մանկավարժություն» համընդհանուր բանաձեւով, որտեղ մագիստրոսը բակալավրիատի շրջանավարտի նկատմամբ ընդամենը ունի առավելություններ`  բանաձեւում նշված բաղադրիչների գծով: Մագիստրոսները բուհն ավարտելուց հետո  կառավարիչներ, մանկավարժներ կամ հետազոտողներ դառնալու հավակնություններ ունեն, եւ հենց այդ նպատակով էլ դիմում են մասնագիտական կրթության երկրորդ աստիճանին:

Սակայն մեր իրականությունում, մագիստրոսական ծրագրերին դիմորդների մեծ մասի մոտ թվարկված նպատակադրումները թիրախավորված չեն, եւ կարծես թե կրթությունը նրանց մոտ շարունակվում է բակալավրիատի «իներցիոն ուժով»: Դրան նպաստում են նաեւ մեր բուհերում  մագիստրոսական գործող կրթական ծրագրերը, որոնց մեծ մասում  լուրջ ուշադրություն չեն դարձվում սովորողի կառավարման, մանկավարժական, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու հմտությունների զարգացմանը: Արդյունքում, մագիստրոսական կրթությունը լիարժեքորեն չի ծառայում իր նպատակին եւ պարզապես մեխանիկորեն շարունակում է բակալավրիատի ավանդույթները:

Եվ պատահական չէ, որ Արեւմուտքում մագիստրոսական կրթության անցումը բակալավրիատից միանգամից չի խրախուսվում: Բակալավրիատի շրջանավարտները մի քանի տարի աշխատելուց հետո են ինքնակողմնորոշվում, թե մագիստրական ինչպիսի կրթական ծրագրեր ընտրեն եւ ինչ ուղղություններով խորացնեն իրենց մասնագիտական հմտությունները:  Եվ դրանից ելնելով, բուհերի կողմից էլ մագիստրոսական ծրագրերը բազմազան են դառնում` թե կրթական տեխնոլոգիաների կիրառման,  թե ակնկալվող արդյունքների ստացման առումով:

Ուստի մենք էլ պետք  է քայլեր ձեռնարկենք մագիստրոսական կրթությունը ուսանողների համար առավել նպատակային եւ գրավիչ դարձնելու համար, որպեսզի այն պարզապես չներկայացվի որպես բակալավրիատի զուտ մեխանիկական շարունակություն, այլ ծառայի մասնագիտական կրթության երկրորդ աստիճանին հարիր նպատակների:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ  

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031