Այս տարին հոբելյանական է. նշվում է ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի և Երևանի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, դաշնակահար Յուրի Հայրապետյանի 80-ամյակը, և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ տեղի են ունենում միջոցառումներ` նվիրված անվանի դաշնակահարի տարեդարձին: Մասնավորապես, հոկտեմբերի 29-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Յուրի Հայրապետյանի և նրա տարբեր տարիների աշակերտների (Հրանտ Հայրապետյան, Պավել Մելիխով, Կարինե Մովսիսյան, Ելենա Լելիդիս, Անաստասիա Նեստերովա, Դեսիսլավա Բոբրինա, Արմեն Մանասյան, Սամսոն Ցոյ, Րինա Խարասովա) համերգը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յուրի Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի ունեցած մոսկովյան կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը նույնպես նվիրված էր Յ. Հայրապետյանի 80-ամյակին:
Յ. Հայրապետյանի 19-ամյա աշակերտուհի Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան), որը ելույթ է ունեցել Մոսկվայի լավագույն բեմերում, երկու մենահամերգ է ունեցել Գերմանիայում` Ռուսական մշակույթի համաժողովի և անձամբ Ֆրանց Կիզելի հրավերով և այլն, ասաց, որ հպարտ է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ ունենալու համար (30 հոկտեմբերի, «Արամ Խաչատրյան» համերգասրահ):
Նշենք, որ Յ. Հայրապետյանին նվիրված համերգները ներառված են Ա. Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում: Յ. Հայրապետյանն այն եզակի երաժիշտներից է, որոնք Ա. Խաչատրյանի կենդանության օրոք ելույթ են ունեցել վերջինիս հեղինակային համերգներին` որպես մենակատարներ:
Խոսելով իր երգացանկի մասին` Յ. Հայրապետյանն ասաց, որ ինքը, առանձնահատուկ տեղ տալով Բեթհովենի, Լիստի, Մոցարտի, Շոպենի, Պրոկոֆևի, Շումանի, Խաչատրյանի ստեղծագործություններին, իր ծրագրերում մշտապես ներառում է նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (Ա. Բաբաջանյան, Է. Հովհաննիսյան, Է. Արիստակեսյան):
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ