ՍԴ շենքի պատուհանների վերանորոգման համար 62,2 մլն դրամ է անհրաժեշտ: Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանն ասաց, որ այդ խնդրանքով դիմել են կառավարությանը`եկող տարվա բյուջեում ամրագրելու համար:
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն Առուշան Հակոբյանին հորդորեց ավելի մանրամասն ներկայացնել, թե այդ ինչ վերանորոգման աշխատանքներ են: Թեւեւ հորդորը հնչեց մի քանի անգամ, Առուշան Հակոբյանն այդպես էլ մանրամասներ չներկայացրեց այդ աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նեղսրտեց, որ օրենսդրության համաձայն նախագիծը պետք է ի գիտություն ընդունել. «Եթե այս քննարկման արդյունքում մերժելու եք, ի՞նչ ասեմ»:
Այս անգամ Դավիթ Հարությունյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին խնդրեց մանրամասները ներկայացնել ու պարզվեց, որ աշխատանքների նախահաշիվ ՍԴ-ի կողմից ներկայացված չէ, ինչն էլ Առուշան Հակոբյանի վրդովմունքն առաջ բերեց. «Ինչպե՞ս թե, նախագիծը կա, հիմնավորումը ներկայացված է: Պարոն Սաֆարյան, ներկայացված է հիմնավորում, միայն պատուհանների մեկուսացման հարցը պետք է լուծվի»:
Նա դժգոհեց նաեւ, որ ՍԴ եռահարկ դահլիճի պատուհանները վերից վար խայտառակ վիճակում են. «90-ականներին բոլոր կուսակցություններին լցրել էին էդ շենքում, շենքի հերն անիծվել է»: Ըստ Առուշան Հակոբյանի՝ ՍԴ-ում ամեն տարի որոշել են նման ֆինանսավորում չխնդրել՝ մտածելով, որ դրա ժամանակը չէ, բայց այեւս անհնար է սպասել:
ՍԴ-ն հաջորդ տարվա բյուջեից նաև ֆինանսավորում է խնդրում երկու ավտոմեքենա ձեռք բերելու համար: Ի պատասխան Պավել Սաֆարյանը հայտարարեց. «Կքննարկենք. կամ կտանք, կամ չենք տա»: Սա հարուցեց պատգամավորների ծիծաղը, իսկ ՍԴ աշխատակազմի ղեկավարը նեղացած տեսք ընդունեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ