«Ի՞նչ տեսանկարահանման համար են միջոցներ հատկացվում կառավարությանը»,-այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Բյուջեի նախագծում նման տող կա: «Գաղտնալսումնե՞ր է անում կառավարությունը, դա ի՞նչ է»,- հարցրեց պատգամավորը:
Արագ միջամտեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով ընդհատեց պատգամավորին՝ նշելով, թե տեսանկարահանումը գաղտնի չի լինում: «Ո՞նց գաղտնի չի լինում: Պարոն Գաբրիելյան, արդարադատության նախարարը խանգարում է ինձ»,- Հրայր Թովմասյանին փորձեց սաստել Արծվիկ Մինասյանը:
Վաչե Գաբրիելյանը պարզաբանեց, որ տեսանկարահանումը անվտանգությունն ապահովելու համար է, քանի որ ի տարբերություն Ազգային ժողովի շենքի և նախագահական նստավայրի, կառավարության շենքն անմիջական հասանելիություն ունի, ուստի պետք է տեղադրված լինեն տեսահսկման համակարգեր: Ասաց նաեւ, որ կառավարության բոլոր մասնաշենքերում չորս կողմից ու միջանցքներում տեսահսկման սարքեր կան: «Ցավոք սրտի մենք չենք ձայնագրում, բայց եթե դուք դրա կարիքը զգում եք, մենք կարող ենք դա քննարկել»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Արծվիկ Մինասյանը շարունակեց պնդել, որ այդ աշխատանքի հետ կառավարության աշխատակազմը ոչ մի առնչություն չպետք է ունենա, դա անվտանգության ծառայությունների խնդիրն է. «Ի՞նչ է, կառավարությունում վարչության պե՞տն է նստելու ու հետևելու, թե ինչ է կատարվում կառավարության շենքի մոտ կամ միջանցքներում»:
Ի դեպ, Արծվիկ Մինասյանն իր տարակուսանքը հայտնեց նաեւ պարոն Գաբրիելյանի կողմից թվարկված մի շարք գործառույթների մասով, որոնք պետք է իրականացնի կառավարության աշխատակազմը: Նրա համոզմամբ՝ դրանք առավելապես գյուղնախարարության գործառույթներ են ու անհասկանալի է, թե ինչու դրանցով պատկան գերատեսչությունները չեն զբաղվում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ