Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյան. «Լատարեում հաղթելու համար պետք է գոնե տոմսն առնել»

Հոկտեմբեր 29,2013 11:17

«Եկող տարի Ձեր աշխատավարձը կտրուկ բարձրանալու է, ի՞նչ այլ միջոցառումներ պետք է իրականացնեք, ի՞նչ ջանքեր պիտի գործադրեք, որ այսօր չեք կարողանում անել`այս աշխատավարձի շրջանակներում»: Այս հարցն այսօր խորհրդարանում, մշտական հանձնաժողովներում 2014 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ուղղեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը`կառավարման ապարատի պահպանման ծախսերի ներկայացման ժամանակ:

Տիկին Փոստանջյանը նկատի ուներ կառավարության ներկայացրած եւ անցած քառօրյայում բուռն քննարկումների արժանացած բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակի մասին նախագիծը, որը հուլիսի 1-ից նախատեսում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի կտրուկ աճ:
Ի դեպ, եկող տարվա բյուջեով նախատեսված է, որ կառավարման ապարատի պահպանման ծախսերի համար 10,4 միլիարդ դրամ ավելի կտրամադրվի, որից 9 միլիարդն՝ աշխատավարձերի ֆոնդին:
«Ձեր ջանքերի արդյունքում կտրվի՞ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն, ով գնդապետ է, քսան տարի ապրում է Հայաստանում, բայց քաղաքացիություն չունի»,-շարունակեց Փոստանջյանը :
Վիգեն Սարգսյանն ասաց, որ որեւէ անձին քաղաքացիություն շնորհելու հարցը չի մտնում բյուջեի ծավալների մեջ, որ դա Սահմանադրական լիազորություն է, որը բացատրություն չի նախատեսում. դա բացարձակ իրավունք է, ու ինքը հանգիստ կարող էր շրջանցել հարցը: Բայց, այնուամենայնիվ, նկատեց, որ մերժում ստանալուց հետո Սեֆիլյանը չի վերադիմել`պատմելով հայտնի հումորը, որ «լատարեում հաղթելու համար պետք է գոնե տոմսն առնել»:
Ինչ մնում է իր աշխատավարձին վերաբերվող հարցին՝ Վիգեն Սարգսյանն ասաց. «Ես չեմ որոշում իմ աշխատավարձը, ԱԺ-ն է որոշում` կառավարության ներկայացրած սանդղակով»: Նա նկատեց, որ այդ ավելացումից իր լիազորությունները չեն ավելանալու, բայց օրենքն այն տեսքով, ինչպես որ բերվել է խորհրդարան, չի վերաբերվում միայն իր աշխատավարձին, վերաբերվում է 230 հազարից ավելի քաղաքացիների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանրապես, Փոստանջյանի մոտեցումից Վիգեն Սարգսյանը տարակուսեց`ասելով, որ ինքը չգիտե, թե ո՞ր աշխատավարձն ընդհանրապես կարող է կոմպենսացնել ընտանիքին օրերով, ժամերով չտեսնելը: Իսկ նման աշխատողներ, ըստ Սարգսյանի, Հայաստանում շատ կան: Բայց այն, որ Հայաստանում աշխատավարձերի բարձրացումը պետք է շարունակական լինի, Վիգեն Սարգսյանն այլընտրանք չի տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031