Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլիի հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության թեկնածու պարոն Գիորգի Մարգվելաշվիլիի համոզիչ հաղթանակի կապակցությամբ:
Վստահ եմ, որ այս հաղթանակը նշանակալից գործոն կհանդիսանա եղբայրական Վրաստանի հետագա զարգացման ու նրա ժողովրդի բարգավաճման համար: Այն նաև նոր էջ կբացի մեր երկկողմ համագործակցության համար, որը խարսխված է հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ավանդույթների վրա:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր հետագա գործունեության մեջ»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ