Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային բարեփոխումների վրա Մաքսային միություն մտնելը որեւէ ձեւով չի ազդի (տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2013 00:15

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը, ով կանգնած էր ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում, մասնակցում էր հոկտեմբերի 26-27-ին կազմակերպված սեմինարին՝ նվիրված հենց այդ բարեփոխումներին:

«Առավոտը» պարոն Արամյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալը կարող է ազդել կենսաթոշակային բարեփոխումների վրա, եւ եթե այո՝ ինչպե՞ս, հնարավո՞ր է, որ այս բարեփոխումից հետ կանգնենք: Հնչեց նաեւ հարց՝ արդյո՞ք ՄՄ-ին միանալը կարող է ազդել Հայաստանի դրամավարկային քաղաքականության վրա:

Պարոն Արամյանը շատ մանրամասն ներկայացրեց, թե ինչ է իրականում իրենից ներկայացնում Մաքսային միությունը, եւ ինչ մակարդակներով են երկրները իրար հետ համագործակցում՝ ցույց տալու համար, որ ՄՄ մյուս երկրների հետ նույն դրամավարկային քաղաքականությունն անելուց մենք դեռ շատ հեռու ենք:

«Որպեսզի իմանանք ինչ սպասել, նախ պետք է հասկանանք, թե ինչ է Մաքսային միությունը: Երբ երկրները համագործակցում են, իսկ Հայաստանը չի կարող չհամագործակցել, որովհետեւ ավտարկիա չի, փոքր տնտեսություն է, այդ համագործակցության զարգացման ընթացքում անցնում են ինտեգրման փուլեր: Ինտեգրման առաջին աստիճանը արտոնյալ առեւտուրն է, երբ սկսում ես մի փոքր ավելի զարգացնել հարաբերություններդ կոնկրետ երկրների հետ, իջեցնում ես մաքսադրույքներդ, այլ խաղի կանոններով ես շփվում այդ երկրի հետ, քան մյուսների: Երբ ավելի ես խորացնում հարաբերություններդ այդ երկրների հետ՝  գալիս ես ինտեգրման մեկ այլ մակարդկի՝ դա ազատ առեւտուրն է: Ազատ առեւտուրը նշանակում է, որ անմաքս առեւտուր ես իրականացնում այն երկրների հետ, ում հետ կնքել ես ազատ առեւտրի համաձայնագիր»:

Եվ ահա ազատ առեւտրի համաձայնագրից հետո նոր, եթե շատ ավելի խորացնես հարաբերություններդ կոնկրետ երկրների հետ՝ կհասնես երրորդ մակարդակին՝ Մաքսային միությանը: Այս մասին պարոն Արամյանը ասաց. «Պետությունը իր ունեցած լծակներով կարգավորվում է երեք տնտեսական քաղաքականություն՝ հարկաբյուջետային, դրամավարկային եւ առեւտրային: Մինչեւ հարաբերությունների զարգացման երրորդ փուլին հասնելը՝ այդ երեք գործիքները սուվերեն են, այսինքն՝ ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչպիսի հարկաբյուջետային, դրամավարկային կամ առեւտրային քաղաքականություն իրականացնի: Մտնելով որեւէ մաքսային միության մեջ՝ պետությունը հրաժարվում է գործիքներից մեկից՝ առեւտրային քաղաքականությունից, որը ղեկավարվում է մի ընդհանուր կետից՝ վերեւից, եւ նույնն է լինում բոլոր մասնակիցների համար: Մյուս երկու գործիքները մնում են պետությանը»:

Մաքսային միությունը բարով-խերով անելուց հետո, երբ ավելի ես ինտեգրվում այդ երկրների հետ, մարդկային հոսքերը, կապիտալ հոսքերը նույն մաքսային միության մեջ մտնողների համար ազատականացվում է, գալիս է ինտեգրման հինգերորդ մակարդակը. «Դա դրամային գոտու ստեղծումն է, ընդհանուր դրամավարկային քաղաքականության իրականացումը»: Պարոն Արամյանը նկատեց, որ չհաղթահարած երրորդ մակարդակը՝ Մաքսային միությունը, անիմաստ է անգամ մտածելը հինգերորդ մակարդակի մասին՝ պետությունները ինտեգրվում են քայլ առ քայլ: Եվ ահա այդ հինգերորդ մակարդակում, պետությունը զիջում է արդեն նաեւ երկրորդ գործիքը՝ դրամավարկային քաղաքականությունը: Պարոն Արամյանը օրինակ բերեց Եվրամիությունը, որտեղ չկան տնտեսական սահմաններ, կա ընդհանուր արժույթ՝ ԵՄ երկրները ինտեգրման հինգերորդ մակարդակի վրա են: Նրանցից յուրաքանչյուրը զոհել է իր առեւտրային, դրամավարկային քաղաքականությունները, սակայն պահել է երրորդ գործիքը՝ հարկաբյուջետայինը: Եվ վերջապես կա ինտեգրման վերջին՝ վեցերորդ փուլը. «Դա արդեն ամբողջական ինտեգրացիան է, երբ բոլոր երեք գործիքները կենտրոնից են ղեկավարվում»: Որպես այդպիսի ինտեգրացիայի օրինակ պարոն Արամյանը բերեց Միացյալ նահանգների օրինակը, որտեղ յուրաքանչյուր նահանգ կարծես պետություն է պետության մեջ, սակայն երեք տնտեսական գործիքները կենտրոնացված են:

Ինչ վերաբերվում է կենսաթոշակային համակարգին, ապա, ըստ Վարդան Արամյանի, ամեն երկիր իրենն է իրականացնում, եւ դա որեւէ ձեւով չի առնչվում երկրների ինտեգրման մակարդակին: Նա նշեց օրինակ Եվրամիության պարագան, երբ ԵՄ յուրաքանչյուր երկիր իր սեփական կենսաթոշակային համակարգն ունի: նույնը՝ Ռուսաստանի եւ Ղազախստանի դեպքում է. նրանք միացած են Մաքսային միության մեջ, սակայն տարբեր կենսաթոշակային համակարգեր ունեն:

Ի դեպ, պարոն Արամյանը նշեց նաեւ, որ դեռ բավականին ժամանակ է խլելու Մաքսային միությանը ինտեգրվելը, չնայած նրան, որ Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջինն է. «Մեր պոտենցիալը շատ ավելի բարձր է, մի քանի ինդեքսներով հայաստանը ԱՊՀ երկրներում առաջին տեղն է գրավում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031