Oրերս հրապարակումներից մեկում անդրադարձել էինք, որ Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն: Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը gnumner.am կայքից հրապարակել էր Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ մրցույթի երջանիկ շահողների ցանկը, որտեղ առավել շատ շահող կազմակերպություն գլխավորում էր «Գորեր» ՍՊԸ-ն:
Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ մեզ չէր հաջողվել զրուցել նյութն հրապարակելիս, խոստացել էինք նրա պարզաբանումը ներկայացնել, երբ նա վերադառնա Ֆրանսիայից: Նելսոն Ոսկանյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ ցանկացած կազմակերպություն կարող էր դիմել, հայտարարությունը բաց էր բոլորի համար, ոչ մեկի առաջ արգելք չի դրվել: « Հարգելիս, եթե Գորիսում միակ ասֆալտ անող կազմակերպությունը «Գորեր» ՍՊԸ-ն է, ուրիշ ասֆալտ անող չկա, ես էդ կազմակերպությանը չտա՞մ: Հայտարարությունները տեղադրված են gnumner.am կայքում, բոլորն իրավունք ունեն մասնակցելու: Էլի կան կազմակերպություններ, բայց չեն ուզում դիմեն, գումարը քիչ է դրա համար, թող գան դիմեն, ո՞վ է իրենց խանգարում, թող գան դիմեն, ո՞վ չի ուզում մասնակցեն: Այ, էդ ձեւի մանրակրկիտ բաների հետեւից ընկնելն ինձ համար ծիծաղելի է: Ուղղակի էդ հ/կ-ի տղան իր քաղաքական կարիքների համար նման ձեւակերպումներ է անում, սա այն կիլոգրամ հ/կ-ներից է, որ ուզում է կիլոգրամներով բաներ անել», – ասաց Գորիսի քաղաքապետը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ