Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Գյումրիում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը անցկացվող բրիտանական օրերի թեմայով:
Այդ օրերի շրջանակում մի քանի մշակութային միջոցառումներից զատ կհնչեն նաև ելույթներ, օրինակ՝ կհամեմատվեն մարդու իրավունքների ներկա վիճակը Հայաստանում և Բրիտանիայում, Հարավային Կովկասի Բրիտանիայի ռազմական կցորդը կներկայացնի իր դերը տարածաշրջանում ու նաև իր գործունեությունը Աֆղանստանում:
Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե Գյումրու հետ համագործակցությունը սահմանափակվելու է միայն մշակութային միջոցառումներո՞վ, մի՞թե հնարավոր չէ ստեղծել տնտեսական որևէ համագործակցություն: Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետը Գյումրիում ներդրումներ կատարողներին խոստացել է հողատարածք տրամադրել խորհրդանշական գումարով` 1 քառ մետրը` 1 դրամով:
«Այո, գործարարությունը մեզ համար առաջնահերթություն է, մենք դրա մասին մտածում ենք, բրիտանական ընկերությունների հետ միշտ խորհրդակցում ենք, փորձում են նրանց Հայաստան բերել, բայց դա մի բնագավառ է, որ ժամանակ է պահանջում, միանգամից հնարավոր չէ դա: Տեսել ենք տեխնոպարկը, մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ հեռանկար այն ունի և կկարողանա՞նք արդյոք բրիտանական ընկերությունների բերել այստեղ: Անկասկած մենք մեր ջանքերը կներդնեք, որ հետաքրքրություն առաջացնենք բրիտանական ընկերությունների մոտ նաև Գյումրի գալու: Այս պահին ստույգ ոչ մի բան չկա», -ասաց Ջոնաթան Էյվսը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ