Հայաստան եկած սիրիահայերի մեծ մասի համար «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ավտոմեքենաների ներմուծման ժամկետն արդեն ավարտվել է, մի մասինն էլ շուտով կավարտվի. այսինքն` բազմաթիվ սիրիահայերը, որոնք պատերազմի պատճառով իրենց մեքենաները թողել են Սիրիայում, ներկայումս չեն կարող դրանք բերել Հայաստան` «ժամանակավոր ներմուծմամբ»:
Սակայն, ՀՀ կառավարությունն ամենայն հավանականությամբ սիրիահայերին հնարավորություն կտա իրենց մեքենաները հասցնել Հայաստան «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով, որն, ըստ էության, արտոնություններ է նախատեսում. ասենք`ինչպես նշված է Մաքսային օրենսգրքում` Մաքսային այս ռեժիմի շրջանակներում՝ մաքսային վճարներ չեն գանձվում, բացառությամբ մաքսավճարի եւ սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ այլ վճարների:
Հոկտեմբերի 31-ին կառավարության` Գեղարքունիքի մարզում արտագնա նիստին կքննարկվի Սփյուռքի նախարարության առաջարկությունը սիրիահայերի համար «Ժամանակավոր ներմուծման» ժամկետը երկարացնել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստի օրակարգից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ