Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական «Առաջին ալիքը» կասկածի տակ է առել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին

Հոկտեմբեր 28,2013 21:25

Azatutyun.am․ Կրեմլի հետ իր կապերով հայտնի և պաշտոնական Մոսկվայի տեսակետը հանրությանը ներկայացնող ռուսաստանյան Առաջին ալիքի գլխավոր քաղաքական թողարկման ընթացքում հաղորդավարը, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության թեմային, նշեց, թե Երևանի ցանկությունը դառնալ միության անդամ, առաջիկայում ցանկություն էլ կմնա՝ «Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Խոսքը երեկ երեկոյան ռուսաստանյան Առաջին ալիքով հեռարձակված «Воскресное время» վերլուծական հաղորդման մասին է, որի հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան, մասնավորապես նշեց.- «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ` խոսակցությունը Մաքսային միության ընդլայնման շուրջ վերածվել է լարված քննարկման, քանի որ ի սկզբանե Մաքսային միությունն այն երկրների միությունն է, որոնք կատարում են միևնույն պարտավորությունները, և այդ պատճառով Հայաստանի միանալու ցանկությանը պատասխանել են, որ առաջիկայում դրանք այդպես էլ կմնան ցանկություններ՝ Ադրբեջանի հետ տարածքային չլուծված հարցի՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով»:

Այստեղ հարկ է հիշեցնել Եվրազեսի գագաթնաժողովից առաջ՝ Մինսկում հրավիրված ասուլիսի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը՝ Մաքսային միությանը Երևանի միանալու հարցի վերաբերյալ.- «Հայաստանը ունի չլուծված տարածքային խնդիր, նշանակում է Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն: Ինչպես հասկացա, Իլհամ Ալիևը իր ղազախ գործընկերոջն արդեն տվել է նման հարց: Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ»:

Այսօր դիմեցինք «Воскресное время» հաղորդման խմբագրություն՝ հրապարակված տեղեկության աղբյուրը հստակեցնելու խնդրանքով, սակայն այնտեղից որևէ պատասխան չստացվեց:

Կապվեցինք Երևանում Ռուսաստանի դեսպանատան հետ, թե ինչքանո՞վ են լուրջ ռուսաստանյան Առաջին ալիքի աղբյուրները և արդյոք Մինսկում հայաստանյան պատվիրակությանը ասվե՞լ է, որ առաջիկայում Երևանը չի կարող դառնալ միության անդամ: Դեսպանատան լրատվական ծառայությունից փոխանցեցին, թե չեն մեկնաբանում հեռուստաալիքի հաղորդումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովի վերաբերյալ տեղեկությունը հրապարակված է Հայաստանի նախագահի և այլ երկրների ղեկավարների պաշտոնական կայքէջերում և զետեղված է պաշտոնական փաստաթղթերում, ու դա է տեղեկատվության միակ պաշտոնական ու հավաստի աղբյուրը:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ Azatutyun.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031