Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Նուռ» երիտասարդ ստեղծագործողների համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփումը

Հոկտեմբեր 28,2013 20:52

Հոկտեմբերի 28-ին «Նուռ» երիտասարդ ստեղծագործողների առաջին համահայկական երիտասարդական մրցույթի ամփոփման ընթացքում մրցույթի 53 մասնակիցները ստացան շնորհակալագրեր, իսկ նրանցից 6-ը գրավեցին մրցանակային տեղեր. երրորդ տեղը գրավեց երեք մասնակից, երկրորդը` երկու և առաջինը` մեկը: Մրցանակների արժանացան անվանակարգերում հաղթող մասնակիցները: Մրցանակաբաշխության ընթացքում տեղի ունեցավ «Նուռ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որտեղ տեղ են գտել մրցույթի մասնակիցների ստեղծագործությունները:

Ami-3

Մրցույթը կազմակերպել է «Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպությունը` Երևանի գրողների միության, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Այն մեկնարկել է սույն թվականի օգոստոսի մեկին: Մրցույթին մասնակցել են 84 երիտասարդ բանաստեղծ ինչպես Հայաստանի հանրապետությունից, այնպես էլ սփյուռքից: Որոնցից ժյուրին ընտրել է 53-ին: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին` Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի գլխավորությամբ:

Մրցանակաբաշխության ընթացքում շնորհակալագրեր ստացան նաև մրցույթի աջակիցները` Երևանի գրողների միությունը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Սփյուռքահայ ուսանողների միությունը:

«Համահայկական երիտասարդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Կառլեն Խաչատրյանի խոսքերով ծրագիրը կարևոր նպատակ ունի` բացահայտել տաղանդավոր երիտասարդների, ովքեր ստեղծագործում են չափածո ոճում: Նա նաև հույս հայտնեց, որ մրցանակաբաշխությունը շարունակական է լինելու:

Երևանի գրողների միության նախագահը միջոցառումը անվանեց ստեղծագործական բերկրանք և հավաստիացրեց, որ ընթերցողը գիրքն կարդալուց հաճույք կստանա.

«Նյութերը, որ մեզ են հասել զարմացնում են իրենց հայրենասիրությամբ, ասելիքի թարմությամբ, ստեղծագործական ստատիկությամբ: Շատ զարմանալի է տեսնել, որ մեր ժամանակակից գրականություն մտնելու հայտ են ներկայացնում այսքան թվով տաղանդներ»:

Ami-2

Մրցույթի առաջին տեղը գրավեց Դավիթը Ասատրյանը, ով «Առավոտի» հետ զրույցում խոստովանեց, որ  սոցիալական ցանցերից պատահաբար իմացել է մրցույթի մասին, ուղարկել է 6 բանաստեղծություն` առանց որևէ սպասելիքի: Մրցութային բանաստեղծություններից Դավիթն առանձնացրեց իր «Լա’վ է լինելու» բանաստեղծությունը.

«Այն գրել եմ, երբ որ ազատամարտիկները հավաքվել էին և դժգոհում էին, բանաստեղծությունը իրենց է ուղղված: Եվ քանի որ հերոսները դարեր ժամանակներ չեն ճանաչում, իսկ իրենք իմ հերոսներն են, ես այդ պատճառով ինձ իրավունք եմ վերապահել իրենց «տղերքով» էլ դիմել»:

 

Հատված Դավիթ Ասատրյանի «Լա’վ է լինելու» բանաստեղծությունից.

Գիտեմ` ինչից եք այսքան խեղճացել

(Հաստատ դեռ շատ են հույսեր մորթվելու …)

Գիտեմ` ինչից եք այսպես համրացել,

Բայց հիշե’ք, տղե’րք, ԼԱ’Վ Է ԼԻՆԵԼՈՒ …

Ցավն է բույն դրել մեր սրտերից ներս.

Գիտեմ` շատերս չենք դիմանալու

(Գուցե առաջին ընկնողն եմ ես …)

Բայց մեկ է գիտեմ` ԼԱ’Վ Է ԼԻՆԵԼՈՒ …

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031