Այսօր լրագրողները Եվրամիության աջակցությամբ Գյումրու քաղաքացիական ակտերի գրանցման (զագսի) տարածքային բաժնում էլեկտրոնային համակարգը գործարկելու եկած Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ստացվո՞ւմ է մի կողմից մաքսային միություն մտնել, մյուս կողմից եվրոպական արժեքները ներդնել արդարադատության համակարգում:
«Իսկ ո՞վ ասաց, որ դրանք իրար բացառող են, իսկ ո՞վ ասաց, որ մաքսային միություն մտնելով` չպետք է անկախ դատական իշխանություն ունենաս կամ թվայնացած քաղաքացիական կացության ակտեր: Ինչ-որ մեկը նման բան է հայտարարե՞լ է Ձեզ, հա՞, ինչ-որ մեկը նման բա՞ն է հայտարարել, որ մաքսային միության անդամ դառնալով պետք է կոռումպացված դատարան ունենաս, պիտի թվայնացված զագս չունենաս, պիտի հետ վերադառնանք, որ իրավաբանական անձիք այսուհետ 10 օրում գրանցվեն, էդպիսի բան են ձեզ ասե՞լ…Դրանք իրար չբացառող բաներ են, դրանք սև ու սպիտակ չեն: Տնտեսական գոտին ու քո քաղաքական համակարգը, քո մատուցվող ծառայությունները, քո պետական համակարգի արդյունավետ աշխատանքը, անկախ դատական իշխանությունը սրանք տարբեր հարցեր են և իրար չբացառող հարցեր են», -ասաց նախարարը:
Ճշգրտող այն հարցին, թե նախարարը կո՞ղմ է Սերժ Սարգսյանի` մաքսային միություն մտնելու որոշմանը, պարոն Թովմասյանն ասաց, որ ինքը կառավարության անդամ է, և եթե հակառակը չի ասել, ուրեմն կողմ է: Արդարադատության նախարարին հարց ուղղվեց նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մտադրության մասին, որին ի պատասխան նա արձագանքեց այսպես. «Դատական համակարգում աշխատավարձերի բարձրացումը շատ փոքր է լինելու , աննշան է լինելու, որովհետև մի քանի տարի առաջ իրենց աշխատավարձը բարձրացվեց, և հիմնական փոփոխությունները կվերաբերվեն օրենսդիր և գործադիր իշխանություններին: Իսկ ես իմ աշխատավարձից որ դժգոհ լինեմ և իմ աշխատանքային պայմանները ինձ չբավարարեն, դիմում կգրեմ, դուրս կգամ»:
Փաստաբանների դժգոհությունների հետ կապված էլ Հրայր Թովմասյանն ասաց. «Փաստաբանների անկախությունը, փաստաբանների որակը մեր երկրի գլխավոր խնդիրներից մեկն է, ունենալ փաստաբան, որը ունի համապատասխան գիտելիքներ և հմտություններ, հետևողական է իր գործում, սա մեր դատական իշխանության կայացման գլխավոր գրավական է, և այդ հարցում իմ գլխավոր դաշնակիցներն են: Ունենալ փաստաբան, որը զբաղված է բացառապես կամ հիմնականում միջնորդություններով, չի տիրապետում, չունի գիտելիք, դրանք իմ թշնամիներն են, արդարադատության կայացման գլխավոր թշնամիներն են և պետք է փնտրել, գտնել օպտիմալ, արդյունավետ եղանակները, որոնք հնարավորություն կտան ունենալ անկախ փաստաբանական իշխանություն, էս բառը իրենց համար օգտագործեմ, ունենալ որակյալ փաստաբանական ինստիտուտ: Նրանց խոսքը վերաբերում է հաշվառում իրականացնելուն, որը ես արդեն հայտարարել եմ, կփոխանցենք փաստաբաններին, թող իրենք հաշվառումը կիրականացնեն»: Լրագրողների այն դիտարկմանը, թե ըստ փաստաբանների, փաստաբանական պալատը արդեն իսկ այդ գործառույթն իրականացնում է, ի՞նչ կարիք կա, որ մի հատ էլ արդարադատության նախարարությունը իրականացնի, Հրայր Թովմասյանը այսպես արձագանքեց.
Կարդացեք նաև
«Պարզ բան ասեմ, երբ որ փաստաբանը գնում է դատարան, իր հետ տանում է իր արտոնագիրը, որպեսզի դատավորին ցույց տա, որ ինքը տեսեք Հրայր Թովմասյանն է, փաստաբանական էս ինչ լիզենցիան ունի, մենք ասում ենք էդ համակարգը պետք է ներդաշնակվի բոլոր համակարգերի հետ, անհրաժեշտություն չկա քո էդ լիցենզիան, արտոնագիրը բոլոր տեղերում ման տաս, բավարար է դու գնաս էնտեղ, ասես ես Հրայր Թովմասյանն եմ, և դատարանը իր մոտ գրի` Հրայր Թովմասյան քո նկարով, քո արտոնագրի համարով ամբողջությամբ կբերի: Իսկ փաստաբանների լիցենզիան դադարեցնել, էդպիսի բան հնարավոր չէ, փաստաբանների լիցենզիան բացառապես դադարեցվում է դատական կարգով, և արդարադատության նախարարությունը որևէ մի առնչություն չունի, փաստաբանական պալատի համապատասխան հանձնաժողովի որոշմամբ է այդ ամբողջը կատարվում: Նախարարը փաստաբանների լիցենզիան դադարեցնելու հետ, որքան դուք առնչություն ունեք, էնքան էլ ես», -ասաց Հրայր Թովմասյանը:
Նախարարն իր ասուլիսի վերջում լրագրողներին խոստացավ. «Ես ձեզ պաշտոնապես հավաստիացնում եմ, 2-3 տարի հետո էն օդը, որ դուք շնչում եք, արդարության մասնաբաժինը մեծանալու է»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ